Չկայացած զոքանչի առատաձեռնությունը 


Ամերիկյան Սակրամենտոյի (Կալիֆոռնիայի նահանգ) շքեղ հյուրանոցներից մեկում ամենաիսկական խրախճանք էին կազմակերպել անտունների համար: Առիթը կամ պատճառը չեղարկված հարսանիքն էր, իսկ չքավորներին այդ անակնկալը մատուցել էր հարսնացուի մայրը:

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, 35 հազար դոլարով նախապատրաստված հարսանիքից հրաժարվել էր փեսացուն: Բայց այնքան ուշ էր հրաժարվել, որ այլևս հնարավոր չէր ձեռք քաշել բանկետից: Եվ այդպես էլ զոքանչ չդարձած Քարի Դուեյնը որոշել էր աղքատներին հաճելի անակնկալ մատուցել:

Տեղի անտուններն այդ օրը հնարավորություն ստացան ճաշել Citizen հյուրանոցում:

- Պարզապես հրաշք է այսպիսի նվերը, երբ քեզ համար դժվարին ժամանակներ են, և դու ամեն օր պայքարում ես, որպեսզի ընտանիքդ կերակրես,- խոստովանել է բազմազավակ անօթևան Ռաշադ Աբդուլան:

Իսկ խրախճանքի կազմակերպիչն ասել է`

- Եթե նույնիսկ ընդամենը մեկ մարդ գար, ես կհամարեի, որ նա արժանի է դրան:

Բանկետի հաջորդ օրը մերժված հարսնացուն էլ մեկնել է Բելիզ` ծրագրված հարսանեկան ճամփորդության: Նրան չի վշտացրել այն, որ ամուսնու փոխարեն իրեն ուղեկցելու է մայրը:

Էն ո՞վ էր ասում, թե տղամարդիկ փոփոխամիտ չեն…