Սոս ՍԱՐԳՍՅԱՆ.

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱԶՄԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ...» 


 

- Գիտեմ, որ տևական ժամանակ հարցազրույցներ չեք տվել, առողջական խնդիրները խանգարել են: Բայց Սոս Սարգսյանի խոսքի կարիքը բոլորն են զգում, հանրությունն իսկապես կարոտ է իր մեծ մտավորականի խոսքին:

- Չէի ուզենա, որ էդպես սկսվեր մեր զրույցը: Հիմա երևի խոսքի կարիք ոչ ոք չի զգում: Առավել ևս` հայ մտավորականի, ում մի տեսակ մոռացել են: Թող հոռետեսական չլինի, բայց ասեմ, որ հայ մտավորականությունն իր տեղն է կորցրել ժողովրդի մեջ: Մինչդեռ համոզված եմ, ու էդպես է եղել միշտ, որ մտավորականը պիտի առաջնորդվի աշխարհի պատմությամբ և էդ պատմության մեջ պիտի կարևորի հոգևոր արժեքների ստեղծման, ազգային արժանապատվության պահպանման իր խնդիրը: Մեկ-մեկ հայացք եմ հառում մեր պատմությանը, մեր երեկին ու տեսնում եմ, որ մտավորականությունն է եղել հասարակական նախապատվությունների քարոզողը: Այսօր իրավիճակը, էդ առաքելությունը փոխվել են: Մտավորականության ձայնը լսելի չէ, որովհետև քսան-քսանհինգ տարի առաջ անկախության ճանապարհը բռնելով` ինքներս չպայքարեցինք անկախության համար: Այն մեզ տրվեց... Ու երբ պայքար չկա, երբ այդ պայքարի մեջ մտավորականի ձայնն ու տեղը չկա` նույն էդ մտավորականությունը կորցնում է ոչ միայն իր արժեքը, այլև ամեն ինչ անում են, որպեսզի անշիտակ ու հստակ միջոցներով լռեցնեն մտավորականությանը: Հիմա մեր մտավորականությունը լռության և ինքնապարփակման մեջ է: Դրա համար էլ` չգիտեմ, ի՞նչ եմ ասելու ու ինչո՞ւ եմ ասելու: Ու ինչ-որ մեկին պե՞տք է էն ամենը, որ ես մտածում եմ: Մտավորականը պիտի հրաժարվի իշխանավորի հետ փիլիսոփայելուց: Շատ ենք սիրում վերացական, աննյութական զրույցներ վարել: Մինչդեռ մտավորականն իշխանավորից հաշվետվություն պիտի պահանջի... Մտավորականը պիտի ձևավորի և զարգացնի հասարակական կարծիքը, որպեսզի նաև հասարակություն լինի, հասարակություն ձևավորվի:

- Թույլ տվեք չհամաձայնել Ձեր խռովքին, լռելու Ձեր որոշմանը: Ասացիք, որ բոլոր ժամանակներում, պատմության տարբեր հատվածներում մտավորականությունը պիտի կարևորի իր տեղն ու դառնա ազգային արժանապատվության պահպանողը: Հիմա շատ ենք խոսում արժեքների ոչնչացման, մեր նախկին ձեռքբերումներից հեռանալու մասին: Եթե Դուք չխոսեք, Ձեր ձայնը չհնչեցնեք, էլ ո՞վ է դա անելու:

- Մեր հասարակություն կոչվածը դարձել է բազմագլուխ մի հրեշ, որը միայն ու միայն մտածում է սպառողականության մասին: Դրա համար էլ ասում եմ, որ հասարակություն չունենք, հասարակության հիմքերը չենք կառուցել: Հասարակություն ասվածը շատ վեհ բան է, այն ազգի ու ժողովրդի հավաքականությունն է, որը հենվում է բարոյական, նյութական, հոգևոր արժեքների վրա: Ու նաև այս արժեքների ստեղծման մեջ մտավորականը նաև պիտի կրթի հասարակությանը, պիտի ամեն ինչ անի, որպեսզի կայանա հասարակությունը: Մեր մտավորականությունը, ցավոք, այդ հնարավորություններից զրկված է: Հայ մտավորականն էդ ամենն անելու ու նաև ստեղծագործելու, արարելու ժամանակ չունի. հոգեկան կեցության հետ կապված խնդիրներ ունի: Բայց նաև ասեմ, որ մեր մտավորականության մի զգալի մասն առաջնորդվում է խղճով, էն զգացողությամբ, որ չի կարող հեռու քաշվել էն ամենից, ինչն իր շուրջն է կատարվում… Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ: Խռովքս գալիս է հենց հասարակության չկայացվածությունից, էն բազմաթիվ խնդիրներից, որոնք էսօր եկել ու կանգնել են մեր առաջ: Հայրենասիրության պակասի խնդիրը, մեր հոգևոր արժեքների հանդեպ անտարբերության խնդիրը... Շատ են...

- Կարո՞ղ ենք հոգևոր արժեքների հանդեպ ձևավորված անտարբերության մեջ ներառել նաև Ձեր գլխավորած «Համազգային» թատրոնի շենքի կառուցման խնդիրը: Հիշենք, որ շարունակվում են տարբեր դիրքորոշումները, ոմանց դիմակայությունը` Մաշտոցի պողոտայի հարևանությամբ շենքի կառուցման հանդեպ:

- Խորհրդային տարիներին մեր երկրում թատրոնների համար շենքեր չեն կառուցվել: Գլխավորապես հարմարեցվել են, թատրոնը բերել ու տեղավորել են հաճախ էնպիսի շենքերում, որոնք որևէ կապ չունեին թատրոնական կառույցի ու նրա առանձնահատկությունների հետ: Քսան տարուց ավելի մեր թատրոնը մի տեղից մյուսն է թափառել` հիմա անգամ չունենալով իր շենքը: Ու հրաշալի առիթ է ստեղծվել` վերջապես թատրոնական շենք ունենալ. մեր պետությունն առաջին անգամ թատրոն կառուցելու որոշում է կայացրել: Երբ պետությունը հնարավորություն ու ցանկություն է ունենում թատրոն կառուցել, նշանակում է` կամաց-կամաց գալիս ենք դեպի մեր ազգային նկարագիրը, գալիս ենք դեպի ճշմարիտ հոգևորը: Նշանակում է նաև, որ աշխարհում մեր տեսակն ու տեղը հաստատելու կարևոր քայլերն ենք անում: Հիմա էլ ինչ-որ մարդիկ դեմ են դուրս եկել էս գաղափարին: Գուցե իրենք ճիշտ են, գուցե կան ինչ-որ ճարտարապետական պատկերացումներ, որոնք գուցեև արգելում են նշված տեղում թատրոնի շինարարությունը: Բայց դրանք ավելի զորավոր չեն, քան թատրոն ունենալու, Երևանի կարևորագույն հատվածներից մեկը թատրոնով իմաստավորելու գաղափարը: Մեր մայրաքաղաք եկողներին ինչքան էլ զարմացնենք բարձրահարկ շենքերով ու ռեստորաններով, մեկ է, ամեն մեկը պիտի փնտրի այն կարևոր հաստատությունները, որոնք մեր նկարագիրն ու էությունն են ներկայացնում, մեր մշակույթն են ներկայացնում: Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով: Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի: Բայց, իհարկե, թատրոն չենք կառուցում` միայն օտարներին ցույց տալու համար: Ազգը կրթելու լավագույն տեղերից մեկը թատրոնն է, ազգի քաղաքակրթության աստիճանը պիտի բարձրանա թատրոնով, մշակույթով, գրականությամբ...

- Տասնամյակներ շարունակ Դուք հենց մշակույթին եք ծառայել, կինոյում ու թատրոնում կերպարներ եք ստեղծել` առաջնորդվելով բարոյականության և գթասրտության դրույթներով: Ձեր ստեղծածով բացահայտել եք մարդու հանդեպ սիրո գաղտնիքը: Արդյո՞ք ավարտված եք համարում Ձեր ստեղծագործությունը:

- Ես հասել եմ մի տարիքի, որ, իսկապես, արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ, ինչին ձգտել եմ: Ասել, թե ինձ հաջողվել է ամեն ինչ անել` սխալ կլինի, որովհետև ստեղծագործությունն ինքնին անվերջ է, անհատակ ծովի է նման: Ստեղծագործությունը ներշնչանքի հետ է կապակցված: Իսկ ներշնչանքը երբեք չի ավարտվում... Հիմա հեռու եմ թատրոնում դերեր խաղալու գաղափարից, որովհետև բեմը ծերություն չի սիրում, հոգնածություն չի սիրում: Էդ տեսակ դերասանների նկատմամբ խղճահարություն է առաջանում, հանդիսատեսը սպասում է, թե նա երբ է հեռանալու բեմից: Ես հիմա ամեն ինչ անում եմ էն ջահելների համար, ովքեր թատրոն են եկել, դիմանում են ցածր աշխատավարձին, դժվարություններին: Զարմանալի ուժ կա նրանց մեջ, զարմանալի նվիրվածություն...

- Շատ եք կարևորում ջահելներին: Նրանք էլ, գիտեմ, Ձեզ շատ սիրում են, շատ հարգում: Թատրոնում բոլորը Ձեզ պապ են ասում...

- Բա պապ չեմ, ի՞նչ եմ... Դե, տարիքս պապի տարիքից էլ անցել ու մոտեցել է ապուպապի տարիքին... Ջահելությունը լավ բան է, առանց ջահելության` ազգ, պետություն ու ժողովուրդ չի կարող լինել: Մենք իսկապես շատ լավ ջահելություն ունենք: Չեմ ընդունում այն բոլոր տրտունջները, թե ջահելությունը լավը չէ, թե մեր նման չէ: Լավ է, որ մեր նման չէ, որովհետև ավելի առաջադեմ է, ավելի ազատ ու համարձակ է: Ժամանակը զգացող է, այդ ժամանակի մեջ սեփական ես-ը հաստատող է: Իհարկե, շատ խնդիրներ ունի ջահելությունը, կիսատ-պռատ տեղեր շատ կան, բայց ինձ ուրախացնում և ոգևորում է այն զարմանալի նվիրվածությունը, որն ունի էս ջահելությունը: Մենակ մնում է, որ մեր արժեքներին տեր դառնա, գուրգուրի և փայփայի մեր արժեքները: Իր արժեքները չիմացող ժողովուրդը միշտ էլ կարող է ոտքի տակ ընկնել, ոչնչանալ: Էսօր Եվրոպան այլասերվում ու ոչնչանում է, որովհետև շատերի գիտակցությունից դուրս է մնացել ազգայինի գաղափարը, իսկ մենք իրավունք չունենք տրվելու էդ հոռի բարքերին ու մտածողությանը: Մեզ պատմությունը նման շռայլությունների իրավունքը չի տվել: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ