Մեր երազանքների միակ իրականացնողը կարող է լինել ԲԱՆԱԿԸ


Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների զավակ է արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀՀ գրողների միության նախագահության անդամ, Հայաստանի լրագրողների միության փոխնախագահ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ: Հայրենադարձվելուց հետո ընտանիքը բնակություն է հաստատել Արաբկիրում, որտեղ թևաբեկ մեր ժողովրդի` ջարդերից փրկված, Արևմտահայաստանից գաղթած մի բեկոր էր ծվարել: Նրա մանկության հեքիաթը հյուսվեց տեղահանված, հայրենի տնից կտրված տարեցների կարոտի ու ցավի պատմություններով: Դրանք խորը հետք թողեցին նրա հոգում, դարձան ուղեկից և հետագայում արտացոլվեցին ստեղծագործություններում: Հարուստ ու գունեղ մի աշխարհ է Գրիգոր Ջանիկյանի ստեղծագործությունը, ուր իշխում է անկեղծությունը: Յուրահատուկ իր ձեռագրով նա ապրեցրեց Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհած մեր հերոսների սխրանքները: Նրանց կյանքի, անձնազոհության, նվիրումի մասին պատմությունները դարձան յուրահատուկ դաս, նրանց նկարագիրը` հայրենասիրության օրինակ` սերունդների համար: Գրիգոր Ջանիկյանի գրչին են պատկանում «Իսկապես, ինչպիսի՞ն է աշխարհը», «Մահին հաղթողները», «Հավատարիմ երազանքին», «Հավերժական ճանապարհ», «Մահապարտները», «Ջոկատը, որ կոչվում էր Մեծն Մուրադ», «Եռաբլուր», «Հաղթազենները», «Հայերի դատը Փարիզում» և այլ ստեղծագործություններ: Գրական¬գեղարվեստական, հրապարակախոսական գործերի համար արժանացել է «Գարուն» (Երևան), «Ավրորա» (Սանկտ-Պետերբուրգ), «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրերի, «Գրական թերթ»,«Հայ զինվոր» պարբերաթերթերի, ՀՀ Պաշտպանության նախարարության տարվա լավագույն հրապարակման, ինչպես նաև «Գրականություն պատանիներին», «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակներին: «Մահապարտները» երկի համար ստացել է Հայաստանի Գրողների միության տարվա (2002 թ.) լավագույն հրապարակախոսական գրքի մրցանակը: Հայաստանի Լրագրողների միության «Ոսկե Գրիչ» մրցանակի դափնեկիր է: Նրա «Եռաբլուր» դիմաշարային վեպին շնորհվել է «Հայը 21¬րդ դարասկզբին» առաջին մրցանակ: - Ձեր ստեղծագործություններում յուրահատուկ տեղ ունի Արցախյան ազատամարտի և առհասարակ բանակի թեման: Ինչո՞վ է դա պայմանավորված: - Երբ առաջին անգամ թույլտվություն էի ստացել Արևմտահայաստան գնալ, ոտքով անցա այն ամբողջ ճանապարհը, որն անցել էր մայրս` ջարդերի ժամանակ, երբ ընդամենը 4 տարեկան էր: Անցա և մորս նամակներ գրեցի, թեև արդեն նա չկար: Ինչո՞ւ իմ թեմային միախառնվեց բանակը: Ես համոզվեցի, որ մեր երազանքների միակ իրականացնողը կարող է լինել բանակը: Նաև համոզվեցի, թե որքան ճշմարտացի է «Միայն զենքի մեջ կա փրկություն» արտահայտությունը: Պայքարի բոլոր միջոցները 60-70 տարի որևէ արդյունք չէին տվել: Ես զբաղվել եմ ԱՍԱԼԱ¬ի գործունեության ուսումնասիրությամբ ևս: Նրանք էլ` այդ 20 տարեկան տղաները, ելել էին զինված պայքարի, որովհետև հասկացել էին, որ դիմումները, խնդրանքները որևէ օգուտ տալ չեն կարող: Նրանց պայքարի նպատակը մեր ազգային դատի վրա ուշադրություն սևեռելն էր, և հասան դրան: Իսկ բանակն իրականացրեց մեր նվիրական ազգային երազանքը: Երբ առաջին անգամ ազատագրված Արցախ գնացի, արտասահմանում ապրող բարեկամներիս գրեցի` «դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում ազատագրված տարածքի վրա առաջին անգամ ոտք դնել»: Այդ մասին 100-ամյակներ շարունակ երազել էին իմ ծնողները, պապերը: Եվ երազանքն, ի վերջո, իրականացել էր: Դա շատ դժվար բան է: Ես հիմա ամեն առիթով ու նաև անառիթ իմ մտահոգությունն եմ հայտնում, որ եթե Արցախի հարցում տանուլ տանք (չնայած համոզված եմ` այդպես լինել չի´ կարող), ամբողջ աշխարհի ու մեր պապերի հիշատակի առաջ ամոթով կմնանք: Մենք ունենք պետականություն, Դրոշ: Սակայն մեր նպատակներն իրականացնող միակ իրական, շոշափելի ուժը Բանակն է: Որովհետև որևէ Դրոշով սահման պահել չենք կարող: Բանակը պետականության խորհրդանիշն է, մեր երազանքներն իրականացնողը: Մեր դարավոր երազանքի իրականացումը տեսնում եմ հայ զինվորի մեջ: Տարբեր առիթներով գրել եմ, որ երբ կարոտում եմ Արևմտահայաստանը, բարձրանում եմ Շուշիի բարձունքը, այնտեղից տեսնում եմ Արևմտահայաստանը: Այսինքն` իմ համոզմամբ այն պայքարը, որ սկսվել է Շուշիի ազատագրությամբ, խորհրդանշական է, այն շարունակվելու է: Արևմտահայաստան գնալու ենք Շուշիի ճանապարհով, ուժով, հզորությամբ: - Ինչպե՞ս կգնահատեք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Արդյո՞ք բավարար եք համարում հոգածության և ուշադրության չափը: - Այն տղաներին, որ ծառայում են մեր Զինված ուժերում, երկնքից չենք հավաքել: Նրանք մեր հասարակության մի մասն են: Կողք-կողքի ծառայում են մտավորականի և բանտից փախածի զավակները: Այս խայտաբղետությունը պետք է հարթի հրամանատարությունը: Երբ ազգային¬ազատագրական պայքարն ավարտվեց հաղթանակով, և ձևավորվեց մեր բանակը, հրամանատար դարձան երեկվա ազատամարտիկները, ովքեր չունեին զինվորական կրթություն, բայց ունեին ինքնաբուխ հայրենանվիրում: Այնուամենայնիվ, միայն այդ տղաների ջանքերով բանակը չէր կարող կայանալ և ամրապնդվել: Ժամանակին Վազգեն Սարգսյանը ճիշտ նախաձեռնությամբ հանդես եկավ: Մեր լավագույն տղաները գնացին Հունաստան, Ռուսաստան` բարձրագույն ուսհաստատություններում կրթություն ստանալու: Սակայն այդ երկրների բանակներն այսպես ասած` ձևական են: Հունաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, բայց ազատագրական պայքարի մասին չի մտածում: Մեր տղաներն այնտեղից գիտելիքների հետ բերում են և այդ իներտությունը: Մինչդեռ մենք պատերազմական իրավիճակում ենք: Մեզ պետք են այնպիսի սպաներ, ովքեր բանակը կպահեն սթափ և զգոն: Մեր բանակի կայացումը կախված է միմիայն սպայակազմից: - Նաև մենք ունենք մեր ռազմական ուսհաստատություններ, որոնց շրջանավարտները համալրում են Զինված ուժերի շարքերը: - Այո´, ունենք, բայց այնտեղ էլ նույն զորամասային իրավիճակն է, նույն հրամանատարներն են: Ամեն պահի մենք պարտավոր ենք հիշել և գիտակցել, որ չենք կարող հույս կապել ա´յլ պետությունների հետ. այդ պատճառով ստեղծել ենք մեր բանակը: Քանի որ 2 տարին կարճ ժամանակահատված է, մենք պետք է ունենանք այնքան հայրենասի րություն, որ հրամանատարներին օժանդակենք: Օգնենք` դեռ դպրոցում, ընտանիքում: Մեր օրերում բոլոր ունևոր ծնողներն արժանապատվությունից ցածր են համարում, որ իրենց զավակները ծառայեն, բոլոր ոչ ունևոր, բայց ճարպիկ ծնողները որդիներին փախցնում են արտասահման: Ծառայության է գնում անօգնական, անճար ծնողի զավակը: Նրա մեջ հենց սկզբից չարություն կա, թե ինչո՞ւ է ինքը ծառայում, իսկ հարևանի տղան` ոչ: Ինչպե՞ս պետք է օգնենք: Երբ արտագաղթը մեծ չափերի հասավ, մի քանի օր շարունակ գնում էի օդանավակայան` փորձելով պարզել երկրից հեռանալու պատճառները: Երբ հետաքրքրվեցի` բոլորը դժգոհ էին նյութական վիճակից: Իսկ անապահով ծնողը չի կարող ինչպես հարկն է զբաղվել իր երեխայով: Ունենք մի շատ կարևոր օղակ ևս` դպրոցը: Մանկավարժը ևս չնչին գումար է ստանում, բայց նրան չպետք է լքի այն գիտակցումը, որ հայրենասեր սերունդ է դաստիարակում, ապագա զինվոր, ՀՀ քաղաքացի: Այո´, մեր հնարավորություններն անսահմանափակ չեն: Փոքր երկիր է, և բոլոր բացերը կարող ենք հայրենասիրության ոգով լրացնել: Այդ ոգին երբեմն անկում է ապրում` նյութական դժվարություններով պայմանավորված: Քանի որ մեկն աղբարկղն է փորփրում, մյուսը պալատներ է կառուցում: Արտասահմանում այս երևույթները բնական են համարվում: Իսկ մեզանում իշխում է հավակնոտությունը, թե ինչու նա ունի, ես` ոչ: Եվ բռնում են արտագաղթի ճանապարհը: «Եռաբլուր» գրքիս շուրջ բազմիցս քննարկումներ են կազմակերպվել դպրոցներում: Աշակերտները խոսում էին հերոսների մասին, նույնիսկ նամակներ են գրել նրանց: Ես հավատում եմ այդ երեխաներին: Մեր հերոսների մասին պատմող գրքերը, որոնց արժեքը վավերականությունն է, հայրենասիրությամբ, պատասխանատվության զգացումով են համակում մատաղ սերնդին: Մենք` գրողներս, պետք է մտնենք ամեն դպրոց ու տուն, մեր հերոսների իրական պատմություններով կրթենք երեխաներին, հասցնենք հայրենասի րության այն մակարդակին, որն օդի պես անհրաժեշտ է մեր հայրենիքի պաշտպանության համար: Դեպքերը, որ տեղի են ունենում մարտական հենակետերում և բոլորիս ցավ են պատճառում, ճշմարիտ են: Եվ բանակն էլ չի քողարկում դրանք: Ես հաճախ եմ լինում դիրքերում և հավատացնում եմ, որ հակառակորդի կողմից սպանված յուրաքանչյուր զինվորի վրեժը լուծվում է: Պատերազմող երկրներում այսպիսի իրավիճակներն անխուսափելի են: Իհարկե, դրանք կարող են ավելի քիչ լինել: Դա կախված է նաև սպայակազմից: Չի կարելի մեր զինվորներին մեղադրել վայրենության, բարբարոսության մեջ: 100¬ավոր տարիների պատմություն ունեցող ռուսական բանակում բազմաթիվ ներքին զոհեր են լինում: Ես չեմ ուզում, որ մեր բանակում անհեթեթ զոհեր լինեն, բոլորիս համար դա ցավալի է, բայց բանակն այնպիսի օրգանիզմ է, որ այդպիսի միջադեպերն իսպառ բացառել անկարելի է` ինչպես քաղաքացիական հասարակությունում: Չէի ցանկանա համեմատություն անել, բայց եթե դիմենք վիճակագրությանը, պարզ է դառնում, որ քաղաքացիական կյանքում ավելի շատ են ցավալի դեպքերը, զոհերը, քան` բանակում: Ուզում եմ բոլորը գիտակցեն` եթե պետականություն ենք ստեղծել, պետք է կրենք ոչ միայն դրա հպարտությունը, այլև բեռը, որը կարող է ծանր լինել: Մեր հասարակությունը դեռ չգիտի, թե ինչ է պետականությունը: Մենք պետական ըմբռնումով ազգ չենք դարձել: Պետք է բոլորս մեր հայրենիքի համար պատասխանատու լինենք: Յուրաքանչյուրս պիտի իրենը համարի հայրենիքը, բանակը, դպրոցը: Եթե պետական մտածելակերպ ունենանք, կստեղծենք այն երկիրը, որ երազում էին այս պետականության, Արցախի ազատագրության համար զոհված մեր հերոսները: - Ի՞նչ կասեիք մեր զինվորներին: - Մեր խոսքը զինվորին պիտի ասենք նախքան բանակ գնալը: Նա պետք է իմանա ո՞ւր է գնում, ի՞նչ նպատակով և հանուն ինչի՞: Գնում է հայկական բանակ` պաշտպանելու իր ծնողների խաղաղությունը, մեր հայրենիքը և պետականությունը: Զինվորը պիտի ծառայության գնա ա´յս գիտակցումով և բոլոր անխուսափելի թվացող դժվարությունները կհաղթահարի: Միանշանակորեն` մեր բանակը տարածաշրջանում ամենաապահովն է: Մեր զինվորն էլ պետք է գիտակցի, որ լավ բանակում է ծառայում: Նա պետք է պատվով ծառայի, սիրի հայրենիքը և հպարտանա, որ հայ զինվորի համազգեստ է կրում: Արտասահմանում բարեկամներ ունեմ, ովքեր Հայաստան գալով առաջին հերթին ցանկանում են փաթաթվել հայ զինվորին և նկարվել նրա հետ: Զինվորը պետք է այդ պատվին արժանի լինի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ