ԻՍԿ Ո՞Վ ԳՆԱ


Կան անհատականություններ, որոնց ապրած կյանքը ասուպի է նման, բայց այդ կարճ ժամանակահատվածում նրանք կարողանում են թողնել հզոր կենսագրություն: Իսկ նվիրյալների համար չկա անձնական կյանք ունենալու գեթ կարճ պահեր, նրանք տառապում են բոլորի հետ ու բոլորի համար: Աշնանային մի գեղեցկ օր, երբ օրվա խորհուրդն էր հրաբխում իրիկնային մթնշաղում, Վաչիկ Մելքումյանի ընկերները` Գրիշա Սարգսյանը, Ներսես Եղիազարյանը, Թաթոս Շառոյանը, նորից հիշեցին նրան: Իրենց հետ ապրող հուշերի ծփանքում Վաչիկը ներկա էր, նրանց ձայների թրթռուն ելևէջներում Օզերիչ անունն էր տարուբերվում նույնպիսի թարմությամբ, ինչպես կկատակեին նրա կենդանության օրոք` սեղանի շուրջ հավաքված. - Օզերիչի հետ ծանոթությունը եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում ուսանելու տարիներին,- այսպես սկսեց ուսանողական և մարտական ընկեր Գրիշա Սարգսյանը, ով աշխատում է ՊՆ զինված ուժերի համակարգում:- Կարճ ժամանակում մտերմացանք: Մեր մտերմությունն ավելի սերտ ու ջերմ էր: Պատասխանատվության խոր զգացում ունեցող, ընկերասեր, բացառիկ նվիրվածությամբ օժտված երիտասարդ էր: Լուրջ էր վերաբերվում ցանկացած հարցին: Ինչ վիճակում էլ լիներ, պատրաստ էր օգնել, նվիրվել ընկերոջը: Դասախոսներն հիանում էին նրա կատարած աշխատանքներով: Հաճախ միասին էինք կատարում առաջադրանքները. ապշելու էր նրա հզոր աշխատասիրությունը: ՈՒսանողական տարիների հուշերում արթուն են նրա հետ անցկացրած օրերը. ուներ հումորի խոր զգացում. ուրախ մարդ էր: Նա հայրենասեր էր բառիս լայն իմաստով և հմուտ սակրավոր: Ասեմ ավելին` երբ մեկնեց, իր հետ տարավ ընտանիքի մյուս անդամներին էլ: Նրա զավակներն իրենց հոր տիեզերամփոփ հոգու ստեղծագործությունն են` աշխատասեր ու բարեկիրթ երեխաներ, ինչպես իրենց ծնողները: Նրանց մանկական վառ օրերի մեջ ներխուժեցին գնդացիրների սարսափելի ձայները: Դեռ ուսանողական տարիներին այնպիսի ոգևորությամբ էր խոսում պատմական հայրենիքի մասին, որ ունկնդիր-ուսանողներն ակամա դառնում էին վրիժառուներ: Այդ տարիներին նա չէր կարող չլինել այնտեղ, չօգնել հայրենակիցներին ու չտառապել նրանց հետ: Այդպիսին էր նա… Երբ աշխատանքի բերումով լինում եմ զորամասերում, նրա սխրանքների մասին դեռ խոսում-հիշում են: Նրա չխամրող կենսագրությունն ապշեցնելու չափ վառ է: Ծայրահեղ ազնիվ հային այլ կերպ չէին կարող հիշել: Իր մահից տարիներ անց այցելեցի Օզերիչի ծնողներին. ինձ համար պատիվ էր սեղմել Հերոսի ծնողների ձեռքերը: Նրանք պայքարում են կյանքի դժվարությունների ու անվերադարձ կորստի դեմ… Վաչագան Մելքումյանի ուսանողական տարիների մյուս ընկերը` Ներսես Եղիազարյանը, ամենակատակասերն էր և այդ պահին էլ փորձեց կատակել. - Երբ ընկերներով գնում էինք հանգստանալու, չէինք կարողանում նրան դուրս բերել իր լրջության շրջանակներից: Վաչագանը դեռ ուսանողական տարիներին տարբերվում էր և' մտածելաձևով, և' անսպառ նվիրվածությամբ: Նույն տարիքին էինք, բայց թվում էր, թե մեզանից շատ է մեծ: Ինքն ու Գրիշան համարյա նույն բնավորությունն ունեին: Երբեք «բախտ չվիճակվեց» լսել նրա տրտունջը: Շատ աշխատասեր, պարտաճանաչ ուսանող էր: Դժվար էր տեսնել, որ նա ժամանակն անիմաստ վատներ: Իր խոսքը կշիռ ուներ, բոլորի հետ հարգալից էր, ազգասեր, ընկերասեր, հայրենասեր անհատ էր: 1992-ի աշունն էր… Սպայական զորակոչով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի 34-ամյա ինժեներ-մեխանիկ Վաչիկ Մելքումյանը մեկնեց հայրենի սահմանների պաշտպանության` նշանակվելով ինժեներասակրավորական վաշտի հրամանատար: Իր գործի վարպետ էր, պատասխանատու բոլոր հարցերում: Կարճ ժամանակահատվածում նշանակվում է ծառայության պետ: Կապիտան Վաչիկ Մելքումյանը ¥ Օզերիչ¤ Տավուշի շրջանի սահմանների պաշտպանության ժամանակ ուրույն դիմագիծ թողեց: Չէր տատանվում, անձամբ էր կատարում ամենավտանգավոր առաջադրանքները: 1960 թ. փետրվարի 23-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում է ծնվել Վաչիկ Մելքումյանը. նա հետո արծվի նման պիտի մխրճվեր անմահության գիրկը: - Նրա բարեկրթությունն ինձ շատ էր դուր գալիս: ՈՒշադիր էր, նվիրված, անսպառ հոգատար էր, ավելի հանդարտ բնավորություն ուներ, քան ես: Շատ էր կարդում: Մայրը` Արևհատը, մանկավարժ էր, հայրը` Օզերը, հյուսն: Ընթերցասեր էր և նույնը պահանջում էր երեխաներից: Կյանքում ամենից առավել գնահատում էր ընտանիքը: Սիրում էր երաժշտություն: Մեր ընտանիքում չկար` չգիտեմ, այլ` չգիտես, սովորիր: 92-ի նոյեմբերն էր… Որոշված էր` մեզ էլ հետն էր տանելու: Երկու փոքր երեխաներով ապրում էինք հանրակացարանում: Մեր ընտանիքը մարտական գործողությունների մասնակից է եղել: - Բերդ քաղաքն իր ողջ հմայքով ապշեցրել էր մեզ, ուրախ էինք: Կրակոցների ձայնն սկզբում զարմացրեց, չգիտեինք` ինչ է կատարվում. նման բան առաջին անգամ էինք լսում, չէինք իմանում, ուրախանում էինք, բայց հետո տեղի բնակչության վախը աստիճանաբար մեզ էլ փոխանցվեց: Մեր ուրախությունն էլ մարեց, գորշացավ Բերդը, միայն կրակոցներ էին: Վախից սարսափած մարդիկ էին, անհույս վիճակ: Հասկացանք, որ այդ ձայներն ուրախության համար չեն, և մենք էլ խնջույքի չենք հրավիրվել: Քաղաքի բնակչությունը միասնական էր: Երևի այդ ժամանակ բոլորն էին այդպես, մեկի ցավը բոլորինն էր: 93-ի վերջերն էր, շատ լավ հիշում եմ այդ օրը: Երկու ադրբեջանցու գերի էին վերցրել, երեխաներով շտապեցինք` նրանց տեսնելու, - պատմում էր դուստրը` Աննան: - Երբ երեխաներս տեսան, աղջիկս զարմացած ասաց` նրանք մեզ պես մարդիկ են… Բոլորն սկսեցին ծիծաղել.- ավելացրեց մայրը` Սոֆյան: - Սովորաբար ցերեկվա ժամերին կրակոցները հազվադեպ էին լինում: Երեկոյան բոլորն շտապում էին թաքստոցները: Հայրս գիշերը չէր եկել, անհանգիստ էի,- պատմում էր որդին` Հովհաննեսը,- գիտեի` որտեղ պիտի լինի: Մայրս չկարողացավ ինձ պահել: Շտապեցի հորս մոտ. ներս մտա, հայրս նայեց, ասաց` հանգիստ նստիր: Այդ օրը նա էր հերթապահում, մտազբաղ էր: Իրենց բրիգադը շարվեց: Այդպիսի տագնապային վիճակ առաջին անգամ էի տեսնում. հայրս լուռ էր… Հիշում եմ` 8-9 տարեկան էի, մի անգամ հայրս ասաց .«Ուզու՞մ ես կրակել սովորել, մենք պարտավոր ենք նշանակետին ճիշտ խփել»: Անգամ մամային էր սովորեցնում: Սկզբում իր օգնությամբ էի նշան բռնում. այդ ժամանակ էր, որ ասաց. «Զինվորը մի փամփուշտ իր համար պիտի պահի: Դուք պիտի պաշտպանվել իմանաք»: Խիստ հայացք ուներ, երբեք չեմ մոռանա, ոչինչ չէր ասում, հայացքից հասկանում էինք: Հաճախակի հավաքվում էին մեր տանը: Երբ լուռ էին լինում, գիտեինք արդեն, որ մի դժբախտություն պատահել է: Լռությամբ խմում էին մի բաժակ ու մտախոհ նստում: Այդ ժամանակ չպիտի խանգարեինք: Հորս բոլորը գիտեն, իր արած գործերը չեն մոռացվի: Եթե չեն էլ տեսել, հաստատ լսել են նրա ու նրա արած գործերի մասին: Նրան Վաչագան անունով չեն ճանաչել, այլ` Օզերիչ հայրանունով: Ապա մայրն ավելացրեց. - Եթե բանակում ասում են Օզերիչ, արդեն գիտեն` ում մասին է խոսքը: Ընտանիքում շատ խիստ էր: Մեր տանն ամեն ինչ պիտի կատարյալ լիներ, զավակներս ուսման մեջ անթերի պիտի լինեին: - Հայրս բնավորության մի գիծ էլ ուներ, որ մեզ համար օրենք էր. եթե աշակերտ էինք, մեր միակ գործը սովորելն էր: Երբեք մեր հույսը դպրոցի գիտելիքների վրա չպիտի դնեինք: Սիրում էր կրկնել. «Գնահատականով չի որոշվում ձեր իմացությունը»: - Երբ ընտանիքով գնացինք Բերդ, ես մտածում էի, եթե մի բան պատահի, թող բոլորիս հետ լինի: Ինձ համար դժվար էր. չնայած կյանքի շատ հարվածների դիմակայեցինք` հուսալով, որ լավ կլինի: Մտածում էի` միթե հնարավոր է միայնակ հաղթահարել դժվարություններն ու իրականացնել երկուսիս երազանքը: Անսպառ ճիգ էր պետք` նրա երազանքն իրականացնելու համար: ՈՒնեմ խելացի, կիրթ երեխաներ: Եթե ամուսնուս ընկերները, զավակներիս տեսնելով, ոտքի են կանգնում, դրանից մեծ երջանկություն չեմ կարող ունենալ: Երեխաներս իրենց տանջանքով հասել են մի բանի, ես միայն հպարտանում եմ նրանց հաջողությամբ: - Հիշում եմ` Բերդում էինք, ռումբն ընկել էր դպրոցի վրա, բայց չէր տրաքել, շտապ պետք էր վնասազերծել: Երբ հայրս իմացավ, էլ չսպասեց, շտապեց դեպքի վայր: Անկեղծ ասած, ոչ ոք ռիսկ չէր արել ստանձնել պատասխանատվությունը: Ականատեսները պատմում էին, թե ինչպես էր հայրս մտահոգվել… Քանի¯ մարդկանց կյանք է փրկել: Ոչ բոլորն իրենց կյանքն առոչինչ կհամարեին… Նրա համար որքան կարևոր էր ընտանիքը, նույնքան թանկ էր հայրենիքը: Մարդկանց մտահոգությունն իրենն էր: Առաջադրանքներ կատարելիս միշտ վտանգավոր գոտում էր հայտնվում: Նա ընտրում էր փշոտ ուղիները` միայն թե կարողանար օգնել ընկերոջը: Ինչպես ինքնակամ մեկնեց երկտարյա ծառայության, այնպես էլ որոշեց անպայման մնալ` ծառայությունը շարունակելով բանակում, քանզի դեռ շատ անելիքներ ուներ: Զինվորականի ծանր, պատասխանատու առօրյան նրա կյանքի իմաստն էր դարձել: 95 թվական… Աշունը նոր էր սկսել իր շնչառությամբ գունային խաղեր սփռել: Սեպտեմբերի 28-ին իր գլխավորությամբ խումբը մեկնեց առաջին գիծ` մարտական առաջադրանք կատարելու: Հակառակորդից մոտ 100 մետր էին հեռու: Չնայած զինադադարին` հակառակորդը գնդակոծում էր սահմանամերձ Չինարի ու Այգեձոր գյուղերը: Հայորդին, գործով տարված, դարանակալ թշնամու թիրախ դարձավ և … Մայրամուտի վերջին շողերի հետ տարրալուծվեց անմահության շղարշը… Օզերիչի ուսանողական տարիների ընկեր Թաթոս Շառոյանը իրեն հատուկ մեղմությամբ վերջաբանեց. - Կյանքը դժվարություններով լեցուն էր այն ժամանակ էլ: Նա կարողանում էր հաղթահարել հերոսի կեցվածքով: Բնավորությամբ մեղմ ու բարի Վաչիկը տիեզերամփոփ հոգի ուներ, բայց երբ խոսում էինք մեր պատմական հայրենիքից, մեր առջև մի ուրիշ հայ էինք տեսնում` մարտնչող Օզերիչ: Նա հերոս է…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ