Ո՞վ է նա...


 

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում բավական տհաճ և խայտառակ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել:

Ավանի Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տոնել էին 26-ամյա դստեր ծննդյան տարեդարձը: Ժամը 16.00-ից սկսված խնջույքը երկարել էր մինչև կեսգիշեր:

Ուրախ միջոցառմանը հրավիրված 11 մասնակիցների գնալուց հետո տնեցիները հայտնաբերել են, որ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ գտնվող խոշոր գումարն անհետացել է:

Տեղի ունեցածը 11 անհայտներով բարդ և դժվար լուծելի հավասարում է հիշեցնում: Տանտերերը կոնկրետ ոչ ոքի չեն կասկածում, բայց որ գումարը նրանց գնալուց հետո է անհետացել` փաստ է, քանզի միջոցառումը սկսվելուց առաջ ընտանեկան խորհուրդը գումարը պահել էր տան այդ գաղտնարանում:

Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է սկսել` պարզելու ոչ միայն այդ 11 մասնակիցների ինքնությունը, այլև թե նրանցից ով է կատարել հյուրընկալության տարրական կանոնները խաթարող այդ արարքը: