«Ճիշտը սեփական ուժերին ապավինելն է»


Տարածաշրջանային և հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ է մեր զրույցը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: - Եթե ներքաղաքական զարգացումները բաժանենք փուլերի, ապա հետաքրքիր զարգացում է նկատվում մարտի 1-ից հետո: Այս փուլը կարելի է համարել իշխանության և ընդդիմության փոխըմբռնման փուլ: Ընդդիմությունը վերջապես սկսեց հասկանալ, որ այս երկիրը միայն իրեն կամ միայն իշխանությանը չի պատկանում: Այն մեր ժողովրդինն է, և սոսկ հավասարակշիռ քաղաքականության արդյունքում կարելի է իրատեսական ձեռքբերումներ արձանագրել: Բնական կարելի է համարել, որ քաղաքական պայքարի արդյունքում մեկը հաղթում է, մյուսը` պարտվում: Ավելի ճիշտ կլինի ասել` քաղաքական պայքարում սովորաբար հաղթում է միայն մեկը: Պետք է ունենալ կամային հատկանիշներ և քաջաբար ընդունել նաև պարտվելու փաստը: Կարծում եմ, ընդդիմությունը գիտակցում է, որ քաղաքացիական ընդհարումներով, զոռբայությամբ, ուժի միջոցով ճանապարհ չեն հարթում: Խորհուրդ եմ տալիս փոխել պայքարի մեթոդները և շատ չապավինել դրսի ուժերին: Ճիշտը սեփական ուժերին ապավինելն է: ՌԴ խորհուրդը միաձայն ընդունված դիմում է հղել Դմ. Մեդվեդևին` ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Ի՞նչ եք կարծում, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը լավագույն նախադեպ չի՞ դառնա Լեռնային Ղարաբաղի համար: - Կարծում եմ, Ռուսաստանը ինչ-որ ձևով կբավարարի այդ պահանջները, քանի որ այդ տարածքի բնակիչների մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Դրանից բխում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, և հնարավոր է, որ ԼՂՀ-ն էլ դիմի Ռուսաստանին կամ մի այլ երկրի` իր անկախությունը ճանաչելու հայտով: Սա իրոք նախադեպ է, և այդ կտրվածքով զարգացումները տարածաշրջանում շարունակվելու են: Մենք պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարենք, որպեսզի չներքաշվենք ռազմական գործողությունների մեջ և փորձենք մեր խնդիրների համար լուծումներ որոնել քաղաքական ճանապարհով: - ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վերջերս հայտարարեց, որ իրենք բողոքի ցույցով հանդես կգան, եթե Թուրքիայի նախագահը ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը և այցելի Հայաստան: Նման վարքագիծը քննարկվե՞լ է արդյոք քաղաքական կոալիցիայում և ի՞նչ գնահատականի է արժանացել: - Գոնե մինչև այժմ կոալիցիայում այդպիսի քննարկում չի եղել: Դաշնակցության խնդիրն է միտինգներ և բողոքի ցույցեր կազմակերպելը: Անձամբ ես բնական եմ համարում Թուրքիայի նախագահի այցը, հատկապես, երբ առաջին անգամ փորձ է արվում բարելավել 2 երկրների հարաբերությունները: Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համամիտ է նման քաղաքականությանը: Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանի կարծիքին, ապա դա կարող է և չհամընկնել Դաշնակցության տեսակետին: Վերջերս տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա երիտասարդական ֆուտբոլային խմբերի հանդիպումը վերստին փաստեց, որ 2 պետություններ փորձում են բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, և ինչպես նման դեպքերում ` սկսում են սպորտից: Իսկ Թուրքիայի նախագահը կայցելի՞ Հայաստան, թե՞ ոչ` դեռևս պաշ- տոնապես չի հայտարարվել: Չեմ կարծում, թե Հայաստանում այդ առիթով ինչ-որ խնդիրներ առաջանան: Իսկ եթե այդուհանդերձ դժգոհողներ լինեն, կարծում եմ, որ նրանք փոքրամասնություն կկազմեն և չեն կարողանա ազդել ընդհանուր տրամադրվածության վրա: - Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջին շրջանում առևտրային կետերի աշխատողների դժգոհությունը հարուցած օրենքը շուտով կմտնի շրջանառության մեջ: Նախատեսվո՞ւմ է որևէ փոխհատուցում` վաճառողների հարկային բեռը փոքր ի շատե թեթևացնելու ուղղությամբ: - Հայաստանը Եվրախորհրդի անդամ է և պետք է ընդօրինակի հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու Եվրոպայի փորձը: Եթե այսօր քաղաքականությունը պահանջում է, ուրեմն պետք է սովորենք այդ մշակույթին համաքայլ ընթանալ: Ի վերջո, ի՞նչ է նշանակում զբաղվել առևտրով և թաքցնել եկամուտները: Ասում են` ձու գողացողը ձի էլ կգողանա. եթե փոքր ձեռնարկությունում չկա կարգ ու կանոն, ապա մեծում էլ չի լինի: Օրենքը պետք է գործի բոլորի համար: Այստեղ կա քաղաքակրթության խնդիր, և մեր ժողովուրդը կյուրացնի այդ կուլտուրան: Մեր համաքաղացիներից շատերը չեն խորշում աղբը փողոցում թափել և աղտոտել շրջակայքը: Իսկ եվրոպացիները ոչ միայն սեփական տունն են մաքուր պահում, այլև` փողոցն ու քաղաքը: Մեր երկրում օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը բխում է դարեր շարունակ պետականություն չունենալուց: Կարծում եմ` ևս մի քանի տասնամյակ է հարկավոր` քաղաքակիրթ պետություն ունենալու համար: Թվում է, թե ՀԴՄ-ների տեղադրումը իրականում կապ չունի քաղաքակրթության մասին զրույցի հետ, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ դրանք ուղղակի և սերտ առնչություն ունեն միմյանց հետ: Ի դեպ, արտահերթ նստաշրջանում քննարկված օրինագծերից ես կցանկայի առանձնացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրինագիծը: Ներկայացված կետերից մեկը ենթադրում է Սևանի ջրի ավելացում, և 6 մետրով լճի մակարդակի բարձրացում: Ես այդ ծրագրին հավանություն կտամ այն դեպքում, երբ վերակառուցվեն և հեռացվեն լիճը շրջապատող ճանապարհները: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ, Աստված ոչ արասցե, ամեն պահ պատերազմի հավանականություն կա: Ենթադրենք մի տանկային շարասյուն է անցնում այդ ճանապարհով և բարձրացած ջրից խոնավացած ճանապարհը փլուզվում է: Կարծում եմ` Սևանի խնդրի լուծումը ժամանակ է պահանջում, և պետք է ամեն ինչ անել` ռազմավարական կարևորութուն ունեցող այս հարցը պատշաճորեն ու բարձր մակարդակով կարգավորելու համար: - Ադրբեջանական մամուլը վրաց-օսեթական պատերազմը ևս մեկ առիթ դարձրեց` Հայաստանի կողմից իբր Լեռնային Ղարաբաղը «բռնազավթելու» թեման արծարծելու: - Այո, Ադրբեջանը միշտ էլ պատրաստ է, և Ալիևը վերջերս հայտարարեց, որ ճանաչում է աշխարհում բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Այսինքն, ինքը, այսպես ասած, «ամենամեծ տարածքային ամբողջականություն ճանաչողն է»: Շատ ժողովուրդներ, ովքեր ապրում են իրենց պատմական հայրենիքում, իրենց բնօրրան տարածքներում, ունեն ինքնորոշման իրավունք` ինչպես Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ժողովուրդները: :

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ