Աղետ` աղետի գոտում 


 

Նոյեմբերի 23-ին Լեռնանցք գյուղի մի բնակչից ոստիկանության Սպիտակի բաժնում դիմում է ստացվել, որ նույն գյուղի գյուղապետն իր պաշտոնեական դիրքը հանրության շահերին հակառակ է օգտագործել:

Տարիների ընթացքում համայնքի այն ընտանիքներից, որոնք երկրաշարժի հետևանքով տներ չեն կորցրել, ընդգրկել է երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրածների ցուցակներում և պետության կողմից նույն գյուղում կառուցված տներից հատկացրել բնակարաններ: Նամակագիրը նաև կոնկրետ օրինակներ է մատնանշել, որ գյուղապետն այդ ապօրինություններից բացի, կատարել է մի շարք այլ չարաշահումներ ևս` գյուղապետարանի աշխատակիցների կադրային նշանակումների, գյուղին հատկացված օգնությունների և այլ ծրագրերի շրջանակներում:

Ոստիկանները հետաքննություն են սկսել` պարզելու նամակում նշված մեղադրանքների իսկությունը: Եվ քանի որ գյուղապետին հանդիպելու որոնումներն ապարդյուն են անցել` ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: