Մեքենատերերն էլ չդիմացան


Ալիևյան վարչակարգի հանդեպ աճող դժգոհությունը Ադրբեջանում նորանոր դրսևորումներ է ստանում: Վարորդների բազմանդամ ընտանիքը մինչև հիմա իշխանությունից դժգոհելու առիթներ երբևէ չի ունեցել, սակայն ոստիկանական համակարգում կոռուպցիան ու զանազան մեքենայություններն արդեն այնքան են տարածվել, որ մեքենատերերն են հանրահավաքներ կազմակերպելու նախաձեռնություն ստանձնել: Նախօրեին Բաքվի ճանապարհային ոստիկանության շենքի առջև բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել: Բողոքավորները վստահեցրել են, որ ՃՈ աշխատակիցներին վճարված տուգանքները համակարգիչների մեջ չեն մուտքագրվում, ու չնայած հաճախ նաև տուգանքը վավերացնող կտրոն է տրամադրվում, բայց գումարը ոստիկանների կողմից մեծամասամբ գրպանվում է: Թվում է, թե կնիքով կտրոնի առկայությունը քաղաքացուն լիովին կարող է ազատել հետագա գլխացավանքից: Հակառակը` դեպքեր են եղել, երբ նույնիսկ մեքենաների հանդեպ հետախուզում է հայտարարվել զավեշտալի` պետության հանդեպ պարտավորությունները կատարելուց իբր թե խուսափելու պատճառով: Վարորդներն էլ այս դեպքում իշխանություններին առաջարկում են աչքերը մի փոքր ավելի լայն բացել ու վերջապես նկատել, թե ով է իրականում անտեսում ու արհամարհում պետությանը և նրա միջոցները խժռում… Նույնիսկ Ադրբեջանում են հասկացել, որ կարելի է կիրառել տուգանքները գանձելու ամենապարզ և աշխարհում տարածված` վճարումները բանկային համակարգի միջոցով իրականացնելու եղանակը: Սակայն իշխանությունը շարունակում է անտեսել ոստիկանության համակարգին վերագրվող ահռելի ստվերային շրջանառության ու գերկոռումպացված լինելու մասին պնդումները: Ավտովարորդների բողոքի ցույցից հետո Ադրբեջանի ընդդիմադիր մամուլն սկսել է արձանագրել, որ Հեյդարօղլին անգամ նման հարցերում չի կարողանում նվազագույն հետևողականություն ցուցաբերել, մանավանդ, երբ տուգանքներից առաջացած գումարները հենց իր վարչակարգի դրամական պահուստները կարող են համալրել` ապահով դարձնելով ու երկարակեցություն հաղորդելով դժվարին ժամանակներ ապրող վարչակարգին: