Աղաղակող խայտառակություն 


 

Պարսիկ վարորդների հայաստանյան զվարճանքների և մեր ազգային նկարագրին խորթ ու անհարիր մի քանի աղաղակող փաստերի մասին

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Շորթման սպառնալիք` բաղնիքում նկարածը չհրապարակելու համար» վերնագրով հրապարակումից հետո, հրապարակման մեջ մատնանշված անձանց մասնակցությամբ բարոյականության նորմերը խարխլող մի շարք նոր փաստեր են ի հայտ եկել: Մենք ներկայացրել էինք, որ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցներին երկու կանանց վերաբերյալ հույժ ինտիմ և անձնական բնույթի մի տեղեկություն էր հայտնի դարձել: Վանաձոր քաղաքի բնակչուհի, 47-ամյա Հեղինե Ս.-ն ոստիկաններին պատմել էր, որ համաքաղաքացուհու` 41-ամյա Անժելա Ա.-ի հետ վերջերս մեկնել էր Սյունիքի մարզ: Կապան քաղաքի բաղնիքներից մեկում նա սեռական հարաբերություն էր ունեցել մի տղամարդու հետ, իսկ ընկերուհին հաջողացրել էր թվային տեսախցիկով նկարահանել տեղի ունեցածի ողջ մանրամասները: Վանաձոր վերադառնալուց հետո Անժելան փորձել էր շանտաժի ենթարկել ընկերուհուն` լռության դիմաց պահանջելով 100 դոլար կամ էլ` բաղնիքում նկարահանածը սոցիալական կայքերի միջոցով հրապարակել և խայտառակել նրան…

Եվ ահա հոդվածի լուսընծայումից մի քանի օր անց` նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի դատախազությունից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն է ստացվել, որ Կապան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արամայիս Հարությունյանը սեռական շահագործման է ենթարկել Վանաձորի բնակչուհիներ` 17-ամյա Անուշ Ա.-ին և նրա մորը` 41-ամյա Անժելա Ա.ին (մեր հերոսուհուն):

Նույն օրը ոստիկանները Անուշ Ա.-ին հրավիրել են բաժին: Նա հայտնել է, որ այս տարվա մայիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում իր ընկեր (ինչպիսի˜ ամոթ և խայտառակություն. փաստորեն, 17-ամյա աղջիկը 52 տարեկան ընկեր է պահել) Արամայիս Հարությունյանը Կապան քաղաքում, իրանական բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիում, իր մոր` Անժելա Ա.-ի և վերջինիս ընկերուհի, նույնպես Վանաձորի բնակչուհի, 47-ամյա Հեղինե Ս.-ի (մեր նախորդ հրապարակման մյուս հերոսուհին) նկատմամբ սպառնալիքներ և բռնություն գործադրելով` հարկադրել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ պարսիկ վարորդների հետ: Սա արդեն մեր ազգային նկարագրին խորթ և անհարիր փաստ է, անթույլատրելի և աղաղակող խայտառակություն: Եվ կարծում ենք` ոստիկանությունից բացի, նաև ազգային անվտանգության ծառայությունն անելիքներ ունի այս հարցում: Նա օրական իրենցից ստացել է վարորդների կողմից տրված 20.000-ական ՀՀ դրամները:

Նույն օրը ոստիկանության Վանաձորի բաժին է հրավիրվել նաև Անուշի մայրը` Անժելան, և նորանոր ամոթալի փաստեր են ի հայտ եկել. նա հայտնել է, որ իր ընկերուհի Հեղինե Ս.-ն, իրենից 200 դոլար «մաղարիչ» վերցնելով, ս/թ. օգոստոսի 5-ին իրեն և դստերը «հավաքագրել» և ուղարկել է Թուրքիա` իբր այնտեղի ֆաբրիկաներից մեկում ու խանութում աշխատելու համար: Թուրքիայում իրենց դիմավորել է Հեղինեի ոմն Յուսուֆ, սակայն իրենք այնտեղ ոչ թե աշխատել, այլ ենթարկվել են սեռական շահագործման:

Մորը և դստերը միայն երջանիկ պատահականությամբ է հաջողվել վերադառնալ հայրենիք: Վերադարձել են և ինչպես համոզվեցիք` դարձյալ մխրճվել անբարո վարքուբարքի ճահիճը…

Ոստիկանները ներկայումս միջոցառումներ են ձեռնարկում` Արամայիս Հարությունյանին և Հեղինե Ս.-ին հայտնաբերելու, ինչպես նաև ոմն Յուսուֆի անձը պարզելու ուղղութ յամբ: