Չանտեսվածներին` պարգևներ


Հայ ժողովրդի անկախության հիմնաքարերն իրենց արյամբ օծեցին ազատամարտիկները: Այսօր էլ նրանք շարունակում են պահել ու պաշտպանել մեր ժողովրդի դարավոր երազանքը, որի իրականացման 15-րդ տարելիցն ենք նշում ազգովի: Չնայած անկախության տոնն իսկ ԱՎՄ-ականները մեծ պարգև են համարում, բայց նրանցից շատերի համար օրը նշանավորվեց այլ պարգևների շնորհումով ևս. ԼՂՀ նախագահի, Հայաստանի պաշտպանության նախարարի, «Արցախի մայրություն» ՀԿ-ի և ԱՎՄ կուսակցության կողմից շքանշանների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան բազմաթիվ ԱՎՄ-ականներ: ԱՎՄ պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանն ու գործող նախագահ Հակոբ Գրիգորյանը, ևս մեկ անգամ հիշելով զոհվածներին ու հարգելով նրանց հիշատակը, շնորհավորեցին ապրողներին` ստացած պարգևների համար: Ի դեպ, շուրջ մեկ տարի է, ինչ պարգևատրումները հանձնելու գործը համակարգում է պաշտպանության նախարարությունը` զինկոմիսարիատների և կուսակցության կառույցների միջոցով: Փաստը, իհարկե, հավաստում է, որ ազատամարտիկը պետության կողմից անտեսված չէ: Բազմաթիվ փորձություններում կոփված ազատմարտիկը, որ հաղթել է պատերազմում, վստահ է, որ քաղաքական դաշտում էլ կհաղթի: Իսկ դրա համար, ինչպես նշեց Ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը, անհրաժեշտ է այն հոգևոր միասնականությունը, որ կար 90-ական թվականներին: Հենց այդ միասնականության, կամքի ևս մեկ դրսևորում կարելի է համարել «Հայաստանի ազատամարտիկ» թերթի ծնունդը: Ցանկանք, որ թերթում շատ շուտով արձանագրվեն ազատամարտիկների նոր հաղթանակները:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ, Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ