ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Թեման, որ ներկայացնելու եմ ձեր ուշադրությանը, այնքան հարատևորեն է տրվել լռության կամ, ավելի ճիշտ, լռության դավադրության, որ կարծես թե իսկապես էլ մի տեսակ անէացել է ժամանակի խորքերում: Որ ճիշտն ասեմ, ես էլ չէի կարծում, թե երբևէ կրկին կանդրադառնամ այդ հարցին, մանավանդ, որ մոտ 3 տարի առաջ հրատարակած «Հայաստանը և Բալկանյան թերակղզու պետությունները Առաջին աշխարհամարտի տարիներին» գրքույկում բավականին հանգամանորեն պատմել եմ այդ դեպքերի մասին, եթե այսպես ասած, արտաքին մի խթան չչարացներ ինձ և չստիպեր վերադառնալ նույն այդ պատմությանը: Երբ ինչ-որ մի չարագուշակ զուգադիպությամբ 2 տարի անընդմեջ նույն օրը, գրեթե նույն ժամին հեռուստաէկրանի առջև նստած սովորականի նման շարունակ ալիքները փոփոխելով ականատեսը դարձա հայ-բուլղարական բարեկամության ընկերության կողմից կազմակերպված ինչ-որ տոնակատարության` միևնույն այդ երևույթների նկատմամբ դրսևորած վերաբերմունքս տրամագծորեն հակառակ ստացվեց: Առաջին անգամ, երբ փոքրիկ, բայց հարմարավետ դահլիճում հավաքված հիմնականում բալզակյան և ավելի տարիքի կանայք շողշողացող դեմքերով ըմբոշխնում էին բարձրորակ կահույքը, տեսախցիկների ներկայությունը հանդիսավոր մասի ավարտից հետո սպասվող, ճիշտ է, համեստ, բայց անվճար հյուրասիրությունը, ապա այդ ամենն այնքան սիրտ ճմլող էր, որ միակ զգացումը, որ ծագեց մոտս, ներողամտությունն էր: Ակնհայտ էր, որ նման բարձրաշխարհիկ միջոցառումների խիստ հազվադեպ մասնակցող տվյալ բազմությունն անհաղորդ էր արտասանվող ճառերին, առավելապես զբաղված կանացի հիմնական արժեքների` մազերի սանրվածքի, շրջազգեստի ձևվածքի և նմանատիպ խնդիրների քննարկմամբ: Ի՞նչ Բուլղարիա, ի՞նչ բան: Բայց երբ երկրորդ անգամ ողջ այդ խառնիխուռն եռուզեռին հավելվեց նաև ծանր ու մեծ ելույթ ունեցող Բուլղարիաի դեսպանը, որն, ինչպես ինձ թվաց, մի տեսակ հովանավորչական տոնով ինչ-որ բաներ էր աշխատում մտցնել հիացական հայացքներով իրեն ակնդրող կանանց գլուխները, մի տեսակ լրջորեն չարացա ու որոշեցի առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին անդրադառնալ այդ խնդրին: Նպատակս է «լուսավորել» այն ճանապարհը, որն անցավ Բուլղարիան 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ազատագրվելով 500-ամյա թուրքական բռնակալությունից մինչև Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց ազատարար ների թիկունքը դանակ մխրճելը: Ընդ որում, Բուլղարիայի հարումը դեպի Եռյակ Դաշինք այն աստիճան աղետալի հետևանքներ ունեցավ ռուսական կայսրության, իսկ որպես ածանցյալ հետևանք նաև հայ ժողովրդի երկու հատվածների համար, որ թեև հիմա ես պատրաստվում եմ ձեզ ներկայացնել այդ պատմական անցքերի մանրամասները, սակայն առ այսօր ինքս էլ մինչև վերջ չեմ ուզում հավատալ դրան: Բանականությունս ուղղակի հրաժարվում է հավատալ, թե այդ չքավոր ու թշվառ երկրի գցած վիճակն ինչ կործանարար հետևանքներ առաջացրեց: Եվ վերջինը` նախքան բուն պատմությանն անցնելը. եթե կիսով չափ իմ մեղքով անսպասելիորեն ընդհատված «Ռուսաստան. Պարտություն առանց պատերազմի» հոդվածաշարում ես անընդհատ աշխատում էի զսպել ինքս ինձ թեմայից չշեղվելու համար, ապա այստեղ ուզում եմ հետևել միանգամայն հակառակ սկզբունքի. հայկական ցեղասպանության և նրա հետ առնչվող թեմաներն այսօր այն աստիճան համատարած կերպով են սկսել ենթարկվել սոսկ վերացական, նույնիսկ վիրտուալ, թող ներվի ասել` վերլուծության, որ ինձ ամենևին էլ ավելորդ ու չարդարացված չի թվում բացառապես առարկայական, երբեմն անգամ իրար հետ անմիջական կապ չունեցող դատողությունների շարադրումը: Չէ՞ որ պարզ է, որ ի վերջո իմ հոգն այսօր Բուլղարիան ու նրա վարած դավաճանական քաղաքականությունը չեն: Անմիջապես հետևող «ապա ի՞նչն են» տրամաբնական հարցի պատասխանն էլ հենց կփորձեմ տալ ողջ շարադրանքի ընթացքում: 1877 թ. ապրիլի 12-ին Ալեքսանդր II-ի հրովարտակով Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Թեև ոչ ոք չի վիճարկում, որ պատերազմը` դա ամենակարճ ճանապարհն էր Բալկանյան թերակղզու որոշակի հատվածներում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական գերակայության հաստատման համար, սակայն ուղին, որ տանում էր դեպի դա, այնքան ազնիվ էր ու արդարացի, որ իր հետևում ստվերում էր մնացած բոլոր նպատակները` որպես երկրորդական և ածանցյալ: Այն է` ազատագրել շուրջ 5 դար շարունակ թուրքական բռնակալության տակ տառապող իրենց սլավոն եղբայրներին: «Սլավոնական եղբայրության» գաղափարն այնքան երկար, այնքան հաճախ և այնպիսի մի խանդավառությամբ էր արծարծվում ռուսական հասարակության բոլոր շերտերի կողմից, որ գրեթե մարմնավորված շունչ ու ոգի էր առել: Իսկ այդ եղբայրների շարքում առաջինը Բուլղարիան էր, որի զավակներից շուրջ 12 հազարի բարբարոսաբար խողխողումը Ֆիլիպոլսի նահանգում թուրք ջարդարարների կողմից հանդիսացավ Ռուսաստանի նման ոչ դյուրին որոշում կայացնելու եզրափակիչ ազդակը: Այն էլ ասեմ, որ թեև 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմին նախորդած վերջին` Ղրիմի պատերազմը, Ռուսաստանն անվերապահորեն տանուլ էր տվել, այնուամենայնիվ, այն թողել էր նաև իր դրական հետևանքները: Այն բացառիկ հերոսական դիմադրությունը, որ դրսևորել էին ռուսական զորքերը կոալիցիոն (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Թուրքիա, Սարդինյան թագավորություն) ուժերի հանդեպ, հասցնելով նրանց հսկայական մարդկային կորուստներ (Թուրքիա` 400 հազար, Ֆրանսիա` 95 հազար, Անգլիա` 22 հազար - Ռուսաստանի կորուստները` շուրջ 522 հազար) ստիպել էին, համենայն դեպս, նրանցից առաջին երկուսին այլևս բացառել բաց դաշտում Ռուսաստանի հետ ուժերը չափելու տարբերակը և բոլոր «պատերազմները» մղել դիվանագիտական ճակատում: Առաջին լուրջ արգելքը, որ հառնեց ռուսական զորքերի ճանապարհին, Դանուբ գետն էր, որի հոսանքի միջին և ներքին եզրեր, առանց մեկ կրակոց իսկ արձակելու, հունիսի սկզբներին դուրս եկան ռուսական գլխավոր ուժերը: Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանին արգելված էր ռազմական նավատորմ ունենալ Սև ծովում, և 15 զրահակիր, 18 ոչ զրահակիր և մեծ թիվ կազմող օժանդակ նավերից բաղկացած թուրքական նավատորմը Սև ծովի տերն ու տիրակալն էր: Սակայն առաջին իսկ փորձը` կազմակերպել հակահարված Դանուբ գետը կռվանցնող ռուսական ուժերին, ապշեցուցիչ էր իր ապաշնորհությամբ և անարդյունավետությամբ, և հետագայում էլ պատերազմի ողջ ընթացքում թուրքական կողմն այդպես էլ ոչ մի լուրջ օգուտ չկարողացավ քաղել իր այդ ծայր աստիճան շահեկան կարգավիճակից: Իսկ ռուսական հիմնական ուժերը` երկու տեղում արագորեն հավաքվող կամուրջների վրայով բացարձակապես ոչ մի դիմադրության չհանդիպելով, անցան Դանուբ գետը և ճամբար դրեցին գետի աջ ափին: Նրանց առջև խնդիր էր դրված, ոչ ավել, ոչ պակաս, դուրս գալ դեպի Նեղուցները և գրավել Կ. Պոլիսը: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ