«Փորձել անկեղծորեն համագործակցել»


ՀՀ Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցը` ավստրիական «Der Standard» օրաթերթին - «Ընկերություն արեք Ռուսաստանի հետ, շատ մի մոտեցեք Արևմուտքին». արդյո՞ք այս դասը չէր, որ Մոսկվան տալիս էր Հարավային Կովկասի երկրներին` ներխուժելով Վրաստան: - Եթե հայացք նետեք Հայաստանի պատմությանը, կտեսնեք, որ Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբևէ չի եղել պարտադրված միջոց: Ավելորդ է ասել, որ ուժով ընկերներ չեն ձեռք բերվում, առավել ևս` չեն պահպանվում: Չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, բայց գոնե Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերութ յուններում չափազանց բաց, անկեղծ և հետևողական է: Ավելին, ասեմ Ձեզ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը երբեք չի խանգարել մեզ նորմալ, արդյունավետ համագործակցություն տարածել տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Դրա մասին են վկայում Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ իրագործվող համատեղ ծրագրերի ծավալը, դինամիկ զարգացող հարաբերությունները եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների և Իրանի հետ: - Առաջին անգամ չէ, որ Հայաստանը լրջորեն իր վրա է զգում վրաց-ռուսական ճգնաժամի ազդեցությունը: Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր վրացի գործընկերներին` Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: - Խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է: Մեր քաղաքականության առանցքը վերջին տարիներին կայացել է նրանում, որ չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է անեն ամեն ինչ գերտերությունների միջև հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար: Չափազանց հեշտ է կարճաժամկետ օգուտներ քաղել յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջև պարբերաբար ծագող հակասություններից: Շատ ավելի բարդ է, բայց անհամեմատ ավելի օգտակար` փորձել անկեղծորեն համագործակցել ընդհանուր շահերի դաշտում: Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել, անիմաստ է ստեղծել նոր բաժանարար գծեր և արհեստական գաղափարական ճամբարներ: - Հայաստանում տեղակայված է կարևոր ռուսական ռազմակայան: Արդյո՞ք Հայաստանի համար շահավետ է Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը: - Հայաստանի, ինչպես կարծեմ յուրաքանչյուր պետության համար, շահավետ է արդունավետ ինքնիշխանությունը: Իսկ մեր դարաշրջանում այդ ինքնաշխանությունն իր մեջ է ներառում նաև մասնակցություն անվտանգության արդյունավետ միջազգային և տարածաշրջանային համակարգերին: Հայաստանն այդ առումով որոշում է կայացրել անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Եվ այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթով նախատեսված է, որ հարձակումը անդամ պետություններից որևէ մեկի վրա նշանակում է ոտնձգություն բոլորի դեմ: Կարծում եմ, որ մեր ժամանակաշրջանում ռազմակայանները ոչ թե գերիշխանության, այլ արդյունավետ համագործակցության խորհրդանիշ են: - Ի՞նչ հետևություններ կան Վրաստան կատարած ներխուժումից մեկ այլ «սառեցված հակամարտության»` Լեռնային Ղարաբաղի համար: - Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ապացուցեցին, որ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ զինված ուժով հակադրվելու փորձերը հղի են լուրջ ռազմական և աշխարհաքաղաքական հետևանքներով: Վերջին զարգացումները հստակորեն ցուցադրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ռազմական բյուջեների չհիմնավորված ավելացումների և ռազմատենչ հայտարարությունների իրական վտանգը: Դրանք միևնույն ժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնորոշման համար պայքար մղող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը և լուծումները պետք է հենվեն այդպիսի կամքի վրա, քանի որ հակառակ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային զտումների և միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Իրադարձությունները ևս մեկ անգամ ի հայտ բերեցին տարածաշրջանում առկա ենթակառուցվածքների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների, խողովակաշարերի արդյունավետ ներգործման, դրանց այլընտրանքայնության ապահովման և առավել սփռված ցանցերի ձևավորման կարևորությունը: - Թուրքիան երբեք իրականում չի պատասխանել Հայաստանի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկին: Այժմ, դուք անգամ հրավիրում եք Թուրքիայի նախագահին Հայաստան: Ի՞նչն է Ձեզ ստիպում ենթադրել, որ Թուրքիայի ղեկավարությունը ավելի բաց է երկխոսության համար: - Մենք այսօր էլ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Եվ ընդհանրապես, Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այն քաղաքական ուղեգծին, որը հայտարարել է: Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը: Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու իմաստն ու անհրաժեշտությունը չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը հասունացել է և այդ քայլը փոխշահավետ է լինելու թե թուրք, թե հայ հասարակությունների համար: Եթե հիշում եք Թուրքիայի վարչապետ Էրդողանը ամիսներ առաջ նշեց, որ այս ժամանակահատվածում դռները բաց են նոր երկխոսության համար: Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ունենալ այդպիսի երկխոսություն, և նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի կամրապնդի այս դրական միտումները: Օրեր առաջ իմ թուրք գործընկերը հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում թշնամիներ չունի: Ես համոզված եմ, որ այդ հայտարարության գործնական ամրագրումը կլինեն հարաբերությունները կարգավորելու շոշափելի քայլերը, որոնք կարող են իրական արդյունքների հանգեցնել: Մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, սակայն դրանք չենք կարողանա լուծել, եթե իրար հետ չխոսենք քաղաքակիրթ պետություններին վայել մակարդակով, եթե մեր երկրների միջև բացակայեն պատշաճ քաղաքական հարաբերությունները: