«Ադամյանցիների» թատերամայրը


Քանիցս հյուրընկալվելով «ադամյանցիների» թատերաընտանիքում` միանգամայն կիսում եմ գրքի հեղինակի հուզախռիվ ապրումները: Աշխատանքային տասնամյակների ընթացքում երկարատև փոխշփումներ ունենալով տեղի հայ ու վրացի թատերագործիչների հետ` Իդա Բաբայանը որպես երկրորդ հայրենիք է երկրպագում արտասովոր կենսուրախ, դարավոր թատերայնությունը պահպանած Թբիլիսի քաղաքը` շնորհիվ նրա նորօրյա քաղաքացիների անմիջական մարդասիրության, բարեկամական պատրաստակամութ յան: Հենց նրանց սիրալիր հոգածությամբ մշակութային միջպետական իրադարձության արժեք ձեռք բերեց նրա նորընծա թատերատքնանքի շնորհանդեսը: Ինքս երջանիկ զգալով ինձ անսահման հարազատացած վիրահայոց թատերախմբի հետ կենդանի հաղորդակցության այս նոր առիթով` ամենքի նման սիրառատ տրամադրությամբ եմ համակվում` Վրաստանի ժողովրդական և Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սերիկ Շեկոյանին թատրոնի առօրյայում ակտիվորեն ներգրավված տեսնելով: Թող որ արևի լույսին, ցավոք, այժմ հասու է դառնում իրեն որդիական գորովով մշտապես «շուրջկալած» կրտսեր խաղընկերների նրբազգաց միջնորդությամբ, բայց համառ ու անկոտրում խառնվածքով շարունակում է ծառայել կես դարից ավելի իրեն ստեղծագործական սլացքի խթան հանդիսացած, այլևսանբաժանելի մասնիկը դարձած Հայպետդրամայի արվեստին: Անհնարինության աստիճան դժվարացած բեմելը չի նվազեցնում եռանդը դրան նոր սերնդին սեփական շենշող բեմափորձով նախապատրաստելու: Դերացանկում ունենալով մոտ 200 հնչեղ անուններ` բնատուր գեղեցկության փայլը խնամքով չխամրեցնող այս արտիստուհին «ադամյանցիների» իմաստուն թատերամայրն է այսօր, համընդհանուր պաշտամունքի առարկա: Հատկանշական է, որ մեր հանդիպումը տեղի է ունենում նրա 85-ամյա հոբելյանի նախօրեին: Ինքնամեծարանքով չտառապող այս կենդանի թատերալեգենդը կտրուկ հրաժարվում է ծանրումեծ նշանավորումից: Ինձ համար հատկապես սիրելի իր անսպառ թատերապաշտությամբ (ավաղ, աղոտ եմ հիշում նրա Մարթան «Ատամնաբույժն արևելյան»-ում)` Սերիկ Շեկոյանը դաջվում է մտապատկերումս որպես հայ-վրացական թատերամիասնության լավագույն պատմափուլի նախավկա: Թատրոն տանող ճանապարհին հայտնվել է Լենինականում, Արուս Ոսկանյանի հյուրախաղերի ժամանակ 6 տարեկան հասակում ունեցած առաջին բեմելի (Իբսեն, «Նորա») զգայացունց տպավորությամբ: Սովորելով Թբիլիսիի կինոստուդիայում, ապա մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժանմունքում` նա թատերական կենսագրութ յունը սկսել է կերտել Ալավերդու շրջանային թատրոնում (1943-45 թթ.): Բնատուր օժտվածությունը, ստեղծագործական կարողությունների վերընթաց զարգացումը չեն վրիպել թատերաստուգատեսների մասնագիտական հանձնախմբերի տեսադաշտից: Իր հիմնական թատերահանգրվանն է շուտով գտել Թբիլիսիի հայպետդրամայում 1946-ից: Լավագույն դերակատարումները` Շահանդուխտ (Քաջվորյան, «Գևորգ Մարզպետունի»), Սուսան, Սոնա (Շիրվանզադե, «Նամուս», «Չար ոգի»), Օֆելիա (Շեքսպիր, «Համլետ»), Ամալյա (Շիլլեր, «Ավազակներ»), Ագաֆյա (Գոգոլ, «Ամուսնություն») արժանացրել են պաշտոնական բազում պարգևների և ամենաթանկագին գնահատությանը` անդավաճան հանդիսատեսի սիրուն: 1960-ին Սերիկ Շեկոյանին շնորհվել է ՎԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում: Վաղաժամ կորցնելով կյանքի ու բեմի անզուգական ընկերոջը` Արտեմ Լուսինյանին (1963 թ.)` նոր դերակատարումներով է դիմագրավել անձնական դաժան փորձությանը: Աննախադեպ ապրեցնող խթան է ստացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը նաև արժանանալով (1964 թ.): Դրամատիկական, բնութագրական, կատակերգական բազում դերամարմնավորումներով հավաստված վարպետության հասունացումը ամրագրվել է մի շարք պատվոգրերով ու մեդալներով, «Կանացի լավագույն դերակատարման համար» թատերամրցանակով (1980-81 թթ.), ՎԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումով (1982 թ.): Ընդլայնելով դերացանկը` արժանիորեն համաժողովրդական սեր վայելող լայնախոհ արտիստուհին հարստացրել է հայ թատրոնի ոսկե ֆոնդը ազգային, ռուսական, վրացական և արևմտաեվրոպական դրամատուրգիայի գոհարների հերոսուհիների ուրույն տրամաբանված կերպավորումներով: Դեզդեմոնա, Վիոլա, Կատերինա (Շեքսպիր), Նատալիա, Էփեմիա, Նատո, Սալոմե (Սունդուկյան), Թամրո (Ճավճավաձե), Խանում (Ցագարելի), Քլեյա (Ֆիգեյրեդո), Ֆիլումենա Մարտուրանո (Էդ. դե Ֆիլիպո), Շուշանիկ (Մրևլիշվիլի)… Անհնարին է թվարկել բոլորը: Բայց միանգամայն հնարավոր է, կարծում եմ, մեկ ամբողջական գրքում կամ թատերալբոմում դրանց համակարգված համատեղումը: Հրաշալի կենսագրություն ստեղծած Սերիկ Շեկոյանին նաև այդ կերպ արժանիորեն գնահատելու մասին գործնական մտահոգությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի, վստահ եմ, կառարկայանա շուտով` թատերագիտական բարյացակամության արդեն իսկ արժանանալով: Ուստի տոնական խանդավառության կենսական լիցքեր եմ մաղթում «Ավանգարդ»-ի ողջ խմբագրակազմի անունից նոր թատերասխրանքների ունակ գեղեցկատես ու բարեկիրթ արտիստուհուն: