Վրաստանը կսպասի... 3 տարի


Իրադարձությունները փաստում են, որ Հարավային Օսեթիայում պատերազմ սանձազերծելով, Վրաստանն արդեն իսկ պատրաստ էր նաև իրավաբանական հակամարտութ յան: Եվ պատահական չէր, որ թնդանոթները դեռ չլռած, վրաց կառավարությունը կայծակնային արագությամբ հայցեր ներկայացրեց Հաագայի քրեական միջազգային և Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարաններ: Նույն կայծակնայնությամբ, սակայն, կարձագանքվե՞ն այդ հայցերը… Ստրասբուրգի դատարանի ներկայացուցիչ Ռութ Բելյին (ում իրավասությանն է հանձնված վրացական հայցը) վստահ չէ: «MK»-ի թղթակցին նա ասել է, որ ներկա պահին դատարանում քննության ենթակա ավելի քան 100 հազար գործ կա, և հազիվ թե 3 տարուց շուտ անդրադառնան Վրաստանի հայցին: Իհարկե` - Հայցվորը կարող է գործի քննությունն արագացնելու խնդրանք ներկայացնել, եթե դատարանն անհրաժեշտ համարի` Վրաստանի հայցին կարող է առաջնություն տալ: Այդ դեպքում քննության ժամկետը կարող է կրճատվել- ասել է տիկին Բեյլին: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վրաստանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` Ռուսաստանին մեղադրելով Հարավային Օսեթիայում մարդու կյանքի իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հակամարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մեջ: Հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, դատարանը երկու երկրների «ժամանակավոր միջոցների» մասին որոշում է ընդունել, որով կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող ցանկացած գործողությունից: Ընդդեմ Ռուսաստանի վրացական հայց պետք է քննարկվի նաև Հաագայի միջազգային քրդատարանում: Այստեղ, ի դեպ, անցյալ երեքշաբթի ռուսական դեսպանության աշխատակիցները ներկայացրել են ՌԴ բնակչության դիմումը` Վրաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու խնդրանքով (Հարավօսեթիայում միջազգային հանցագործության համար): Իսկապե՞ս կհրաժարվի Անցյալ շաբաթ ՌԴ-ն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից մեկին` Նորվեգիային տեղեկացրել է, որ պատրաստվում է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը: Հիշեցնենք` օգոստոսի 19-ին ՆԱՏՕ-ի անդամ- երկրների արտգործնախարարները որոշել էին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվելու են, սակայն հետագա համագործակցությունը կախված կլինի` թե ինչ արագությամբ ռուսական զորքերը կտարհանվեն Վրաստանից: Հաջորդ օրը, ինչպես տեղեկացրել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության գործերի պետքարտուղար Էսպեն Բարտ Էյդեն` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատուն է զանգահարել ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ և հայտարարել, որ «Մոսկվան ծրագրում է սառեցնել ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Դաշինքի դաշնակիցների հետ»: Էյդեի հավաստմամբ` ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ առաջիկայում Նորվեգիան գրավոր դիմում կստանա` համագործակցության դադարեցման վերաբերյալ: - Ինչպես հասկացանք` ՆԱՏՕ-ի մյուս երկրներն էլ կստանան նման դիմումներ,- նշել է Էյդեն: Իսկ Վաշինգտոնը երկրի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդի շուրթերով նշել է, որ ռազմական համագործակցության կասեցումը անախորժ է` - Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա տհաճ կլինի,- ասել է դիվանագետը: Ի դեպ, Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական փաստացի համագործակցությունն արդեն իսկ կասեցված է: Չեղյալ են հատարարվել FRUKUS համատեղ զինավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Խաղաղ օվկիանոսում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի մասնակցությամբ: Բացի այդ, Նահանգներն արգելել է Ռուսաստանին մասնակցել հակաահաբեկչական համատեղ գործողությանը: Չեղյալ են հայտարարվել նաև օգոստոսի 28-30-ը Հեռավոր Արևելքում անցկացվելիք հակաահաբեկչական ռուս-ամերիկյան զորավարժությունները: