Ո՞ւմ նյարդերն են ավելի ամուր


Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը հաջորդած և երկու երկրների խորհրդարաններում դրանց վավերացմանը նախորդած ժամանակահատ վածը տարիներ անց պատմաբանները գուցե կանվանեն կողմերի նյարդերի փորձարկման շրջան: Այդ փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո թուրքական կողմը շտապեց դրանց բովանդակությունը մեկնաբանել` ելնելով ի°ր միակողմանի շահերից: Եվ եթե Թուրքիան այդպիսով նպատակ ուներ վարչապետ Էրդողանի և արտգործնախարար Դավութօղլու` միմյանց հաջորդող հայտարարություններով խաղալ հայկական կողմի նյարդերի հետ, ապա կարելի է ասել, որ դա նրան հաջողվեց… բայց մասամբ: Հայաստանում խայծը կուլ տվեցին ընդդիմության որոշ շրջանակներում: Մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ մինչ հիշյալ այդ արձանագրությունների առնչությամբ արված հայտարարություններում կուժն ու կուլան ջարդում էր արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի գլխին` պահանջելով նրա հրաժարականը, ապա Թուրքիայի խորհրդարանում ստորագրված արձանագրությունները արտգործնախարար Դավութօղլուի ներկայացնելուց և մեկնաբանելուց հետո, ՀՅ Դաշնակցության առաջին դեմքերի խոսքում արդեն նոր նրբերանգներ ի հայտ եկան: Նրանք սկսեցին խոսել նաև ընդհանրապես իշխանափոխության, Հանրապետության նախագահի հրաժարականը պահանջելու հնարավորության մասին: Ընդդիմության մյուս բևեռի` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն առաջարկեց Թուրքիայի` 301 հոդվածին համարժեք օրենք ընդունել` որևէ տեղ Հայոց Ցեղասպանության հարցի քննարկմանը մասնակցելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Ըստ Դ. Շահնազարյանի, թուրքերը պատմաբանների ենթահանձնաժողովում չեն կարող անաչառ քննարկում սկսել Հայոց ցեղասպանության շուրջ և ժխտողական դիրքորոշում չունենալ, քանի որ հակառակ պարագայում նրանց 301 հոդվածի պահանջով քրեական պատասխանատվություն կսպառնա: Դ. Շահնազարյանի` խելամիտ թվացող այս առաջարկն ընդունելն իրականում կնշանակեր հայ-թուրքա կան հարաբերությունները կարգավորելու գործընթացից հայկական կողմի կտրուկ շեղում: Կնշանակեր, որ Հայաստանը նոր սկսվող ու փխրուն գործընթացի հենց սկզբից առճակատման է գնում Թուրքիայի հետ` անհաճո այլ հետևանքների թվում նաև միջազգային ասպարեզում անկանխատեսելի ու անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելով: Դավութօղլուն արձանագրությունները խորհրդարանում միակողմանիորեն մեկնաբանելուց հետո շտապում է Բաքու` Թուրքիայի նեղացած կրտսեր եղբոր խաթրն առնելու: Նա չի մոռանում դարձյալ հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու, հայ-թուրքական սահմանը բացելը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու մասին: Դավութօղլու այս հայտարարությունները, հարկավ, ոգևորած կլինեն ադրբեջանցիներին, մանավանդ` նա իր հավաստիացումները զարդարել էր եղբայրական սիրո զգայացունց խոսքերով, ասելով, թե Ադրբեջանի դրոշի կիսալուսինը նույնքան թանկ է իրենց համար, որքան Թուրքիայի դրոշին պատկերվածը: Այս իրադարձությունների համատեքստում կարող է առաջին հայացքից տպավորություն ստեղծվել, թե, իրոք, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով և Հայաստանի նախագահի` Բուրսա այցելելու արդյունքում Թուրքիան հասավ իր նպատակին, ինչին ձգտում էր շուրջ 100 տարի, իսկ Հայաստանը կորցրեց: Մեր ներքաղաքական դաշտում առկա գործիչներից ոմանց կարծիքով, խնդրո առարկա արձանագրությունները Ղարաբաղի 7 շրջանների հանձնման նախերգանքն են: Սակայն այս տպավորությունը շատ խաբուսիկ է և հեշտությամբ հօդս է ցնդում` իրերի խորքն իրենց բոլոր մանրամասներով դիտարկելու պարագայում: Իսկ նման դեպքում դժվար չէ նկատել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտվելու մեծ հավանականություն ունի, եթե ապահովվի բոլոր հիմնական խաղացողների շահերի համադրությունը: Խնդիրն այն է, որ ուժային կենտրոնները միակածիք են Հարավային Կովկասում խաղաղություն, բաց սահմաններով ընդհանուր համագործակցություն հաստատելու հարցում: Բացի այդ, Թուրքիայի համար այսօր շատ ավելի կարևոր է Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելը, քան Ադրբեջանի շահերը սպասարկելը: Իսկ ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման հարցում ստանձնել է կարևոր դերակատարություն: Եվ ինչպես հուշում են Վաշինգտոնում վերջին զարգացումները, մեր տարածաշրջանում Հայաստանը սկսել է կարևորվել Սպիտակ տան համար: Մինչ Դավութօղլուն եղբայրական սիրո ու հավատարմության խոստումներ էր շռայլում Բաքվում, նույն ժամանակահատվածում օվկիանոսից այն կողմ տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք հազիվ թե համապատասխանեին Թուրքիայի նկրտումներին: Ինչպես տեղեկացնում են էլեկտրոնային լրատվամիջոցները, ԱՄՆ կոնգրեսում ավելացել են Հայոց ցեղասպանության ընդունման կողմնակիցները, իսկ Սենատը պատրաստվում է քննարկել այդ հարցը: Այսինքն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում պնդումները, որ հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին կետ ներառելը բացասաբար է ազդել Հայոց ցեղասպանութ յան միջազգային ճանաչման գործընթացի վրա: Նաև, ամերիկացիները բացասաբար են արտահայտվել թուրքերի այն պնդումների առնչությամբ, թե Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորված է ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթաց արձանագրելու ձգտմամբ: Իսկապես, այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտել է մի փուլ, երբ կողմերի նյարդերի ամրությունն է փորձարկվում: Ո՞ւմ նյարդերը տեղի կտան. իր ծրագրերի իրականացմանը համբերությամբ հետամուտ Հայաստանի՞, թե՞ անընդհատ սադրիչ հայտարարություններով հանդես եկող Թուրքիայի՞: Արդյո՞ք նման հայտարարությունները հենց մոտալուտ պարտության զգացողության արտահայտություն չեն…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ