ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ


ԵՐԵԿ ազգովի ոգեկոչեցինք ուղիղ 10 տարի առաջ այդ օրը մեր երկրի խորհրդարանում իրականացված անագորույն ոճրագործության զոհերի հիշատակը: Մեծարեցինք անմեղ նահատակվածներին և կրկին ու կրկին նզովեցինք մարդասպան սրիկաներին: Թվում է, սակայն, որ նույնիսկ 10 տարի հետո էլ մենք իմաստություն չենք ունեցել ինքներս մեզ հարց տալու` ինչու՞ եղավ Հոկտեմբերի 27-ը: Այսօր էլ դեռ փնտրում ենք ոճրագործության իրական կամ երևակայական կազմակերպիչներ: Հակամարտ քաղաքական ուժերի ներկայացուցիչները թափանցիկ ակնարկներ են անում մեկը մյուսի հասցեին, իբր` պետության հիմքերը սասանած այդ զարհուրելի հանցագործության իրական կազմակերպիչները կարող էին միայն սրանք կամ նրանք լինել: Մեկը պնդում է, թե ոճրագործությունը ձեռնտու եղավ օրվա իշխանություններին, քանզի դրանից հետո նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը: Մյուսը համոզված է, որ հոկտեմբերի 27-ը 1998-ի փետրվարին իշխանությունից հեռացած ՀՀՇ-ականների «սարքածն» էր, նրանց վրեժի արտահայտությունը նախ և առաջ Սպարապետ Վազգեն Սարգսյանից: Որովհետև առանց Սպարապետի հզոր անհատականության` Լևոն Տեր-Պետրոսյանը կամովին հրաժարական չէր տա: Հետևաբար, միանգամայն տրամաբանական կլինի ենթադրել, որ երեկ Եռաբլուրում եղերահիշատակ Վազգեն Սարգսյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցող նախկին «երևելիներից» շատ-շատերը ամենից ավելի էին փափագում Սպարապետի մահը: Երրորդները փորձում են կասկածանքի թույնը հասցեագրել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որն իսկապես քաղաքական հալածանքների էր ենթարկվում Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, իսկ այդ իշխանության ամենահզոր հենարանը երկար տարիներ հենց Վազգեն Սարգսյանն էր: Չորրորդները համոզված են, որ ոճրագործների թիկունքում կանգնած էին մեր պետությունը ներսից կործանելու նպատակ հետապնդող դրսի ուժերը, նրանց հատուկ ծառայությունները: Բոլոր վարկածները գոյության իրավունք ունեն: Սակայն 10 տարի անց էլ մենք չենք հասկացել գլխավորը` հոկտեմբերի 27-ի հիմնական մեղավորը ատելության, մաղձի, թշնամանքի այն ուղղակի թունավոր մթնոլորտն էր, որ գոյություն ուներ այն ժամանակ և ավա¯ղ` շարունակվում է մինչև այսօր: Ցավոք, ատելությունը մեզանում դարձել է…քաղաքական կատեգորիա, մթագնել է ուղեղները, ժողովրդին երկփեղկել մեկը մյուսին բզկտելու պատրաստ զանգվածների: Հրեշավոր է, սակայն այսօր էլ կարող են հայտնվել ֆանատիկ մարդասպաններ, ովքեր, Աստված մի արասցե, կհանդգնեն ձեռք բարձրացնել մեր պետության ներկայիս ղեկավարների վրա: Որովհետև այն թշնամական քարոզչությունը, որ օրնիբուն տարվում է երկրի իշխանությունների դեմ` ավելի լավ բանի ակնկալիք չի թողնում: Նրանք, ովքեր տևականորեն ժողովրդական զանգվածներին ուղղակի կենդանական ատելություն են ներշնչում պետական իշխանության վերին հարթակներն զբաղեցնող անխտիր բոլոր գործիչների դեմ, չեն գիտակցում, որ դրանով նախապատրաստում են նոր հոկտեմբերի 27-եր: Երանի¯ թե իրենք իրենց ընդդիմադիր համարողների այդ անպարագիծ ատելության գոնե 1 տոկոսը հասցեագրված լիներ մեր պետության ու ժողովրդի իրական թշնամիների դեմ: Չկա° այդպիսի բան: Ադրբեջանի և Թուրքիայի այսօրվա ղեկավարների մասին մեր ընդդիմադիրները շատ ավելի հարգանքով են խոսում, քան` Հայաստանի ներկայիս ղեկավարների: Ավելին, ոմանց կենդանական բնազդներն այնքան են չափն անցել, որ հրապարակավ ուղղակի զուգահեռներ են անցկացնում ցեղասպան Թուրքիայի, թշնամական Ադրբեջանի և…այսօրվա Հայաստանի պետական գործիչների միջև: Որովհետև ո°չ Թուրքիայից, ո°չ Ադրբեջանից Հայաստանի իշխանությունը հափշտակելու ակնկալիք այդպիսիները չունեն: Մինչդեռ մերոնցից` ունե°ն: Այսինքն, մեր ընդդիմադիրների այսպես կոչված քաղաքակա¯ն գործունեության ներքին զսպանակը միայն և միմիայն երկրում իշխանությանը տիրանալու ձգտումն է, ուրիշ ոչինչ: Իրական ընդդիմադիր գործունեությունը այդ պաշտոնաբաղձ ձգտումների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Լինել ընդդիմադիր` չի նշանակում չարամտորեն նենգափոխել իշխանության յուրաքանչյուր քայլ, վարկաբեկել ու հեղինակազրկել նրան, ժողովրդական զանգվածներին թշնամացնել սեփական պետական իշխանության դեմ, առաջնորդվել երկիրը կառավարողներին ասպարեզից ամեն գնով հեռացնելու անմաքուր ձգտումներով: Ընդդիմության հիմնական խնդիրը իշխանության իրական սխալների վերհանումն ու մատնանշումն է, իշխանություն իրականացնողներին սխալներից զերծ պահելը, ընտրությունների ժամանակ նրանց տված խոստումների կատարումը պարտադրելու իմաստությունը: Մեր քաղաքական իրականության մեջ, ավա¯ղ, դրա հեռավոր նշույլներն անգամ չկան: Ինչպես որ 10 տարի առաջ Վազգեն Սարգսյանին մոլեգնորեն ատողներին թվում էր, թե նրան ասպարեզից վերացնելով` երկրի ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտը կվերանա, այնպես էլ այսօր ատելությունից կուրացածներին փորձում են համոզել, թե ներկա իշխանություններին «քշելով»` մեր բոլոր ազգային ու պետական խնդիրները ավելի լավ կլուծվեն: Ցավն այն է, որ ոչ ոք ինքն իրեն հարց չի տալիս` ովքե՞ր պիտի լուծեն: Նու՞յն մարդիկ, ովքեր երկրի անկախության առնվազն առաջին 8 տարիներին իրական դժոխքի էին վերածել մեր պետական ու հասարակական կյանքը, թշվառության վերջնասահմանին հասցրել հարյուր-հազարավորներին, սոցիալական անարդարությունների խորացումը, կառավարողների ամեն տեսակ կամայականությունները դարձրել պետական ու հասարակական կյանքի նորմ: Այդ հակապետական, հակաժողովրդական ու ազգադավ գործունեությունը ամբողջ 8 տարի իրականացնողներն այսօր փարիսեցիաբար արդարանում են, թե այն ժամանակ պատերա¯զմ էր, իրենք մեղավոր չէին, պատերազմն էր մեղավոր: Մինչդեռ պատերազմական իրավիճակը հակառակն էր պահանջում` պետության ու ժողովրդի բոլոր կարելիությունների մեկտեղում, ոչ թե ազգային հարստությունների փոշիացում ու համընդհանուր կողոպուտ: Ոչ ոք երեկվա կողոպտիչներին չի հարցնում` կարմիր կովը կաշին կփոխի՞: Դուք ուզում եք գալ նո՞ր կողոպուտ իրականացնելու, թե՞ իսկապես պետության «Ավգյան ախոռները» մաքրելու: Ու՞ր է երաշխիքը, որ է°լ ավելի մեծ «ախոռներ» չեք սարքելու: Կարելի՞ է կրկին հավատ ընծայել մեր նորանկախ պետության պատմության մեջ հավերժորեն իրենց խայտառակած քաղաքական ուժերին ու գործիչներին: Կարելի՞ է հավի հիշողությամբ կրկին գնալ մեկ անգամ արդեն մեզ աղետի հասցրածների ետևից: Եվ վերջապես, կարելի՞ է կրկին ատելությունը դարձնել հասարակական կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտները թափանցած ՉԱՐԻՔ: Վանե°նք այդ չարիքը մեզնից, եթե չենք ուզում տեսնել նոր հոկտեմբերի 27-եր…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ