«ԻՄ ԿՈՒՌՔԵՐԸ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆ»


Իր ծննդյան 75-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ նշանավոր գրող ու թատերագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Նորայր Ադալյանը թախիծով ասաց, որ իր գրական կուռքերը` Բակունցը, Թոթովենցը, Մահարին հոբելյաններ չունեցան, ավելին, Բակունցն ու Թոթովենցը շատ երիտասարդ հեռացան կյանքից: Գրողի այս տխուր հայտարարությունն էլ առիթ դարձավ մեր զրույցի: - Դուք մեր այն եզակի գրողներից եք, ով մշտապես խոսում է անցյալի մեր մեծերի մասին, յուրովի խնկարկում նրանց հիշատակը: Մի՞թե դուք այդչափ սիրում եք անցյալը: - Ես սիրում եմ ապրվող ներկան, սիրում եմ արդիականությունը, սակայն ներկան շաղկապված է անցյալին: Չի կարող անօդ տարածության մեջ ներկա ձևավորվել, արդի գրականություն ու արվեստ ձևավորվել: Անցյալ է պետք, անցյալի հիշատակներ ու արժեքներ են պետք, որպեսզի ամեն ինչ դիտարկվի շարունակականության մեջ: Անցյալը միայն մեռելապաշտներն են սիրում, իսկ ես ինչպե՞ս կարող եմ միայն ու միայն անցյալին կառչած մնալ, երբ իմ ողջ գրականությունը ներկայի վրա է հենվում, ներկայի մասին է: Իմ կուռքերն, այո, նրանք են, ովքեր այսօր մեզ հետ չեն: Դե կուռքն ուրիշ այլ կերպ չի կարող լինել. այն պիտի դասական լինի, անցյալից մեզ նայող լինի: Եթե մեկը պարփակվում է անցյալի մեջ և չի կապվում ներկային` նա կուռք չէ, դասական չէ: - Ձեր հոբելյանից օրեր առաջ Դուք Եվրոպայում էիք, մի քանի երկրներում եղաք, այցելեցիք նշանավոր դարձած Վերոնա քաղաք: Հո շեքսպիրյան Ջուլիետին չէի՞ք փնտրում: - Ինչու միայն Ջուլիետին: Նաև այսօրվա վերոնուհիներին, ովքեր Ջուլիետի նման գեղեցիկ են: Իմ տարիքում գեղեցկությունն առավել ամբողջական է դիտարկվում ու գնահատվում: Իսկ ավելի լուրջ` այո, ուզում էի տեսնել չքնաղ Ջուլիետի դղյակը, որը մի նոր հրաշալիք է դարձել: Աշխարհի տարբեր երկրներից են գալիս այստեղ, հիանում դղյակով և երկար կանգնում` սպասելով Ջուլիետին, ով պիտի երևա պատշգամբից և սիրապատար խոսքեր հղի Ռոմեոյին: - Դուք միշտ էլ առանձնակի ներշնչանքով եք խոսում սիրո մասին, գրում սիրո մասին: Անգամ Ձեր «Դավայաթաղ» վեպը սիրո մասին է` կյանքի գարուններից հեռացած մարդկանց սիրո մասին… - Ակնարկը հասկացա. իմ տարիքում սիրո մասին չեն գրում, չէ: Դե, 75 տարեկան ծերունի, ով շատ վաղուց անցել է սիրելու տարիքից և ով շատ բան էլ չի հասկանում այն սիրո մասին, որը ոմանց հորինվածքով համարվում է ժամանակակից: Սերը չի կարող լինել ժամանակակից կամ էլ ոչ ժամանակակից: Այն միշտ ժամանակակից է: «Դավայաթաղ»-ում ես պատկերել եմ այն մարդկանց սերը, ովքեր արդեն երիտասարդ չեն, բայց սիրում են ինքնամոռաց սիրով, խենթացած, որովհետև կյանքի իմաստը տեսնում են սիրո մեջ: Իմ ծեր հերոսները, ովքեր «արգելված» տեսահոլովակներ են նայում` բացահայտ քննադատելով «ապաբարոյականությունը»` նույնպես սիրահարված են, նույնպես ուզում են զգալ սիրո վայելքը… Այդպես է, աշխարհը սիրո վրա է կառուցված, մարդկային կյանքի շարժիչ ուժը սերն է: Ու կարևոր չէ, թե այս մասին որ տարիքում ես ասում: - Իհարկե, կարևոր չէ տարիքը: Կարևորը մեծագույն ճշմարտության ըմբռնումն է: Սիրո թեմայի բարձրակետը Ձեր թատերգության մեջ «Կինը և տղամարդը» պիեսն է: Զարմանալի, անգամ պարադոքսալ թափանցումներով եք պատկերել տղամարդու և կնոջ փոխհարաբերությունները: - Եկ ասենք` մարդկանց փոխհարաբերությունները: Առաջին հերթին` մարդկանց: Հետո նոր միայն այդ փոխհարաբերությունները դիտարկենք սեռային դիրքերից: Կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին շատերն են գրել, գիտեմ, որ մեկ տասնյակից ավելի պիեսներ հենց այդպես էլ կոչվում են` «Կինը և տղամարդը», բայց իմ խնդիրն այլ էր… Ես ցանկացել եմ ցույց տալ սիրո և´ տառապանքը, և´ վայելքը… - Ձեր գրականության մեջ կա ինքնակենսագրական նախադրույթ: - Իմ գրականության մեջ կա ինքնակենսագրական զգացողություն և աշխարհաճանաչողություն: Չէ, ի տարբերություն իմ հերոսների, ես բավարարվել եմ տասնամյակներ առաջ ձևավորված իմ մեծ սիրով, իմ ընտանիքով: Իսկ իմ հերոսները ծնունդ են առնում իմ երազանքներից, երևակայությունից… Ես ստեղծում եմ սիրո մասին պատմություններ, այնտեղ բնակեցնում իմ հորինած հերոսներին, որոնք հեռու չեն իրականությունից: Առհասարակ, շատ եմ սիրում սյուժեներ հորինել, պատմություններ հյուսել: Ուրիշների կաղապարներով չեմ առաջնորդվում: - Ուրիշների սերերի մասի՞ն էլ չեք գրում: - Գրում եմ սիրո մասին առհասարակ, իսկ թե դրանք ուրիշներինն են, թե` իմը, թող մնա ստեղծագործական գաղտնիք: - Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկայում էլի կգրեք սիրո թեմայով: - Իսկ միթե իմ արտաքինը հուշում է, թե ես շա˜տ ծեր եմ: Իհարկե գրելու եմ: Միայն թե շատ եմ ուզում, որ գրողի գրքերը կարդացվեն: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում և´ ինձ հավանողներին, և´ չհավանողներին: Եթե չեն հավանում, ուրեմն` կարդում են: Ուրեմն, կոչ եմ անում կարդալ: - Վաղն ի՞նչ եք անելու: - Վաղը հաշվելու եմ, որ արդեն 76-րդ տարվա առաջին օրն է, առավոտյան գնալու եմ Դրամատիկական թատրոն, որովհետև ես այնտեղ աշխատում եմ, իսկ հետո գնալու եմ իմ մյուս «աշխատավայրը»` սրճարան, որովհետև այնտեղ են ընկերներս, մտերիմներս, որովհետև այնտեղ մի ուրիշ կյանք է: Եվ, բնականաբար, գրելու եմ: Միշտ գրելու եմ: - Բայց Դուք երբեք ստեղծագործական ծրագրերի մասին չեք խոսում: - Ծրագրերի մասին չեմ խոսում, որովհետև նրանք ծնվում են արդեն գրական նյութի տեսքով և ինձ տանում իրենց հետևից: - Ուրեմն, թող անվերջ և անկանգ լինի այդ ճանապարհը: - Շնորհակալություն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ