ՏՈՆ ՕՋԱԽԻ ՍԻՐՈ Կանաչապատ քաղաք` համախումբ ժողովրդով


Ամեն բնակավայր իր դիմագիծն ունի, որն ամենապերճախոս պատմիչն է նրա օրինական տերերի բնավորության, կենցաղավարման և, ամենակարևորը` սիրո ու նվիրվածության չափի: Աբովյան քաղաքին այս առումով` բախտը հաստա°տ ժպտացել է: Համենայն դեպս` վերջին տասնամյակում: Առհավատչյան` աբովյանցու հավատն է իր ընտրյալ ների հանդեպ, վստահությունը` որ ինքը մենակ չէ սեփական հոգսերի մեջ և հայրենի ոստանով պարծենալու արժանապատվությունը: 46 տարի հիմնադրված քաղաքը բարի ավանդույթներ ունի, որոնց պահպանմամբ էլ Աբովյանն իսկապես ջերմիկ օջախ է հիշեցնում: Քաղաքի ղեկավարի փոփոխությունն անգամ ոչինչ չփոխեց ինքնակառավարման մարմնի որդեգրած սկզբունքներում, համերկրացիներին խանդավառելու ու նրանց հավատի կանթեղը միշտ վառ պահելու գործելակերպում: Իսկ մարդկանց տոն նվիրելու ավանդույթը նրանց հանդեպ ցուցաբերվող ուշադրության լավագույն արտահայտություններից է: Այդօր վերստին տոնական հանդերձով էր զուգվել քաղաքը. եռակի տոն էր բոլորի համար, ու նույնիսկ այստեղ ժամանած հյուրերն իրենց այդ ընտանիքի անդամ էին զգում: Հայ մեծանուն գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյա հոբելյանին, նրա անունը կրող ոստանի գոյության 46-րդ աշնանը յուրօրինակ շուք էր հաղորդում քաղաքի մուտքն ազդարարող նորակերտ կոթողի բացման արարողությունը: Երիտասարդ քաղաքապետ Կարո ԳՈՒԼՈՅԱՆԸ սրտացավ տանտիրոջ հոգածությամբ իսկապես բազմապատկել էր տոնի խորհուրդը. արված էր ամեն ինչ, որպեսզի ոչ մեկն անտարբեր չմնա, ըմբոշխնի պահի վայելքը և թոթափի առտնին հոգսերը: Նույնիսկ մանկահասակ աբովյանցիներն անհամբերությամբ էին սպասում այդ օրվան. մանկական զբոսայգին` նորոգ ու բազմազան խաղային ատրակցիոններով, անփոխարինելի նվեր էր «մեր լավ գալիքի ոսկեհեր մանուկ»-ների համար: Դե, իսկ քաղաքային մարզադաշտում շարունակվող տոնախմբությունը ոչ միայն գագաթնակետն էր խնամքով հղացված շուք ու աշխույժի, այլև` նույնպես ավանդույթ դարձած վիճակահանության: Ինչպես ասում են` հաճելին` օգտակարի հետ. սպասումի սրտատրոփ ու հետո բազմաթիվ երջանիկներ կենցաղային օգտակար իրերով` այդ թվում և սառնարաններով, հեռուստացույցներով են տուն գնում: Եվ ինչպես ամեն անգամ, այս տոնը նույնպես մեկ աբովյանցու ավտոմեքենատեր դարձրեց` վիճակահանության մյուս մասնակիցներին զինելով նոր հույսով` որ հաջորդ անգամներին բախտն իրենց էլ կժպտա: Իսկ ճանաչված երգիչ-երգչուհիների կենդանի կատարումները, ճոխ հրավառությունն ասես առավել ամբողջական դարձրին տոնական տրամադրությունը: Աբովյանը միշտ այսպիսին տեսնել է ուզում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱՕԿ կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ: Եվ քաղաքի տոնը նրան անտարբեր թողնել չէր կարող: Մեզ հետ զրուցող քաղաքացիները վստահ էին, որ իրենց համար արվող բոլոր բարի գործերում իր մեծ ավանդն ունի Գ. Ծառուկյանը` արդեն քանի¯ տարի: Այստեղ չբնակվելով հանդերձ, նա նույնքան նախանձախնդիր է քաղաքի բարգավաճմամբ, բնակչության բարեկեցությամբ` որքան այնտեղ ապրող ամեն ոք, որքան` իր հարազատ օջախի շենացումը պատվի ու արժանապատվության հրամայական համարող ամեն տանտեր: Գիտե, որ հավատում են իրեն ու նրանց հանդեպ իր սերն արտահայտելու առիթներ գտնում է միշտ: - Մենք անում ու անելու ենք հնարավորինը, որպեսզի տարեցտարի գեղեցկանա մեր քաղաքը և հարատևի համախումբ, որպես մեկ ընտանիք ապրող իր ժողովրդով` հոյակապ այս մարդկանցով: Խնդիրները շատ են, բայց աստիճանաբար կարողանում ենք դրանց լուծումները գտնել. պայմաններ ստեղծել, բարելավել մեր սիրելի աբովյանցիների կենսակերպը, որպեսզի սիրեն իրենց քաղաքը: Նա կարևորում է նորաբաց կոթողի խորհուրդը. - Օջախի հյուրընկալությունը տան մուտքից է երևում. առաջինը տան մուտքն է պատմում իր տերերի մասին: Ակամա հիշում եմ քաղաքաշինության բաժնի պետ, կոթողի համահեղինակ (ճարտարապետ Էդ. Պողոսյանի հետ) Սոս ԽԵՉՈՅԱՆԻ խոսքերը. - Այս սյունաքանդակը մեր քաղաքի դարպասն է և խորհրդանշում է Էլարի Դարանի ամրոցի պատմությունը: Նաև այս կերպ մենք փորձել ենք հիմնավորել, որ անցյալով շարունակվում է ներկան: Այս կոթողը Աբովյան եկողներին պետք է հուշի, որ տուն են մտնում, ու նրանք օջախի ջերմությունը այս մուտքից պետք է զգան: Պատգամավորի ջանքերի արդյունքն է նաև, որ քաղաքն ամբողջովին գազաֆիկացված է, նորոգված են շենքերի մուտքերը, տանիքները. շուտով շուրջօրյա ջրամատակա րարում կապահովվի: - Այս մարդիկ մեզ հավատում են ու վստահում. մենք պե°տք է կարողանանք արդարացնել այդ վստահությունը: Բոլոր հարաբերություններում պետք է պահպանվի փոխադարձությունը, մանավանդ` երբ դրա հիմքում անկեղծ զգացմունքներն են,- համոզված է պատգամավորը: «Մենք սիրում ենք մեր քաղաքը» Այս «խոստովանությունը» բոլոր աբովյանցիների շուրթերին է: Ու դրա անկեղծությանը կասկածել չի կարելի: «Ինչո՞ւ» հարցին ի պատասխան` մարդիկ փաստարկում են. - Մեր քաղաքապետը անում է ամեն ինչ, որպեսզի թեթևացնի մեր հոգսերը: Քաղաքապետ Կարո ԳՈՒԼՈՅԱՆԸ, պարզվում է, ժլատ է միայն իր խոսքերում: Ոչ միայն խոստումներ չի շռայլում ու ծրագրերից չի պատմում, այլև կատարած լավ գործերի մասին խոսել չի սիրում: Ինքնատիպ է իսկապես. տակավին երիտասարդ, բայց բազմափորձ ղեկավարի հմտությամբ և «բոլոր բառերի փոխարեն` կոնկրետ գործեր» սկզբունքով շենացնում է հայրենի քաղաքը` շարունակելով ու բազմապատկելով լավագույն ավանդույթները: Չի շրջանցում նաև արժանիներին գնահատելու որդիական պարտքը: Զորօրինակ` իրեն ապավինող համաքաղաքացիներին հոգեհմա տոն պարգևելով, նա յուրօրինակ մեկ անակնկալ էլ էր պատրաստել: Անակնկալ, որը խորապես հուզեց ոչ միայն դրա արժանի հասցեատիրոջը, այլև բոլոր տեղաբնակներին. բազմամյա նվիրված աշխատանքի և քաղաքի կառավարման համակարգում ունեցած ավանդի համար Աբովյանի 46-ամյակի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց` նախկին քաղաքապետ Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ: Պարգևը հանձնեց Կարո Գուլոյանն անձամբ` ի տես և լուր բոլորի: Քիչ առաջ էլ նրանք միասին էին կտրել նորաբաց կոթողի կարմիր ժապավենը: Ընդունե°ք. հիրավի ոչ այնքան սովորական է նախկին ու գործող քաղաքապետերի փոխհարաբերությունը` երկուստեք ընդգծված հարգալից: Կարո Իսրայելյանը երբեք չի ասում, որ շատ ավանդույթների հիմնադիրը ինքն է, Կարո Գուլոյանն էլ երբևէ չի ասում, որ ինքն է նոր շունչ ու գեղեցկատեսություն պարգևում քաղաքին. բոլոր առիթներով նա ցանկանում է կողքին տեսնել իր ավագ գործընկերոջն ու բարեկամին: Իսկ Կ. Իսրայելյանն ամեն առիթով գոհունակություն է հայտնում, որ` - Իմ սիրելի քաղաքը հուսալի ձեռքերում է: Աբովյանցին ճիշտ ընտրություն է կատարել, և ես ուրախ եմ, որ ինքս էլ չեմ սխալվել: Լավ ճանաչելով այս երիտասարդին, ի սկզբանե վստահ էի, որ նա արդարացնելու է բոլորիս հույսերը: Առօրյան` հագեցած, ծրագրերն` անհատնում Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և բնապահպանության բաժնի պետ Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ երկար թվարկում է իրենց կատարած աշխատանքները: Ստիպված ներողություն եմ խնդրում, որ հրապարակման ծավալները թույլ չեն տա` բոլորին անդրադառնալ: Մանավանդ` նրա ղեկավարած ոլորտներում տարվող աշխատանքների արդյունքը տեսանելի է յուրաքանչյուրին: Որպես մարզամշակութային համալիր կենտրոն վերակազմակերպված մանկապատանեկան համալիր մարզադպրոցում ու մշակույթի կենտրոնում է°լ ավելի աշխույժ է դարձել առօրյան: Եվ ինչպես մարզադպրոցի մշակութային կենտրոնի տնօրեն Հովիկ ՀԱԿՈԲՅԱՆՆ է օրինական հպարտությամբ նշում` ընդամենն օրեր արաջ Բուլղարիայում կայացած սամբոյի, ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում իրենց սան Մհեր Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Արշալույս Բալյան): Իսկ Անապայում անցկացված` 14 տարեկան պատանիների եվրոպայի առաջնությունում Շանթ Մանուկյանը բռնցքամարտ մարզաձևից է արժանացել բրոնզե մեդալի (մարզիչ` սպորտի վարպետ Արշալույս Գրիգորյան): - Մարզադպրոցում, որը վերանորոգվել է Գ. Ծառուկյանի բարերարությամբ, 16 մարզաձևերում անվճար մարզվում է 860 աշակերտ: Երեխաների առողջությունը, նրանց ֆիզիկական պատրաստականությունը կարևորագույն խնդիր է քաղաքի ղեկավարների ու բոլորիս համար: *** Քաղաքում մեծ արձագանք է գտել Աբովյանի թատրոնը վերականգնելու փաստը և դրա առաջին բեմելը` «Եզոպոս» պիեսի բեմադրությամբ: Մշակույթի կենտրոնի ռեժիսոր Աշոտ ՉԹՉՅԱՆԸ սիրով պատմում է, որ վերջին 4-5 տարում գործող տիկնիկայինն այլևս միակ թատրոնը չէ Աբովյանում: - «Եզոպոս»-ի բեմադրմամբ ազդարարվեց մեր դրամատիկական թատրոնի վերածնունդը և ռեժիսոր Ա. Կարապետյանի շնորհիվ այն մեծ հաջողություն ունեցավ: Տիկնիկային թատրոնի դահլիճում ցուցադրվում են նաև մուլտֆիլմեր, որոնք թարգմանում ենք հայերեն` նպաստելով մեր փոքրիկ հանդիսատեսի հայեցի դաստիարակությանը: Ծրագիր ունենք նաև գեղարվեստական ֆիլմեր ցուցադրել մեծահասակների համար` թեև դահլիճի պայմանները բարելավման կարիք ունեն: Մեծ դահլիճում նույնպես ֆիլմեր կցուցադրվեն` շնորհիվ նորացված տեխնիկայի: Արվեստագետը կարևորում է կոլեկտիվ կինոդիտման առավելությունները և նշում, որ այդ կերպ նաև հանդիսատես են դաստիարակում: Իսկ դերասան և ռեժիսոր Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հավելում է. - Շատ ոգևորիչ էր թատրոնը վերստեղծելու որոշումը. մանավանդ` ոչ թե պարզապես ինչ-որ թատերախումբ ունենալ, այլ արհեստավարժ, կարգավիճակ ունեցող թատրոն: Այսպիսի ներուժ ունեցող քաղաքը չէր կարող թատրոն չունենալ: Ինչո՞ւ հատկապես «Եզոպոս»-ով սկսեցինք. այդ ընտրությունն էլ պատահական չէր. շոշափվող թեմաներն այնքան արդիական են, որ Հին Հունաստանում անտիկ շրջանում տեղի ունեցող գործողությունները կարելի է մեր ժամանակներին համահունչ համարել: Եվ դերասանները հաջողեցին, հաջողությանը մեծապես նպաստեց և նկարչուհի Գայանե Հովհաննիսյանի ճաշակով ձևավորումը: Արձագանքը բուռն էր և շարժեց բոլորի հետաքրքրությունը: Հանրապետության այլ թատրոնների մեր գործընկերները ներկայացումից հետո նաև քննարկմանը մասնակցեցին. բոլորը հաճելիորեն զարմացած էին: Իսկապես ճիշտ է Կարինե Կիրակոսյանը` քաղաքապետարանն անում է հնարավորինը, որպեսզի բարի, հայրենասեր, համակողմանի զարգացած սերունդ դաստիարակվի: