Կարեն Դեմիրճյանը և Խորենացու «Հայոց պատմությունը»


Հերթական այցելությունս «Կարեն Դեմիրճյանի» տուն-թանգարան այս անգամ պայմանավորված էր այդ ողբերգության տխուր տասնամյակի առիթով իմ գրած «ՑԱՍՄՈՒՆՔ» -ի ընթերցմամբ, որը ոչ միայն արժանացավ տիկին Ռիմա Դեմիրճյանի և ընտանիքի բարեկամ, դեմիրճյանական մասունքների անխոնջ մշակ, իսկ ինձ համար նաև Վարդգես-«ԳԱՐՈՒՆ»-ական մտերմիկ ժամանակակից` Լիլիկի հավանությանը, այլև առաջարկ եղավ իմ դեմիրճյանական տաքուկ հուշերի որոշ հատվածներ հանձնել թանգարանին` դրանք ՄԵԾԻՆ նվիրված հերթական հատորում զետեղելու համար: Շոյված այդ պատվաբեր առաջարկից, ցանկություն հայտնեցի, հանձնելուց առաջ դրանցից մի ծվեն, այս տխուր տարելիցի առիթով, հրատարակել իմ լրագրողական բնօրրան` սիրելի «ԱՎԱՆԳԱՐԴ»-ում, ինչին նրանք սիրով համաձայնեցին… ...Կարեն Դեմիրճյանի դասընկեր, այդ տարիների մեր լուսավորության բանիմաց ու ազնվազարմ նախարար Սեմյոն Հախումյանի և մեր` Խորհրդային կուսշրջկոմի առաջին քարտուղար Պավել Սաֆյանի հետ խորհրդակցելով, ԱՆՀԱՄԵՍՏ չգտանք, իր ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ արդեն Միութենական (մասամբ նաև միջազգային) ճանաչման արժանացած (հատկապես նորանշանակ ուսուցիչների ԱԴԱՊՏԱՑՄԱՆ փորձը) մեր դպրոցի (Երևանի թիվ 143, որն ուզում էինք անվանակոչել) տասնամյակի պատվին (1979 թիվ), դրա բակում տեղադրել` մեր ցանկությանը համահունչ մի հուշարձան: Իմ մտահղացմամբ ու նախագծով, շրջսովետի թույլտվությամբ ու ֆինանսավորմամբ, ճանաչված քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանին պատվիրվեց այն կյանքի կոչել: Կարճ ժամանակ անց դպրոցի բակում վեր խոյացավ իր տեսակի մեջ առ այսօր ԵԶԱԿԻ` Պատմահայր Մովսես Խորենացու անմահ «Հայոց պատմության» հուշարձանը (տե°ս նկարը), որն ինքնին արդեն ազգասիրության և աճող սերնդին հայեցի կրթելու ու դաստիարակելու հզոր խթանիչ էր, սակայն անհարիր լենինյան դարի չգրված օրենքներին... Այդպես էլ եղավ: Չնայած ամեն ինչ իր թույլատրվածության հունի մեջ էր, սակայն հուշարձանի հենց բացման օրը (10.10.1979թ.) ճայթեց մի «վոլյունտարիստական» ամպրոպ... ՀԿԿ Կենտկոմի գաղափարական բաժինը (վարիչ` Յաշա Խաչիկյան, հրահրիչ-հրահանգիչ` ժորա Հարությունյան («ԼՈԲԻ ԺՈՌ»), ոչ միայն արգելվեց հոբելյանի նշումը, այլև համապատասխան տեխնիկայի միջոցով ցանկացավ «դեմոնտաժել» հուշարձանը` հարուցելով արդեն դպրոցի շրջանակներից դուրս եկած զանգվածային բուռն ցասում (ամբարձիչը գլորվեց փոսը)... Միայն միջոցառմանը հրավիրված դպրոցի բարեկամ մի խումբ հայ կարկառուն մտավորականների ջանքերի շնորհիվ (ակադեմիկոս Ծատուր Աղամյան, քանդակագործ Արա Հարությունյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Սերո Խանզադյան, Վարդգես Պետրոսյան...) հաջողվեց ոչ միայն մեղմել այդ ցասումը, այլև` Սերո Խանզադյանի ու Վարդգեսի նախաձեռնությամբ անմիջապես կապվել այդ ժամանակ Մոսկվայում գտնվող ՀԿԿ Կենտկոմի ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ Կարեն Դեմիրճյանի հետ և նրա` դեմիրճյանավայել կտրուկ միջամտության շնորհիվ կանխել այդ վանդալիզմը: Թե° հուշարձանը մնաց իր տեղում, և թե° հոբելյանը նշվեց` հավուր պատշաճի: Դրանից հետո էր` նա արդեն մի առիթով Գառնիից վերադառնալիս, Վարդգեսի առաջարկով, ուշ ժամի այցելել-տեսել ու հավանել էր հուշարձանը` կատակելով, թե հանուն դրա տեղին էր ժամանակին որոշ մարդկանց` իրենց ականջների տեղը հիշեցնելը... Նա ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ հոգատարությամբ շրջապատեց դպրոցը և դեմիրճյանավայել գործուն քայլերով ու հետևողականությամբ նպաստեց իրականացնելու այնպիսի ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳՐԵՐ, որոնց հետագայում անդրադարձած որոշ հայտնի լրագրողներ (Ստելլա Մաթևոսյան, Վալտեր Այդինյան, Շաքե Վարսյան, Վալերի Հարությունյան, Վահագն Մուղնեցյան) նույնիսկ փոքր-ինչ չափազանցումով, դրանք որակեցին` «դարակազմիկ»... Դպրոցում բացվեց Միության մեջ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԵՆՏՐՈՆԸ և դեմիրճյանանվեր 8 համակարգիչներով սկսեց գործել համապատասխան կաբինետը, որոնք հիրավի իրենց նախադեպը չունեցող երևույթներ էին... Հաջորդ երկու նվաճումները «նացիոնալիստական» բնույթի էին, ինչի համար Մոսկվան իմ իզն ու թոզը քամուն կտար, եթե ճիշտ ժամանակին` հենց Հայաստանի ուսուցիչների համագումարում, Կարեն Սերոբովիչը, իր հերթական փայլուն ելույթում, դրանք չարժանացներ հատուկ գովասանքի, դրսևորելով իրեն յուրահատուկ ինտելեկտ ու պետական մտածողություն: ...Խոսքը առաջին դասարանի ուսումնական պլանից «Ռուսաց լեզուն» որպես առարկա, իմ «ինքնագլուխ» հանելն էր (Հանուն մայրենիի անխառնուրդ թագադրման և ի հեճուկս ազգային պատմությունները լոկ 8-րդ դասարանից անցնելու մոսկովյան դիկտատի, այն մեր դպրոցում` 5-րդ դասարանից սկսելը, ինչը ՍՍՀՄ Լուսավորության նախարարության Հայաստանի գծով տեսուչ Նևսկուն կատաղեցրել էր այն աստիճանի, որ նա նույնիսկ առաջարկել էր ինձանից ետ վերցնել «ՍՍՀՄ ժողկրթության գերազանցիկի» կոչումը... Կարեն Սերոբիչն իր ելույթում ասաց. «Ինչ վերաբերում է «Հայոց պատմության» դասավանդումը 5-րդ դասարանից սկսելու Սեդրակյանի նախաձեռնությանը և այն, ցավոք, «ազգայնական» պիտակավորելուն, ապա ես կհամաձայնեմ դրան միայն մի դեպքում, եթե Նևսկին և նրա նմանները կարողանան ապացուցել, որ հայ ժողովուրդը դուրս է այն «հին աշխարհից», որի պատմությունն ինչքան գիտեմ, Միության բոլոր դպրոցներում սկսվում է դասավանդ վել հենց 5-րդ դասարանից: Եվ պետք է հպարտանալ, որ մեր հզոր հայրենիքի սուվերեն անդամներից մեկն իր այսօրվա շռնդալից ներկայի կողքին ունի նաև այնպիսի հարուստ հնագույն անցյալ, որն արժանի է նման բացառության…»: Դահլիճը փոթորկվեց ոչ միայն որոտընդոստ, այլև ՈՐՈՏԸՄԲՈՍՏ ծափերով և «ջախջախված» Նևսկին դուրս եկավ դահլիճից` ծխելու պատրվակով... Այսպիսի ակորդով էլ ավարտվեց իմ այցն արդեն սրբավայր դարձած այդ տուն-թանգարան, և հրաժեշտիս հայացքը մի պահ կանգ առավ այդ երկու բարեկիրթ կանանց, ավա¯ղ, նաև անանց վշտով պարուրված դեմքերին, որոնք նույնչափ դարձյալ գեղեցիկ էին, հմայիչ ու հավերժ կանացի... Վերջում ուզում էի ասել... սփոփվեք արժանի հոր, արժանի զավակներով ու հատկապես ՍՏԵՓԱՆԻՆ կամենալով ԱՌԱՎԵԼ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ, սակայն չասացի, որովհետև նրանք դրա մեջ էին ու դրանով լեցուն: