Քարվաճառը միշտ կմնա իր հայեցի անվամբ


Անցնող շաբաթվա ընթացքում տարածաշրջան` Երևան-Ստեփանակերտ-Բաքու երթուղով հերթական այցը կատարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան): Կար ժամանակ, երբ համանախագահների յուրաքանչյուր այց իրարանցում էր առաջացնում հանրության շրջանում. շատերն անհանգստացած լարվում էին հեռուստաէկրանների առջև` անհամբերությամբ սպասելով, թե ինչ կհաղորդեն համանախագահների վերաբերմունքի մասին: Այսօր, թերևս, կարող ենք փաստել` մեզանում արդեն սովորել են, որ Մինսկի խմբի համանախագահները եռամսյակը մի քանի անգամ այցելեն, համտեսեն հայկական խաղողն ու կոնյակը, հասկանալի է` նաև արդեն Եվրոպաներում ու Ամերիկաներում ճանաչում գտած Ղարաբաղյան թթան օղին ու թոթը: Եվ դրանում պարսավելի ոչինչ չկա: Թող գան ու գնան, ինչքան շուտ-շուտ` այնքան լավ. Ղարաբաղի տեղն ու գոյությունը չեն մոռանա... Ուրեմն, համանախագահներն ասացին, որ եկել են հակամարտող կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի կայացման նոր սխեմաներ գտնելու և դրանք կողմերին առաջարկելու: Իհարկե, նաև չմոռացան հերթական անգամ կրկնել բազմիցս ասվածը` հակամարտությանը խաղաղ լուծումն այլընտրանք չունի, ռազմական լուծումը բացառվում է… Խնդիրն այն է, որ տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների ժամանելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հասցրել էր Եվրոպայում մերժել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու մասին համանախագահների` բազմիցս կրկնված առաջարկը` ասելով. - Հայերը պետք է հետ քաշեն զորքերն իրենց բռնագրաված ադրբեջանական հողերից, և դիպուկահարների գոյությունն այլևս անհրաժեշտություն չի լինի: Իսկ իր վրացի գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ ասուլիսում արդեն չգիտես որերորդ անգամ կրկնել էր ադրբեջանական դեմագոգիան` հակամարտությունը «խաղաղ կարգավորելու» ադրբեջանական տարբերակը: Ուրեմն, համաձայն դրա, անպայման անհրաժեշտ է ազատագրված Ղարաբաղը, հարակից յոթ` թուրքադրբեջանական տիրապետությունից նույնպես ազատագրված շրջաններն ազատել հայկական զինուժից, բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների (իհարկե խոսքն ադրբեջանցի փախստականների մասին է) վերադարձի համար և սկսել միասին աշխատել հաշտության մեծ հռչակագրի տեքստի մշակման վրա: Ծանոթ բարբաջանք է: Ծանոթ է նաև այդ բարբաջանքին Հայաստանի արտգործնախարարի հակիրճ ու զուսպ պատասխանը` Ադրբեջանի առաջադրած թեզը չի համապատասխանում Մինսկի խմբի` հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը: Այսքանից հետո անհասկանալի է մնում, թե փոխվստահության ի՞նչ մթնոլորտի, այդ մթնոլորտի ստեղծման ի՞նչ մեխանիզմներ գտնելու մասին կարող է խոսք լինել: Ոչինչ, համանախագահները թող հաջորդ ամսվա վերջին էլ, ինչպես արդեն ասել են` ևս մի անգամ այցի գան Արցախին, այնտեղ վայելեն թոթի օղին ու գնան իրենց եվրոպաներում պատմեն, թե ինչքան լավ է հայկականությունը վերականգնած այդ փոքրիկ հողակտորում: Թող Ադրբեջանն էլ բավարարվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ժամանակա վոր անդամի կարգավիճակով ու Ղարաբաղը վերստին նվաճելու հույսեր փայփայի: Ռուսական ասացվածքն ասում է` երազելը վնասակար չէ… Բայց համանախագահները երևի արդեն տեսել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կառուցվող երեք մետրանոց պատը: Ու ինչքան էլ մեր հարևանները ասած կլինեն, որ պատն անհրաժեշտ է ադրբեջանցի խաղաղ բնակիչներին հայ դիպուկահարների կրակոցներից պաշտպանելու համար, համանախագահներին հասկանալի պետք է եղած լինի, որ պատի կառուցումը, թերևս, Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի փաստացի ճանաչման վկայությունն է: Ու մինչ Ադրբեջանը պատ կկառուցի, կմխիթարվի ՄԱԿ-ի ԱԽ թեկուզ ժամանակավոր անդամությամբ և գլխից մեծ ու անիրականանալի երազներով կտարվի, Հայաստանն ու Արցախը, ողջ հայությունը ուս-ուսի տված` Արցախից Հայաստան տարածությունը 150 կմ-ով կրճատող նոր ճանապարհ են կառուցում, որն անցնում է Քարվաճառով դեպի Գեղարքունիքի մարզ: Այսինքն, այս ճանապարհի կառուցումով վերանում են այն թերահավատների մտավախությունները, թե Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության ճնշումների ազդեցությամբ կարող են Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները: Ասել է թե` հայեցի անվանումը վերգտած Քարվաճառն Քելբաջար այլևս չի դառնա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ