«Ջավախք» հայրենակցական միությունն այժմ ունի 2 կարևոր հիմնախնդիր. առաջիկայում Ջավախքում անցկացվող ՏԻՄ ընտրություններն են և ընտրական օրենսգրքում որոշ կետերի փոփոխությունը: Ինչ-ինչ պատճառներով նախանշված ժամկետից «առաջ ընկած» ՏԻՄ ընտրությունների մասին խոսելը, առավել ևս այդ առնչությամբ ենթադրություններին անդրադառնալը «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ և «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կոռեկտ չհամարեց: Ըստ բանախոսի, իրենց կուսակցությունն անում է հնարավորը, որ ժողովուրդը ընտրություններին մասնակցի միասնաբար: Կարելի է կարծել, որ կուսակցությունն իսկապես մտահոգված է և պաշտպանում է ժողովրդի շահերը, մանավանդ, ինչպես բանախոսն է նշում, վիրավորական է, որ դրսից եկող խմբերն են գնահատական տալիս իրենց` անվանելով ոչ դեմոկրատ և կաշառակեր: Իսկ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում, ըստ Շ. Թորոսյանի. - Մենք առաջարկում ենք այնպիսի փոփոխություններ, որոնք շատ օբյեկտիվ են և կգործեն ի նպաստ ժողովրդի: Առաջարկները չընդունվելու դեպքում կուսակցությունն ինքը կքննարկի անելիքները: Այլապես պիտի փոխվի համակարգը. մարդն իր թերությունների դեմ չի պայքարում` իրեն իդեալական համարելով. մեկ ուրիշն է պայքարում նրա թերությունների դեմ: Թեև Շ. Թորոսյանը փորձեց շրջանցել օրախնդիր որոշակի հարցեր, այնուամենայնիվ, չթաքցրեց արդեն շատերին հայտնի իրենց և ՀՌԱԿ կուսակցության հետ համագործակցության մասին, նշելով, որ իրենց գաղափարները համահունչ են:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ