Երբ կա նվիրում և ճկուն միտք 


Չգիտես ինչո՞ւ` ինչ-որ պահի ոմանք անխնա սկսեցին քարկոծել մեր 70-ամյա այն անցյալը, որտեղ ուսանելին էլ քիչ չէր: Իրենց գործի նվիրյալներից ոմանք, սակայն, կարողացան պահպանել այն կառույցները, որոնց օգտակարությունը ժամանակն էր փաստել: Բարեբախտաբար աշխատանքային կոփվածքի դպրոց Ուսանողական շինարարական ջոկատների շտաբը նույնպես մոռացումի անդունդ չնետվեց` շնորհիվ այն նվիրյալների, ովքեր փորձառությամբ գիտեին դրա կարևորությունը` բոլոր հասարակարգերում: Եվ առաջին հերթին, իհարկե, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ, «Պատվո նշան» շքանշանի ասպետ Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով ոչ միայն հմտացել էր ՈՒՇՋ-ների կազմակերպման ու դրանց գործունեության համակարգման աշխատանքներում, այլև գնահատել էր այդ օղակի գոյության կարևորությունը: Ուրեմն պատահական չէր, որ համակարգային փոփոխությունները նրան շփոթություն չպատճառեցին:

- Ուսանողական շինջոկատները մի ուրույն աշխարհ էին` իրենց ավանդույթներով, անվանումներով ու խորհրդանիշերով: Անգնահատել էր դրանց ազդեցութ յունը երիտասարդների կյանքում: Շարժումն ուսանողներին հնարավորություն է տվել ճանաչել իրենց երկիրը, նոր ընկերներ ձեռք բերել, կարգուկանոն սովորել, վարժվել կոլեկտիվ աշխատանքին, առաջին անգամ գումար վաստակել և, ինչու չէ` սիրահարվել…,- ասում է Ստ. Ստեփանյանը:

Հետհայացք ձգելով ՈՒՇՋ-ների պատմությանը` նա հպարտությամբ է փաստում.

- Միութենական խոշոր կառույցներում հերոսանալուց զատ, Հայաստանում ևս ուսջոկատները մասնակցել են կենսականորեն կարևորագույն այնպիսի կառույցների շինարարությանը, ինչպիսիք են` Իջևան-Հրազդան և Մասիս-Նուռնուս երկաթուղիները, Արփա-Սևանը, Մեծամորի ատոմակայանը, Երևանի մետրոպո լիտենը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, Երիտասարդական պալատը… Իսկ Հայաստանի պահածոների արտադրության ոլորտում անուրանալի է աղջիկների ներդրումը. նրանք վերամշակում էին տարեկան արտադրված ամբողջ արտադրանքի 70 %-ը:

Ժամանակի ավերումից կառույցը փրկած ղեկավարը բոլոր առիթներով արժանապատվորեն է հիշատակել, որ Հայաստանի ՈՒՋ-ների բովում թրծվել են 240 հազար ուսանողներ, ովքեր կատարել են ավելի քան 900 միլիոն խորհրդային ռուբլու աշխատանքներ:

Եվ գնահատվել է նրանց գործը. հարյուրավոր մարդիկ պարգևատրվել են ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով:

Վաստակի բերկրանքը և գնահատանքի վայելքը չճաշակած մարդը միայն կարող է անտարբեր մնալ այս փաստերի հանդեպ:

Մարդկային հիշողությունից չի կարող ջնջվել 1988-ի դեկտեմբերը, երբ աղետը մեր երկիր էր ներխուժել` ավեր ու արցունք սփռելով: Հայաստանաբնակներն ու դրսից մեզ օգնության ձեռք մեկնած օտարներն էլ չեն կարող մոռանալ, թե նույն` ուսանողական ջոկատները որքան երկյուղածությամբ էին ավերված բնակավայրերում փլատակներից կյանքեր փրկում: Իսկ հետո արդեն վերհառնումի ժամանակներն էին. և ՈՒՋ մարտիկների աջակցությամբ շահագործման հանձնվեցին 300-ից ավելի բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, արդյունաբերական ձեռնարկություններ:

1988-ին սկիզբ առած Արցախյան շարժումից նույնպես անմասն չէին ուսջոկատայինները: Ինչպես Ստ. Ստեփանյանն է նշում` Հայաստանի ուսանողական ջոկատների հարյուրավոր հրամանատարներ, կոմիսարներ և մարտիկներ իրենց հայրենակիցների հետ միասին մարտնչել են պատերազմում:

Եթե կա նվիրում` կատարած գործի հանդեպ և ճկուն միտք` լավագույն ավանդույթները շարունակվում են ու բազմապատկվում: Ուսանողական ջոկատների շտաբում նվիրյալներ էին, ովքեր չէին ընկրկում դժվարությունների առջև: Իսկ որոնողը միշտ գտնում է ելքեր: Հայաստանի անկախացումից հետո շտաբն ակտիվորեն ձեռնամուխ եղավ կամավորական աշխատանքներին: Ստեփան Ստեփանյանը ժլատ է խոսքում, երբ այն վերաբերում է իր հաջողություններին (նա նույնիսկ իր լուսանկարը չտրամադրեց, ասելով` թող կամավորականները երևան).

- Այսօր մեր կամավորների գլխավոր խնդիրներն են աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, հիվանդներին, էկոլոգիական, շինարարական, վերանորոգման աշխատանքները, մշակութային ժառանգության պահպանումը :

Հպարտորեն արձանագրում եմ, որ այսօր Շտաբն իրականացնում է կամավորների փոխանակում 86 արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների հետ. յուրաքանչյուր տարի հարյուրավոր հայաստանցի կամավորներ մեկնում են արտասահմանյան տարբեր երկրներ` աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներին մասնակցելու համար: Եվ իրենց աշխատասիրությամբ բարի համբավ են ձեռք բերում, դառնում են հայ մշակույթի ու պատմության գործուն քարոզիչները և արդյունավետ տարածողները:

Հայաստանում հաջողությամբ գործում են կամավորական աշխատանքի բազմաթիվ միջազգային ճամբարներ` մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, մանկական հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում և պատմամշակութային նշանակության կառույցներում, որտեղ արտասահմանցի և հայաստանցի կամավորները կատարում են բազմատիպի աշխատանքներ` կազմակերպում են երեխաների ազատ ժամանցը, վերանորոգում են դպրոցներ, կատարում են վերականգնողական աշխատանքներ: Ճամբարների արտասահմանցի մասնակիցների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, հայոց լեզվի, հայ ազգային պարերի և երգերի դասընթացներ: Սիրելով Հայաստանն ու հայ մարդուն` արտասահմանցի երիտասարդները դառնում են մեր երկրի և մշակույթի ակտիվ քարոզողներն իրենց երկրներում, ինչպես նաև Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնում:

Շտաբում այսօր գրանցված են ավելի քան 3000 կամավորներ, և նրանց թիվն օրեցօր աճում է:

Բնականաբար` նաև լավատես է զրուցակիցս (հավակնոտ ծրագրեր իրականացնող անհատը չի´ կարող լավատես չլինել).

- Խորին համոզմունք ունեմ, որ կգա ժամանակ, երբ Հայաստանում բոլորիս հուզող տնտեսական խնդիրները հաղթահարված կլինեն, և հանրապետութ յունում կրկին ուսանողական զանգվածային շարժման կարիք կլինի, ջոկատներին ընդունելու պահանջ ու հնարավորություն: Եվ, անկասկած, այդ ժամանակ մեր ուսանողները պատշաճ մակարդակով կդրսևորեն իրենց այնտեղ, ուր կկանչի Հայրենիքը` որպես օրինակ ընդունելով Հայաստանի ուսանողական ջոկատների փառավոր ավանդույթները:

Իր ղեկավարած կառույցի մասին պատմելով` Ստեփան Ստեփանյանը սիրով թվարկում է մարդասիրական, հայրենանվեր իրենց կառույցի` Ուսանողական ջոկատների կենսագրությունը կերտած անձանց անունները` կոմիսարներ Էլեոնորա Ղալումյան, Աշոտ Մանուկյան, Գագիկ Թադևոսյան, հրամանատարներ Աշոտ Գրիգորյան, Կարեն Պողոսյան… Թող ների զրուցակիցս, սակայն նրա թվարկած բոլոր անունները նշել հնարավոր չէ, թեև խոնարհումի է արժանի բոլորի ներդրումը: