Հա՞ որ...


Գոհ լինենք, թե դժգոհ, միևնույնն է, հայոց աշխարհում կյանքը շարունակվում է: Իսկ մենք ամեն շաբաթ արձանագրում ենք նախորդող յոթնօրյակում տեղի ունեցած անցուդարձը` փորձելով առանձնացնել հատկապես այն իրադարձությունները, որոնք, թերևս, ավելի հետաքրքիր են ու գոնե մեր կարծիքով նպատակահարմար` միասին քննարկելու համար: Բայց, անկախ մեր վերաբերմունքից ու նախասիրություններից… Հայոց աշխարհում տեղի ունեցող շատ իրադարձությունների մասին լսելիս, գրեթե մշտապես արձագանքում ենք «հա՞ որ…» տիպիկ հայկական կիսաբացականչությամբ: Իսկ որ Հայկական լեռնաշխարհում հնչող կարծիքների մեծ մասն իսկապես զարմացնող են, ավելի կհամոզվեք` հետևելով մեր շաբաթական դիտարկումներին: L Այսպես, թվում է, թե վրաց-օսական հակամարտության գոնե դիվանագիտական ալիքն այդպես էլ Հայկական լեռնաշխարհ չի հասնի: Բայց, ավա¯ղ… Նախորդ շաբաթ հայրենի քաղգործիչների ասուլիսները գերազանցապես այդ թեմային էին առնչվում: Իսկ ասուլիսավորները, ովքեր դեռ մինչև վերջերս իշխանությանը մեղադրում էին ռուսամետության մեջ և դիվանագիտական ճկունության պակասի համար, անցյալ շաբաթ, տուրք տալով ռուսական տրամադրություններին, Սահակաշվիլուն գրեթե հոգեկան հիվանդ հռչակեցին: Այսպիսի գնահատականներում, համաձայնեք, դիվանագիտության փոշեհատիկ անգամ չկա: Չնայած մերոնք սովոր ենք դիմացինին քննադատել այն բանի համար, ինչից իրենք շատ են հեռու: L Օրեր առաջ սկսված նախաճգնաժամային իրավիճակն էլ իր հերթին բոլորիս մի պարզ ճշմարտություն ապացուցեց: Այն է` բիզնեսի խոշորն է նախընտրելի: Փաստ է, որ վառելիքի սակավությունը առաջին հերթին արձանագրելու էին մանր ներկրողները, և արդյունքում` երևանյան բենզալցակայանները, 90-ականների սկզբների կարգավիճակին գալով, սկսեցին խնայողաբար «լիմիտավորել» վաճառվող բենզինը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ նման իրավիճակը չի սպառնում միայն խոշոր ներկրողներին պատկանող լցակայաններին և վերջիններս ի զորու են նախկին ծավալներով մեքենաները լիցքավորել այնքան ժամանակ, մինչև որ Երևան ուղևորված բենզինի ցիստեռնները տեղ հասնեն: L Հիրավի, վրաց-օսական հակամարտությունը նոր ժամանակներ սկզբնավորեց Հայոց աշխարհում: Մոսկվաբնակ, թե երևանաբնակ Արամ Կարապետյանը հիմա նորից Հայաստանում է ու որոշել է ընդդիմության առաջիկա հանրահավաքում էլ ելույթ ունենալ: Ելույթը` ելույթ, բայց հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե վերոհիշյալ պարոնը ժամանակին ինչու չմիացավ Կոնգրեսին ու հիմա է միայն որոշել հերթական միտինգին ներկայանալ: Այսպես անվերջ կարելի է պահի թելադրանքով միանալ ու անջատվել, բայց այստեղ էլ կարևոր է հիշատակումն այն փաստի, որ ամեն մի վերամիացում բնավ էլ նոր միացում չէ. գումարելիների տեղերն են միայն փոփոխվում, ու տվյալ դեպքում փոքր չէ նաև կարճ միացման հավանականությունը: L Ի դեպ, էլեկտրականության մասին այս շաբաթ ստիպված ենք ամենաուղիղ իմաստով խոսել: Հայտնի է դարձել, որ Մեծամորի ատոմակայանը տևական ժամանակով վերանորոգվելու է: Սա կարծեք թե բենզինի սղության թեմայի ճիշտ շարունակությունը լինի, ինչը հոռետեսների աչքում սպասվող էներգետիկ ճգնաժամի պատկերն է°լ ավելի է ամբողջացնում: Իսկ այն, ինչպիսին էլ լինի, կարևոր է, որ նորից մեզ քաջ ծանոթ մթի ու ցրտի տեսքով չվերադառնա: «Հա՞ որ» հարցադրումը դարձյալ ակամայից հնչեց, երբ շաբաթավերջին հայտարարվեց նոր որսաշրջանի սկիզբը: Վատ չէ: Մանավանդ, որ միամիտներիս թվում էր, թե Հայոց աշխարհում որսալու կենդանի այլևս չի մնացել: Եվ փառք Աստծուն, որ որսորդության գնալու հավես ունեցողներ էլ դեռ կան: Թեպետ որս ասվածը պայմանական հասկացություն է` որս ասելով` բացի կենդանիներից էլի շատ այլ թիրախներ էլ կարելի է նկատի ունենալ: