Ի ՎԵՐՋՈ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՂԹՈՒՄ 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. աշխատանքային կոփվածքի քուրա

Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյա հոբելյանի առիթով էր մեր հանդիպումը` ժամանակին այդ կառույցի կայացման գործում նշանակալի ավանդ ներդրած ղեկավարի, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բնականաբար անկարելի էր չանդրադառնալ նաև նախարարության գործունեությանը: Մանավանդ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ կայացան այս գերատեսչության նախաձեռնությամբ:

- Այն ժամանակների ուսանողներից շատերն աշխատանքային մկրտություն էին ստանում շինջոկատներում: Բարեբախտաբար` կառույցը պահպանվել է և այսօր կեսդարյա հոբելյան է նշում, ինչի համար Ձեզ ևս պետք է շնորհավորել, որովհետև դրա ակունքներում եք եղել:

- Դրանք կոչվում էին աշխատանքային կոփվածքի առաջին դասեր: Ամեն ինչ տրվում էր սովորողներին ան-վճար` դպրոցից համալսարան: Եվ, որպեսզի այդ ուսանող ները չմեծանային ջերմոցային բույսի նման կամ զուտ սպառողի հոգեբանությամբ, ստեղծվեցին ուսանողական շինջոկատները: Ինչու չէ, այն անծայրածիր երկիրը նաև աշխատուժի պակաս ուներ, հատկապես Սիբիրում, Հեռավոր Արևելքում: Այս կամ այն կարևոր կառույցը հայտարարում էին Կոմերիտական երիտասարդական, և երիտասարդության ուժերով կյանքի կոչում դրանք: Հիշենք, օրինակ, ԲԱՄ-ը: Ուսանողական ջոկատների ճամփով անցած երիտասարդները լավ թրծվում էին, աշխատանքի նկատմամբ վերաբերմունք էր դրսևորվում, իրենք տեսնում էին իրենց աշխատանքի արդյունքը: Տղաները հիմնականում շինհրապարակներում էին աշխատում, իսկ աղջիկները` պահածոյի գործարաններում: Քանի որ միրգը, բանջարեղենը շատ առատ էր, աշնանը աշխատուժը չէր բավարարում` ուսանող աղջիկները մեկնում էին` պահածոյի հումքի պահեստավորման աշխատանքներին օգնելու: Գտնում եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ բաներ միանգամից կորցրեցինք: Բայց, ի պատիվ Ստեփան Ստեփանյանի, այս աշխատանքային դաստիարակության կարևորագույն օղակը պահպանվեց և շարունակում է գործել` արդեն նոր ուղղվածությամբ: Սկզբնական շրջանում տեղյակ չէի, որ այն պահպանվել է, բայց, երբ իմացա, ուրախացա, որովհետև, ի վերջո անկախ Հայաստանի երիտասարդությունը նույնպես պետք է որոշակի ներդրում կատարի իր հայրենիքի զարգացման գործում: Եվ փաստորեն վերջին 24 տարիներին նույնպես մեր երիտասարդության համար ՈՒՇՋ-ն դարձել է աշխատանքային դարբնոց: Անչափ հաճելի է, որ ուսանողական ջոկատների 50-ամյա պատմություն ունեցող գործուն կառույցը որոշել է նշել իր հոբելյանը:

Շատերին եմ հանդիպել, ովքեր ոգևորված մասնակցում են նախապատրաստական աշխատանքներին: Սա առիթ է` ևս մեկ հայացք նետելու իրենց անցած ճանապարհին, մի պահ վերադառնալու դեպի իրենց երիտասարդության ակունքները:

Չմոռանանք ամենակարևորը. այդ ջոկատներում բոլորը ձեռք էին բերում մտերիմներ, բարեկամներ, ընկերանում էին նաև օտարների հետ: Յուրօրինակ ընտանեկան, աշխատանքային կենտրոն էր ուսանողական ջոկատը: Եվ այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է:

- Դառնանք Սփյուռքի նախարարությանը: Անցնող տարին խորհրդանշական էր Ձեր ղեկավարած գերատեսչության համար: Նախարարության ստեղծման 7-րդ տարեդարձն էր և, իհարկե, ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցը: Որպես կարծիք ասեմ, որ մանավանդ վերջինը մեծագույն պատրաստվածությամբ նշեց նախարարությունը: Անցած 7 տարիներն ի՞նչ հստակեցումներ են բերել ձեր աշխատանքում. եղե՞լ են սրբագրումներ, լրացումներ` ծրագրերում:

- Ցանկացած աշխատանք միշտ էլ կարելի է ու նաև պետք է կատարելագործել: Բնականաբար, կուտակվող փորձը օգնում է, որ հաջորդ քայլն ավելի համարձակ, մտածված անես: Բայց բոլոր դեպքերում հատկապես վերջին 3 տարիները, իհարկե, իրենց կնիքը դրեցին մեր աշխատանքների վրա: Դրանք ավելի հստակ ուղղվածություն ունեցան` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու, կազմակերպելու, առաջ մղելու առումով: Դեռևս 2011, ապա` 2015 թթ. մենք գումարեցինք իրավաբանների համահայկական երկու համաժողով` այն գիտակցությամբ, որ ընդհանրապես իրավական գնահատականներ պետք է տրվեն Ցեղասպանություն երևույթին, թե´ Սփյուռքի և թե Հայաստանյան թևերը` յուրաքանչյուրն իր կարգավիճակից ելնելով, որոշակի պահանջներ պետք է ներկայացնի: Այսօր խոսում ենք պահանջների մասին: Դրանք պետք է իրավաբանական հիմնավորումներ ստանան: Եվ մեր նախարարության գլխավոր նպատակներից մեկը իրավաբանների համահայկական ընկերակցության հետ համագոր-ծակցելով` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ այդպիսի քայլեր և գործողություններ ձեռնարկելն էր: Կամ, մեր մասնագիտական համաժողովները (լինի լրագրողների, լոբբիստների, ճարտարապետների, թե այլ ոլորտի ներկայացուցիչների) մենք փորձեցինք նպատակաուղղել դեպի Հայոց ցեղասպանության թեման: Օրինակ, Ճարտարապետների հանձնաժողովը գումարելուց առաջ` խնդիր դրեցինք մեր կորցրած և պահպանվող ազգային արժեքների շտեմարան ստեղծել` ոչ միայն Արևմտյան Հայաստանի տարածքում, այլև ամբողջ աշխարհում: Այնպես որ, ուզենք թե չուզենք` ժամանակն իր կնիքը դնում է նաև մեր ծրագրերի, մեր գործողությունների, մեր գաղափարախոսութ յան վրա: Գլխավոր ձեռքբերումը, որ կարող ենք արձանագրել, այն է, որ այդ կերպ մեծանում է մեր ծրագրերի մասնակիցների թիվը, ընդլայնվում է աշխարհագրությունը, ավելանում է վստահությունը: Վերջին նվաճումներից կարող եմ համարել, որ ուսումնասիրելով, հասկանալով Սփյուռքը, վերջին 3-4 տարում ստեղծեցինք ամառային դպրոց, որի միջոցով վերապատրաստում ենք Սփյուռքի բոլոր մասնագետներին, ովքեր անհրաժեշտ են` համայնքը ակտիվ պահելու համար: Անցկացվեցին ծրագրավորողների, արևմտահայերենի և արևելահայերենի արագացված ուսուցումներ: Մենք պետք է զգանք Սփյուռքի զարկերակը, հասկանանք, թե ի՞նչ է անհրաժեշտ նրան. և դրան համապատասխան ծրագրեր մշակենք ու իրականացնենք: Եվ փառք ու պատիվ մեր Սփյուռքի այն կառույցներին ու կազմակերպություններին, որոնք մեզ հետ քննարկելով, ընդունում են այս կամ ծրագիրը, մասնակցում դրա իրականացմանը: Հակառակ դեպքում` եթե Սփյուռքը չընդունի մեր ծրագրերը, դրանք չեն կարող իրականանալ: Աջակցելով մեկս մյուսին` փոխադարձ աշխատանքի արդյունքում մենք նաև արդյունքներ ենք ստանում: Սա ամենագլխավորն է:

- Գտե՞լ եք այն «մեխը», այն գլխավոր անելիքը, որը հատկապես նպաստում է կամ կնպաստի Սփյուռքում ծնված, այս կամ այն երկրի արժեհամակարգը կրող երիտասարդին հայ պահելու համար:

- Երկու հենասյուն գցել ենք, կարծում եմ: Առաջինը. կառույցների հետ աշխատանքի համար մի բանաձև կա` ճանաչել, վստահել, գործակցել: Նախ պետք է իրար ճանաչենք. եթե կա ճանաչողություն, ուրեմն կծնվի նաև վստահություն, իսկ եթե կա վստահություն` գործակցությունն էլ արդյունավետ կլինի: Իսկ երիտասարդի մեջ այդ կրակը, այդ փոքրիկ կայծը բորբոքելու համար ինչքա˜ն ծրագրեր էլ որ անես Սփյուռքում, միևնույն է` բարոյական, հոգեբանական հզոր փոփոխությունները տեղի են ունենում, երբ նա ոտք է դնում հայկական հողի վրա: Նա հայրենիքը պետք է տեսնի, պետք է ճանաչի, նա Հայաստանում պետք է ապրի: Ամենակարևորը Հայաստանը ճանաչելն է, Հայաստան գալն է: Պատահական չէ, որ մեր «Արի տունը» այսօր դարձել է ամենահզոր ծրագրերից մեկը: 5000 մարդու մենք բերել ենք Հայաստան, 5000 պատանի ապրել է հայկական ընտանիքներում: Եվ 10 հազարը կապվել են իրար հետ: Ամենապարզ թվաբանությամբ` 50 հազար մարդ այս ծրագրի օգնությամբ դարձել են ընկերներ, բարեկամներ: Նրանք կարողանում են իրար հետ խոսել, գրել, շարունակել բարեկամությունը: Մեկ անգամ մեր ծրագրին մասնակցելով, շատերը հաջորդ տարի ևս գալիս են Հայաստան, շարունակում են իրենց բարեկամությունը, այստեղից են մարդկանց հրավիրում: Սիրում են այս հողը, սիրահարվում են: Հայեցի խոսք են լսում, ամենուր հայատառ ցուցափեղկեր, հայերեն գովազդներ, վահանակներ տեսնում: Մասիսը տեսնել մոտիկից, Էջմիածնում մոմ վառել, խոնարհվել Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև… Իրենց համար դա երևույթ է, որին շատերը ուշա-դրություն չեն դարձնում: Այն, ինչը նրանց տեսականորեն են սովորեցնում, Հայաստանում իրականում են տեսնում: Դա նրանց համար դառնում է հպարտության և ազգային ինքնության հիմնահող:

- Հետաքրքիր է, իսկ մեր քաղաքական արենայում կամ սոցիալական մոտիվներով անհաշտությունները, երբեմն գռեհիկ «փոխհրաձգությունները» ի՞նչ արձագանք են գտնում Սփյուռքում:

- Բոլոր դեպքերում, ցանկացած նման երևույթ կամ մարդուն հանիրավի այպանելը, ոչնչից մեծ աղմուկ սարքելը միայն նրա համար, որ այս կամ այն կայքը, թերթը ընթերցող շահի. կարծում եմ` ժամանակավոր երևույթ է: Վերջին հաշվով մարդկանց ճանաչում են ոչ թե այդ գրածներով, մարդկանց գործը գնահատում են ոչ թե այդ հարձակումների արդյունքում: Միևնույն է, ուշ թե շուտ բոլորն էլ հասկանում են, թե ով ով է, ինչի համար է: Պահի տակ կարող են ապակողմնորոշվել, կարող են և սխալվել: Պահի տակ այդ արտահայտությունները կարող են ուրախացնել ոմանց: Այդպիսիները չեն հասկանում, որ մենք ունենք հզոր թշնամիներ: Ես ընդունում եմ բոլոր կառուցողական քննադատությունները, եթե դրանք հասցեագրված են աշխատանքի ընթացքում թույլ տրված սխալներին, վրիպումներին: Սակայն որոշ լրատվամիջոցներ այլ «սկզբունքներով» են առաջնորդվում: Դա իրենց խնդիրն է: Բայց, վստահ եմ` ի վերջո հաղթում է առողջ բանականությունը: