ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Գեջղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրենջ ջ- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Բացատրելի լինելը` և° անձնական, և° գաղափարական հարցերում: Երբ մոտեցումներդ մի փոքր այլ են` մյուսներից տարբեր, ինքնաբերաբար, շատ դժվար է դրանք ընկալելի դարձնելը: Ոչ թե տեսակետդ հիմնավորված չէ, այլ սովորական-ընթացիկի շրջանակից դուրս ես տվյալ պարագայում: Քաղաքական առումով էլ նույնն է. հասարակութ յունն, օրինակ, գիտակցում է ներկայումս քննարկվող հայ-թուրքական արձանագրություններից բխող վտանգը, բայց բարդ է նրան այդ սպառնալիքի դեմն առնելու կարևորությունը լիարժեքորեն բացատրելը: Իհարկե, այստեղ որոշիչ է նաև դիմացինիդ` համոզվելու ցանկությունը: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Այդպիսի տարբերակում չեմ կարող դնել. ամեն ազգ ունի ավանդաբար ձևավորված որոշակի առանձնահատկություն, որն էլ այդ ժողովրդի համակրելիության երաշխիքն է: Զորօրինակ` լատինաամերիկյան ջերմեռանդությունը, չինական, հարավկորեական կանոնակարգվածությունն ու սկզբունքայնությունը, պարսկական կամ եվրոպական մշակույթը… Չես կարող ասել, թե այս ժողովուրդը լավ է, մեկ ուրիշը` վատը: Նրանք ամենքն էլ` կախված աշխարհագրական դիրքից ու պատմական ճակատագրից, ունեն իրենց անցյալը և ներկան գեղեցկացնող ու իմաստավորող յուրահատկություն: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ունեմ մի վատ, գուցեև լավ հատկություն: Համենայն դեպս ինձ ճանաչողներից շատերն այն դրական չեն գնահատում. մտածածս բարձրաձայնելուց խուսափել չեմ կարողանում: Եթե ընդունել եմ որևէ մեկին կամ ինչ-որ երևույթ, խոսել եմ այդ մասին. չընդունելու դեպքում էլ չեմ թաքցրել անհամաձայնությունս կամ հակակրանքս: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Թե ինչո՞ւ չենք կարողանում Հայաստանն իրոք ինքնիշխան և ազատ, ուժեղ պետականություն ունեցող երկիր դարձնել: Բացատրություններ կարելի է տալ, սակայն դրանք միշտ կարող են թերի լինել: Ի վերջո, նույն ժողովուրդն էր պայքարողն ու հաղթողը, նույն մարդիկ էին երազողները: Բայց 18-19 տարի հետո ստեղծված իրականությունը բնավ չի համապատասխանում հայրենիքիդ մասին ունեցած պատկերացումներիդ: Իսկ «Անկախություն, Շարժում» և նման այլ չարչրկված խոսքերն այսօր արդեն ձևական բնույթ են կրում: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մենք ապրում էինք Ջերմուկում, հայրս էլ աշխատում էր Արփա-Սևանում: Հորդառատ անձրև էր գալիս. մեկ էլ պատահաբար նկատեցի սայլեր, կառքեր, հնագույն ժամանակաշրջանի հագուստներով մարդիկ… Պարզվեց` «Մխիթար Սպարապետ» ֆիլմի նկարահանող խումբն էր: Մոտեցանք. թերևս եղանակի պատճառով` մի թևաբեկ բազե էր ընկել ցեխաջրի մեջ: Այդ հպարտ թռչունը այնքան խեղճացած էր… Բավական հուզիչ տեսարան էր, որն անմոռանալի դարձավ ինձ համար:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ