ՀԱ՞ ՈՐ...


ԱԶԳԱՅԻՆ ժողովի ոչ լիարժեք գործունեությունը բավական օրինաչափ դրսևորումների է հանգեցնում նաև օրենսդիրի պատերից դուրս: Պոտենցիալ պատգամավորացու ների շրջանում նույնպես խորհրդարանում հայտնվելու հավակնությունները զգալիորեն նվազել են: Համենայն դեպս, դեկտեմբերի 6-ին մի քանի ընտրատեղամասերում մեծամասնական ընտրակարգով անցկացվելիք քվեարկությանը մասնակցելու համար մեկական թեկնածուներ են առաջադրվել: Եթե այսպես շարունակվի, միգուցե դեռ ԿԸՀ-ն պետք է շնորհակալ լինի թափուր տեղերը զբաղեցնել պատրաստվող մինուճարներին` իրենց մասնակցությամբ ընտրական գործընթացի տապալումը կանխելու համար: Նույնիսկ մինուճարներին խրախուսելու մասին կարելի է մտածել, քանի որ եթե հանկարծ վերջիններս ինքնաբացարկ հայտարարեն… Բայցևայնպես, եթե չկա ընտրության իրական հնարավորություն, և դեկտեմբերի 6-ին մարդիկ ընտրատարածքներ պետք է գնան միմիայն առաջադրված թեկնածուի նոր պաշտոնը վավերացնելու համար, ուրեմն որակյալ խորհրդարանի մասին խոսելը կամ թե նոր պատգամավորների Ազգային ժողովի գործունեությանը հաղորդելիք թարմ լիցքերի մասին հույսերն ավելորդ են: Ավելին, չի բացառվում, որ նրանց, ում ներկայությունը խորհրդարանում հենց իրենց է օդ ու ջրի պես անհրաժեշտ, արդեն իսկ հաջողվել է տեղ զբաղեցնել օրենսդիրում: Հետևաբար մանդատի համար գլուխ ջարդելու անհրաժեշտություն ակնհայտորեն այլևս չկա, «լիմիտը» սպառվել է: ԵՎ ԻՐՈՔ, ի՞նչ պետք է փոխեն երկու-երեք նոր պատգամավորները, երբ նրանց գործունեությունը, ովքեր խորհրդարանում լինելու տևական ստաժ ունեն, բավական անմխիթար գնահատականների են արժանանում: Կարծեք թե, հավելումն սպասվող «մրցապայքարի», մի խումբ փորձագետներ նախօրեին հրապարակել են օրենսդիրի գործունեության իրենց ուսումնասիրությունը, որտեղ չափազանց ուշագրավ իրողություններ են բացահայտվել: Պարզվել է ասենք, որ հայրենի օրենսդիրների մի մասն իրենց ելույթներում կոնկրետ հարցերի վերաբերյալ հնչեցնում է մի տեսակետ, սակայն քվեարկության ժամանակ բոլորովին հակառակ դիրքորոշման օգտին է արտահայտվում: Մեր երեսփոխանների նախընտրական-ծրագրային խոստումներն ուսումնասիրելիս նույնպես ոչ պակաս հակասական պատկեր է արձանագրվել: Եվ հետաքրքիր է, որ շատերի ծրագրային խոստումները ոչ թե նույն քվեարկությունների արդյունքում մերժվել են, այլ ընտրվելուց հետո վերջիններս անգամ հարկ չեն համարել դրանց անդրադառնալ: Ահա թե ինչու է հանրությունը ոչ միայն պատգամավորացուներին, այլ նաև նրանց ծրագրերին, հաճախ հնարովի կենսագրություններին ու բարություն ճառագող լուսանկարներին այդչափ թերահավատորեն վերաբերվում: ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁ, լավատես լինենք: Խոստովանեք, որ ոմանց նույնիսկ թվացել է, թե մեր պատգամավորները ոչ թե սովորական մահկանացուներ են, այլ երկրային հրեշտակներ: Այդքան խոստում, որ նրանք են տալիս, իսկի նախագահի թեկնածուները չեն համարձակվի շռայլել: Ու հենց այստեղ էլ համոզված կերպով արժե պաշտպանել ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուներ ունենալու արդեն գործի դրված ծրագիրը: Չէ՞ որ եթե չկա մրցակցություն, ուրեմն չկա նաև ավելի շատ ու ճոխ խոստումների կարիք: Հետևաբար կարելի է կենտրոնանալ մի քանի համեստ և, որ ավելի կարևոր է, սեփական հնարավորությունների շրջանակում տեղավորվող քարոզաերդումների վրա ու դրանով իսկ խուսափել նման անհեթեթ իրավիճակներից: Եվ իզուր են ասում, թե ցանկացած ընտրության որքան շատ թեկնածուներ առաջադրվեն, այնքան ընտրություն կատարելու հնարավորությունը մեծ կլինի: