Քարոզչությո՞ւն, թե՞ հակաքարոզ


Իբրև սեփական կուսակցության հանդեպ անուրանալի սիրո դրսևորում, ՕԵ կուսակցության անդամներն սկսել են ճշտել նաև ժողովրդի համակրանքի «սանդղակաչափը»` փորձելով պարտադրել անդամակցելու իրենց պառակտվող թիմին: Ու, չգիտես ինչու, սեփական «բարեմասնությունների» ճոռոմաբանությունից հետո սկսում են գործազուրկ տանտիրուհու բամբասասիրությամբ նշավակել իրենց մրցակցին (թող ներեն մեզ հանրապետականները` ՀՀԿ-ՕԵԿ նման համեմատության համար): Ի մասնավորի, սեպտեմբերի 25-ին նրանցից երկուսն այցելել էին 16 թաղամասի 24 շենք և, սեփական կուսակցության «գովքն» անելուց հետո, փորձում էին վարկաբեկել «Հանրապետական» կուսակցությանը` մեղադրելով կրիմինալի տարրերով համալրվելու մեջ: «Բիրդան» հարստացածներով ուռճացածությունն, ուրեմն, կրիմինալ չէ...(՞): Որ ընդդիմություն դառնալուց հետո էլ ՕԵԿ-ը չի փոխել նախկին` տնետուն ընկած համակիրներ ճանկելու աշխատաոճը, սա դեռ մի կերպ կարելի է հասկանալ: Բայց սեփական կուսակցության քարոզչությունը ուրիշներին նսեմացնելու փորձով իրականացնելը արդյո՞ք նույնպես կրիմինալ չէ: Դե, անբարոյականությունն ու կրիմինալը հարազատ քույրեր կամ եղբայրներ (գուցեև` քույր-եղբայր) չե՞ն...

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ