ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ


Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների հանդիպումը իր հաճելի ու ոգևորող ավարտով հանդերձ` սիրված մարզաձևի` ֆուտբոլի հետ առնչություն չունեցող մի շարք հետաքրքիր եզրահանգումների առիթ է տալիս: Մինչ այդ, սակայն, նկատենք, որ մարզական մեկնաբանները, չնայած մերոնց համոզիչ հաղթանակին, այն իբրև «ճակատամարտ` մեծ պատերազմից առաջ» խոսուն բնորոշումով են գնահատում: Իսկ եթե այսչափ խոսուն մարտական գնահատականի թափանցիկ փակագծերն է°լ ավելի բացենք, ապա հեշտությամբ պետք է համաձայնենք, որ չնայած մեր հավաքականի առաջին կամ գուցեև նախնական հաղթանակի կարևորությանը, այնուամե նայնիվ, ամեն ինչ որոշվելու է սեպտեմբերի 6-ին` հիմնական խաղում կամ ինչպես նույն մեկնաբաններն են կանխատեսում` «ֆուտբոլային պատերազմում»: Նման «ռազմաքաղաքական» դիտարկումն էլ իր հերթին ու նաև ակամա ստիպում է ֆուտբոլի և քաղաքականության միջև առկա զուգահեռները չշրջանցել… Եվ իրոք, մի դեպքում դիտարժան 90 րոպեները կարող են ավարտվել (թեկուզև մի քանի օր հետո նույն տևողությամբ վերսկսվելու պայմանով), մյուս դեպքում, երբ «խաղը» կամ տվյալ դեպքում նախընտրական մրցապայքարը դարձյալ թիմային պայքարի սկզբունքի վրա է կառուցված, խաղի «հաշիվը» կարող է ամիսներով վիճարկվել` մահու չափ ձանձրացնելով անգամ երբեմնի ամենամոլի երկրպագուներին: Հետևաբար, ցանկացած մրցապայքար նախանշված ժամանակի սահմաններում է գրավիչ, քանի որ, ինչպես բազմիցս ենք համոզվել, երբ այն առանց հասկանալի հիմնավորումների բռնում է տևականության ուղին, շատ արագ կորցնում է իր նախնական հմայքը: Ընդ որում, պայքարող կողմին օգնելու հարցում համառությունն այստեղ բացարձակապես անզոր է: Ամիսներ առաջ և ամիսներ շարունակ, երբ հայրենի արմատականներին հետընտրական չհիմնավորված մրցապայքարի համար իբրև հանդիպման լավագույն վայր առաջարկվում էր նույն «Հրազդան» մարզադաշտի շրջակայքը, առնվազն երկու «լրջագույն» պատճառ խանգարում էր թիմին` հարմարագույն այս տարբերակն ընդունելու: Նախ` քաղաքապետարանի առաջարկին ընդդիմանալով` վերջիններս ձգտում էին ապացուցած լինել, որ իշխանության հետ դրախտում հայտնվելու պայմանին են նույնիսկ իրենք դեմ և հետո ակներևաբար կասկածում էին, թե մայրաքաղաքի այդ հատվածում հնարավոր կլինի այնքան «հանդիսատես» հավաքել, որքան, այն էլ ուԺերի գերլարման գնով, հաջողվում է ժողովել Մատենադարանի շրջակայքում… Ավելի ուշ, սակայն, Հայաստան-Թուրքիա մրցամարտը փաստեց, որ եթե ինչ-որ դիտարժան ու կարևոր միջոցառում է կազմակերպվում (լինի այն մարզական, մշակութային կամ թե նույնիսկ քաղաքական), ապա նույնիսկ այն Երևանից դուրս անցկացնելու դեպքում հանդիսատեսների, մանավանդ երկրպագուների պատկառելի քանակ ինքնաբերաբար կհավաքվի: Սրանով հանդերձ, եթե թիմը որոշի զիջել Մատենադարանի բարձունքը և հետայսու «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղակայվի, ապա հանրահավաքների բազմամարդությունը, եթե դրանց մասնակիցների զգալի մասը սոսկ կենտրոնական պողոտայի անցորդներ չեն, պետք է որ չտուժի: Սակայն, կենտրոնից մի փոքր «շեղված» «Հրազդանից» հրաժարվելը, այլ բան է վկայում… Զարմանալի է, բայց օրերս հայտնի դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՅԴ ղեկավարության տեսակետները հանրահավաքների տեղի ընտրության հարցում զարմանալիորեն համընկնում են: Պարզվում է, որ Մատենադարանի շրջակայքում և Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու նպատակով Դաշնակցությունն էլ է քաղաքապետարան դիմել ու մերժվել: Փաստորեն, տեղի ընտրության հարցում ոչ միայն կոնգրեսականների ու դաշնակների ճաշակներն են համընկնում, այլ, ինչպես պատկան կառույցի մերժումը վկայեց, նրանք նաև բախտակիցներ են: Կգնա՞ ՀՅԴ-ն «Հրազդան» մարզադաշտի մատույցներ (մանավանդ, որ կուսակցության պատասխանատուները վաղուց էին սպառնում սպասվող ֆուտբոլային խաղի առթիվ կազմակերպվելիք հակաթուրքական միջոցառումներով)` առայժմ դժվար է ասել: Պարզ է միայն, որ չարժե քաղաքականությունն ու սպորտն իրար խառնել` հատկապես հայրենի ոստիկանությանն առաջիկայում սպասվող լարված օրերն է°լ ավելի դժոխային դարձնելու գնով: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ՀՅԴ-ն, թերևս, ավելի ճիշտ կանի չարտոնված հանրահավաք կազմակերպելու մտքից ընդհանրապես հրաժարվի` խուսափելով նաև Լ. Տեր-Պետրոսյանի բախտակիցը դառնալու հեռանկարից: Հիմա ավելի կարևոր է, որ մեր երկրի հավաքականը սեպտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական կազմի բախտին արժանանա: