ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է


Վերջին զարգացումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եւ Հայաստանի արտաքին քաղաքական ճակատում գալիս են վկայելու, որ եկավ «խաղաթղթերը բացելու ժամանակը», ինչի տակ անգլոսաքսոնական քաղաքականության մեջ հասկանում են ամենից առաջ վճռական մենամարտը, որտեղ հավասարապես կիրառելի են ուժային եւ մտավոր միջոցնե րը: Ուստի մենք էլ պետք է պատրաստվենք այդ վճռական մենամարտին եւ տեսնենք` ի՞նչ է մեզ սպասում: Արդեն պարզից էլ պարզ է, որ Վաշինգտոնը վերցրել է Ղարաբաղյան կարգավորման ղեկն իր ձեռքը եւ այլեւս ոչ մեկին այն չի զիջելու: Ռուսական եւ եվրոպական (ֆրանսիական) միջնորդությունները տապալվեցին ոչ միայն Քոչարյանի եւ Ալիեւի, այլ նաեւ ամերիկյան ջանքերի միջոցով: Ապա նորանշանակ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան բացահայտեց այն, ինչ մեծ հաշվով հայտնի էր բոլորին դեռեւս 1997-ին: Վերջին մեկ տարվա ընթացքում տպավորություն էր ստեղծվում, որ մեր երկիրը աստիճանաբար գլորվում է անդունդը, որ նրա կախվածությունը Ռուսաստանից դարձել է բացարձակ: Սակայն վերջին ամիսներին մենք տեսնում ենք, թե ինչպես Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, որոշակի տարաձայնությունների ժամանակաշրջանից հետո, եկան ռազմավարական համաձայնությունների փուլին, որտեղ էներգետիկ անվտանգության, Մեծ մերձավոր արեւելքում եւ հատկապես Իրանում, ինչպես նաեւ Ռուսաստանին վերահսկելի դարձնելու եւ նրա կայսերական ժառանգությանը տեր կանգնելու հարցերում Ատլանտյան օվկիանոսի երկու «ափերը» որոշեցին լինել միասնական, ինչպես դա տեղի ունեցավ 1990-ականներին Բալկաններում, որտեղ արեւմտյան քաղաքակրթությունը հետեւողականորեն իրագործեց իր ռազմավարությունը եւ միաժամանակ հասավ մի քանի խնդիրների լուծման` էթնիկ հակամարտութ յունների խաղաղեցում, բալկանյան ժողովուրդների ազգայնականության կոտրում, այստեղ դարերով հետարքրություններ ունեցող Ռուսաստանի վերջնական դուրս մղում եւ բալկանյան բոլոր երկրներին եվրոպական քաղաքականության ծիրի մեջ առնել: Այսօր այդ ուղեգիծը տարվելու է Արեւելյան Եվրոպայի երկրներում` Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում: Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիայի, Իրանի, Մեծ Մերձավոր Արեւելքի հետ կապող միջանցք կամ թռիչքադաշտ կազմելու պահից բացի, ներկայացնում է ինքնաբավ ռազմավարական հետաքրքրություն: Այն արեւմտյան քաղաքակրթության եւ քաղաքականության հաջող փորձարկման նմուշ դարձնելն այսօր ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար մարտահրավեր է: Սակայն նրանք պարտավոր են գործել ոչ միայն իրենց սեփական շահերից ելնելով, որ ինքնաբերաբար ընկալելի են: Մենք ինքներս պետք է ներկայացնենք մեր շահերը եւ պահանջենք, որ դրանք հաշվի առնվեն այն մեծ համաշխարհային խաղում, որն այսօր ծավալվում է մեր երկրի շուրջ եւ տարածաշրջանում: Առավել եւս, որ Միացյալ Նահանգները անցել են Հայաստանի նկատմամբ ճնշումների գործադրման փուլին: Սակայն պետք չէ ողբերգություններ սարքել եւ ընկնել հակաամերիկյան ալիքի տակ, կամ «վայեր» բացականչել, թե մենք վերջնականապես մեկուսացվում ենք: ԱՄՆ-ի համար խնդիրը ոչ միայն ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն է, այլեւ ներքինը: Այսօր ԱՄՆ-ն սկսում է ակտիվորեն ազդել Հայաստանի ներքին քաղաքականության վրա եւ կանի այնքան, ինչքան անհրաժեշտ է Հայաստանում իշխանության բերել արեւմտյան ուղղվածության առաջնորդներին: Մնում է միայն պարզել, թե ովքեր են դրանք լինելու: ԱՄՆ-ը տարեկան մոտ 20-30 մլն. դոլարի օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին: Ի դեպ, ժողովրդավարության մակարդակների մասին. հենց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցութ յամբ է մեր երկրում ծլում-ծաղկում կոռումպացված վերնախավը: Եթե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, ինչպես դա արեցին Չեխիայում, Սլովակիայում, Լիտվայում, Ռումինիայում, Հայաստանում էլ հստակ պահանջեին ժողովրդավարական բարեփոխումների անցկացում ու չֆինանսավորեին օրվա իշխանություններին, ապա դրան հակադրելիք չէր գտնվի: Ոչ առանց Արեւմուտ քի միջամտության այսօր ունենք Հայաստանում ոչ թե «ժողովրդավարության ֆորպոստ» տարածաշրջանում, այլ տարոնա-դաշքեսանայան խանություն եւ Աղդամի շուկա հիշեցնող զանգված:ԱՄՆ-ն առաջիկայում կգնա Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների, քանի որ պատերազմի պարագայում անկանխատեսելի եւ ավելի ազդեցիկ կդառնա Ռուսաստանի եւ Իրանի վարքագիծը: Գուցե ինչ-որ ժամանակ պատերազմը ԱՄՆ-ի համար շահավետ է եղել, սակայն այժմ, թիկունքում ունենալով Եվրոպայի աջակցությունը, ավելի հեշտ է լինելու Հայաստանին հասցնել ներքաղաքական ճգնաժամի: Մեծ հաշվով Վաշինգտոնի առջեւ երկու ընտրություն կա: Առաջինի` Սերժ Սարգսյանի մասին բոլորը գիտեն: Երկրորդը դեռեւս այս տարվա մարտին հրապարակեց Վանո Սիրադեղյանը, երբ առաջարկեց թե° ռուսներին, թե° օրվա իշխանություններին ընդունել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադաձի տարբերակը, եթե նրանք չեն ցանկանում, որ իրենք մնան լիակատար զրոյի վրա: Ասենք, նույն բալկանյան սցենարով: Այսօր Տեր-Պետրոսյանի «խաղադրույքներն» իրոք աճում են, եւ նա դառնում է ակնհայտ «ֆավորիտ»: Եվ դա այն բանի շնորհիվ, որ Առաջին նախագահը կարող է հաշվարկել մի քանի քայլ, մի քանի տարի առաջ, նա ունակ է տեսնել համաշխարհային զարգացումները եւ զգալ պատմության զարկերակը ամբողջության եւ հեռանկարի մեջ` ի տարբերություն իր նախկին եւ ներկա բազում զինակիցների եւ ներկա իշխանավորների, ովքեր ապրում են այսօրվա օրով, ովքեր ուզում են հենց այսօր ունենալ իրենց «քյարը» (այստեղ հենց նման բառն է պատշաճ այդ տեսակի համար, նրանք «շահ» բառի իսկական իմաստը չգիտեն), իսկ ապագան նրանց ամենեւեին չի հուզում: Արդեն պարզ է, որ այս տարվա նոյեմբերին Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Ուկրաինան եւ Վրաստանը կհրավիրվեն Դաշինքին միանալու գործընթացին: Հայաստանը եւս հետ չի մնալու: Անգամ իր այսօրվա դրածո իշխանություններով` նա սկսել է իր արտաքին քաղաքականության վերանայման ընթացքը: Ակտիվանում են կապերը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ, ընթացքի մեջ է ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության ծրագիրը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պատրաստ են նախաձեռնել Իրանից Հայաստանով եւ Վրաստանով դեպի Ուկրաինա եւ Եվրոպա վառելիքային նախագծերը: Վերջապես, Հայաստանն ինքնին չափազանց կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի ռազմավարության համար: Անգամ վերահսկելով Վրաստանը եւ Ադրբեջանը` Վաշինգտոնը չի կարող հանգիստ լինել, քանի դեռ չի վերահսկում Հայաստանը: Մեր երկիրն այն հենակետն է, որին տիրողը կարող է կա°մ խաթարել դիմացինի յուրաքանչյուր քայլը, կա°մ խիզախորեն նախաձեռնել սեփական քայլերը: Միով բանիվ` ով տիրում է Հայաստանին, տիրում է Կովկասին: Գուցե, սրա գիտակցումն է ստիպում աշխարհի հզորներին արագացնել իրենց օրակարգի մուտքը մեր երկիր:

ԴԱՎԻԹ ԶՈՐՅԱՆ