ԱՐԴԵՆ` ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒՀԻ 


 

Հայ կանայք ցանկանում են ամենագործուն մասնակցությունն ունենալ առաջիկա նախագահական ընտրություններում: Ոչ միայն մասնակցել որպես ակտիվ քարոզիչներ կամ նախընտրական շտաբների ղեկավարներ, այլև առաջադրվել:

Արդեն գրել ենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստվում է առաջադրել Անուշ Սեդրակյանին: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև լրագրող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Սակայն առաջադրվելու հավանականությունը մեծ է, քանի որ նման պատասխանատու քայլի մասին հազիվ թե լրագրողն իրեն թույլ տար բարձրաձայնել:

Պարզվում է, որ նախագահի թեկնածուի դերում առաջադրվելու մեծ ցանկություն ունի նաև հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը, ով տևական ժամանակ պայքար է մղում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ…

Իհարկե, ապագա կին թեկնածուները շա˜տ հայտնի դեմքեր չեն, չեն կարող խոսել իրենց քաղաքական կամ պետության մեջ ունեցած իրենց վաստակի մասին, բայց նրանց առաջադրվելու ցանկությունը ողջունելի է: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ երեք կնոջ է հաջողվել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվել: Երկար ժամանակ մենաշնորհը պատկանում էր Հրանուշ Հակոբյանին, սակայն 2012-ին երկու կին` Մարինե Մարաբյանը և Կարինե Պողոսյանը կարողացան խորհրդարան գալ մեծամասնականով: Ճիշտ է, առաջինին օգնեց «Գրանդ Քենդին», իսկ Կարինե Պողոսյանին աջակցեց Հովիկ Աբրահամյանը, սակայն արդեն իսկ ընդլայնվում են պատկերացումները ընտրությունների ժողովրդավարացման մասին: Ուրեմն, հիմա էլ նախագահի կին թեկնածուները պիտի ջանան նոր ըմբռնումներ բերել` գուցեև դիմելով առավել հզորներին...