Գյուղապետը, ով մարդկանց տոն է նվիրում 


Մրգաշատից հեռանալիս ակամա մի ասույթ ծնվեց` «Եթե ուզում ես երջանիկ լինել, երջանկացրու շրջապատիդ, թե ուզում եմ հոգսերդ թոթափել, նախ մտերիմներիդ հոգսը թեթևացրու»: Հենց այս սկզբունքով է ապրում համայնքապետ Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ում հաջողվել է գյուղն իսկապես համախումբ մի ընտանիք դարձնել:

1700 թ. Իգդիրից, Ալաշկերտից, Բայազետից եկածների հիմնած գյուղն այսօր 6400 բնակիչ ունի, 2 հանրակրթական և 1 երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, գրադարան:… Հիրավի ինքնաբավ ու շեն համայնք, որին խորթ է արտագաղթ ասվածը: Ճիշտ հակառակ փաստը հասցրինք արձանագրել. մեզ գյուղ ուղեկցող Գևորգ Մարգարյանը, ով հպարտությամբ էր պատմում համայնքի և մեծագույն ջերմությամբ էր խոսում համայնքի ղեկավարի մասին, պարզվեց, որ երկքաղաքա ցիություն ունի: Կնոջ` անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Հարությունյանի հետ ինչ-որ պահի Ռուսաստան են մեկնել: Ի տարբերություն շատերի` հաջող գործունեություն են ծավալել, բայց վերադարձել են ու նորից հաստատվել Մրգաշատում:

- Ղեկավարից շատ բան է կախված: Ամեն հայ սիրում է իր տունը, իր հայրենիքը, բայց երբ մարդն իր հանդեպ ուշադրություն չի զգում, եթե դժվարին պահին օգնող կամ գոնե հուսադրող մեկին չի գտնում, հուսահատվում է ու խռովում հայրենիքից: Մեր գյուղում մարդիկ արտագաղթի մասին չեն մտածում, որովհետև գյուղապետը միշտ բոլորի կողքին է: Ավելին, նա միշտ տոներ է պարգևում մարդկանց, իսկ դա ուշադրություն է, ինչի կարիքը բոլորն ունեն,- ասում է Գևորգ Մարգարյանն ու տանտիրոջ ինքնավստահությամբ բացում գյուղի գրադարանի դուռը:

Նա արդեն ճշտել էր, որ համայնքի ղեկավարը գրադարանում է, որին հարող տարածքում էր նշվելու Մաճառի տոնը:

Մաճառի, այսինքն կիսահաս գինու տոնը Մրգաշատում հաստատված ու բնակչության սիրելի ավանդույթներից է: Ամեն հաստատություն արդեն հյուրընկալ իր սեղանն էր պատրաստել ու սպասում էր հյուրերին: Իսկ հյուրերը քիչ չէին. մարզպետի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցներից բացի նաև հարևան գյուղերից, նույնիսկ Հայաստանի ավելի հեռավոր բնակավայրերից էին եկել` մրգաշատցիների պատրաստած անզուգական մաճառը համտեսելու: Ինչո՞ւ չէ` նաև իրենց տրամադրությունը բարձրացնելու և ամեն օր չասվող բարի մաղթանքները տանտերերին հղելու:

Արմավիրի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանի հետ զրույցը հակիրճ էր, բայց` տարողունակ: Գործի մարդ է նա, ոչ թե խոսք-խոստումներ շռայլող, և իր հակիրճ պատասխաններով կարողացավ թե´ իր աշխատանքային առօրյան ու թե գյուղում, իշխող բարի դրացիության մթնոլորտը ներկայացնել, և թե իր գլխավոր հոգսից խոսել: Իսկ այդ հոգսը մեկն է` հնարավորինս նպաստել, որպեսզի հողագործը կարողանա թոթափել հոգսերը:

- Ինձ շատ մտահոգում էր գյուղի ճանապարհը, որը, երևի նկատեցիք` արդեն նորոգվում է: Համայնքում նորոգման կարիք ունեն միայն դպրոցները, մյուս բոլոր հաստատությունները նորոգված են` մշակույթի տունը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան, գրադարանը, 19-րդ դարի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին… Աշխատում ենք, ապրում հողագործությամբ,- ասում է Գ. Դանիելյանը:

- Ավանդույթների մասին մոռացաք, բայց կարծիք լսեցինք, որ դրանցից շատերը Ձեր նախաձեռնությամբ են հիմնադրվել ու Ձեր շնորհիվ են պահպանվում: Ի՞նչն է Ձեզ տրամադրում` այսքան նվիրումով աշխատել: Ինձ հանդիպած առաջին համայնքի ղեկավարն եք, ով չի տրտնջում բյուջեի սղությունից և լիաբերան ասում է, որ ամեն ինչ արվում է համայնքի բյուջեի միջոցներով. իսկ արվածը պատկառելի է: Մրգաշատի բյուջեն ավելի մե՞ծ է, քան մյուս համայնքներինը:

- Բյուջեն բոլորին հատկացվում է նույն սկզբունքով. ամեն համայնքի` իր բնակչության չափով: Մերը բավարարում է: Ինչ վերաբերում է ավանդույթներին, բոլորը թվարկել երևի չհասցնեմ (նայում է ժամացույցին. տոնախմբությանը հաշված րոպեներ են մնացել-Թ. Ղ.). Մայրության ու գեղեցկության, Հաղթանակի տոները, զոհված ազատամարտիկների հիշատակի խնկարկումը (գյուղը երեք զոհ է տվել Արցախյան ազատամարտին և մեկ անհետ կորած): Գյուղի տարեցներն անհամբերությամբ են սպասում ամռան այն օրերին, երբ նրանց մեկօրյա հանգիստն ենք կազմակերպում Հանքավանում կամ Ծաղկաձորում: Չմոռանամ նաև մեր ըմբիշներին. 30 լավ ըմբշամարտիկներ ունենք, որոնց մրցելույթները հաճույքով են դիտում համագյուղացիները:

Այս տարի խաչքար տեղադրեցինք` Հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված: Մեր համագյուղացի զոհված ազատամարտիկների ընտանիքներին տարեկան 2 անգամ ֆինանսական օժանդակություն ենք ցուցաբերում և նրանց այլ խնդիրները լուծում` որ պահին էլ որ դրանք ծնվեն: Ամեն նոր ծնվող մրգաշատցու 30 հազար դրամ ենք նվիրում, սրտի վիրահատության կարիք ունեցողներին` 100-200 հազար դրամ հատկացնում: Գյուղապետարան դիմող վատառողջներին նույնպես որոշակի գումար ենք տրամադրում, իսկ հանգուցյալների ընտանիքներին մեքենա, ծաղկեպսակ և 50 հազար դրամ` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Մի խոսքով, ամեն հարցում փորձում ենք բնակչի կողքին լինել, որ մարդիկ անօգնական չզգան իրենց, չհիասթափվեն ու չհեռանան:

- Այն ամենն, ինչ պատմում եք Դուք և մեզ հանդիպած մրգաշատցիները, միայն մեկ բան են հուշում. Դուք շատ եք սիրում համայնքն ու նրա մարդկանց: Որտե՞ղ է այդ սիրո ակունքը:

- Նախ` գյուղն իմ ծնողների ու իմ ծննդավայրն է, որը չսիրել չես կարող: Բացի այդ, համագյուղացիներիս հանդեպ սերը փոխադարձ է, իսկ փոխադարձ սիրուց միշտ բարին ու բարիք է ծնվում:

- Գուցե կատակ համարեք ասելիքս, բայց ամենայն լրջությամբ եմ ասում. համայնքի բյուջեն այսքան տարողունակ դարձնելով` Դուք «հարվածում» եք մյուս այն համայնքների ղեկավարներին, ովքեր անվերջ դժգոհում են բյուջեի պակասից:

- Այդպիսիներին տասնապատիկն էլ չի բավարարի:

Գևորգ Դանիելյանը շտապում է` տոնակատարությունը սկսել, իսկ մենք գրադարանի վարիչ Լարիսա Խաչատրյանից հետաքրքրվում ենք` գրադարանն ընթերցողներ ունի՞:

- Շա´տ,- բազմանշանակ ժպտում է Լ. Խաչատրյանը:- 12 հազար կտոր գիրք ունենք: Ստիպված ենք նույնիսկ վերցված գիրքը վերադարձնելու կոնկրետ ժամկետ նշանակել, որպեսզի մյուս ընթերցողներին չսպասեցնենք: Դպրոցականներին նախապես ներկայացնում ենք հետաքրքրող գիրքը, որպեսզի նա նախապես պատկերացնի տվյալ ստեղծագործության էությունը: Ակտիվ ընթերցողներ շատ ունենք, բայց կուզենայի առանձնացնել հատկապես Արտավազդ Զիրոյանին: Առաջիկա հունվարին գյուղովի կտոնենք նրա ծննդյան 100-ամյակը: Ուսուցիչ է եղել և այսօր էլ առողջ բանականություն ունի: Գիրքը կարդալուց կամ վերընթեռնելուց հետո անպայման քննարկում է ինձ հետ, կարծիք հայտնում: Նաև ինքնակենսագրական գիրք է գրել ու նվիրել մեր գրադարանին:

Մրգաշատում ասելիք ունի յուրաքանչյուրը, սակայն մաճառի տոնն իր հորձանուտն էր առել բոլորին: Աշխույժ եռուզեռն ընդմիջվում է մի պահ միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հակիրճ խոսքի ընթացքում.

- Ես շատ լավ պատկերացնում եմ գյուղացու դժվարությունները և այս օրերին ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղողի ոչ մի ողկույզ չմնա այգիներում: Այսօր տոն է, և մարզպետարանի, մարզի բնակչության և իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ մրգաշատցիներին` այս հրաշալի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ ձեր քրտինքով ստեղծած բարիքներն օգտագործեք ձեր ըտանիքների բարօրության համար, և ձեզ հետ միասին կերտենք այն երկիրը, որտեղ ուզում ենք, որ ապրեն մեր սերունդները:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ