Ինչո՞վ է պայմանավորված


Վերջերս լրատվամիջոցներից մեկի հին համարները թերթելիս, ուշադրությունս գրավեց հետևյալ տեղեկատվությունը. «Նրանք, ովքեր կարծում են, թե բրիտանական պառլամենտի անդամները փայլուն են տիրապետում հռետորական արվեստին, խորապես սխալվում են: Զառամյալ լորդ Ջոն Մագդոնալդը Լորդերի պալատում գտնված իր 38 տարիների ընթացքում չէր արտասանել ոչ մի ճառ: Վերջերս նա որոշեց վերջապես երևալ պառլամենտական ամբոխում: Բարձրացավ ամբիոն, բաց արեց բերանը և ... նորից նստեց տեղը: Հուզմունքից նա մոռացել էր իր ճառի տեքստը»: Նրանց «Ծիծաղի և լուրջի» խնդիրը մի կողմ` մտքովս անցավ մեր խորհրդարանի առանձին անդամների «փակբերանությունը»: Եվ ի՞նչ, փոխանակ ինքս անուններ և փաստեր հավաքելու-համակարգելու, որոշեցի սույն ռեպլիկով դիմել բազմահազար ընթերցողներիս` հետևյալ առաջարկությամբ. Եկեք յուրաքանչյուրս ասենք, թե, մեր կարծիքով, ո՞վ կամ ովքե՞ր են մեր խորհրդարանի ամենաերկարակյաց ու նաև` ամենալռակյաց, ամենահուզված և ամենամոռացկոտ անդամները և, եթե նեղություն չէ, ինչո՞վ է պայմանավորված նրանց այդչափ «համեստությունը». հռետորական արվեստին (ժողովրդական լեզվով ասած գրել-կարդալուն) չտիրապետելո՞ւ պատճառով, թե՞ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու մտահոգությամբ: Կամ, գուցե, «լռութունը ոսկի է» կարգախոսի տրամաբանությա՞մբ:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ