Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական Անվտանգության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Երեւան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նախագահի գնահատմամբ, ընդհանուր առմամբ նկատելի է ՀԱՊԿ զարգացման դրական շարժ, բայց դրա հետ մեկտեղ, գոյություն ունի փոխազդեցության բարձրացման, ինչպես նաեւ Կազմակերպության շրջանակում ստորագրված փաստաթղթերի դրույթների իրագործման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն: -ՀԱՊԿ-ը բազմապրոֆիլ միջազգային կազմակերպության փոխակերպման ֆոնին, հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջաններում ոչ պարզ իրավիճակը, ՀԱՊԿ գործունեության կարեւոր ուղղությունը, մեր կարծիքով, այնուամենայնիվ պետք է շարունակի մնալ ռազմական-քաղաքական եւ ռազմական-տեխնիկական համագործակցությունը, -ընդգծել է Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ նա ասել է. - Կարեւոր է, որ «Ռուբեժ-2008» զորավարժությունները ուղղված են հենց մասնակից-երկրների փոխգործակցության մեխանիզմների մշակմանը պետություններից մեկի վրա հարձակման դեպքում: Անհրաժեշտ է շատ ուշադիր ուսումասիրել այդ զորավարժությունների արդյունքները եւ եզրակացություններ կատարել եւ մեր պետությունների փոխգործակցության իրավական ապահվոման առումով, եւ մասնակից-պետություններից յուրաքանչյուրի ռեալ մասնակցության առումով` մեր երկրներից ցանկացածի նկատմամբ ագրեսիայի դեպքում: Այսօր չենք կարող չանդրադառնալ Հարավային Օսեթիային հարցին: Հայաստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է Հարավային Օսեթիայի ճգնաժամով, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Տարածաշրջանում տեղի է ունեցել հումանիտար աղետ, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել դրա հետեւանքների հաղթահարման համար: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Եվրամիության նախագահ Ն. Սարկոզիի համատեղ նախաձեռնությունը` վեց սկզբունքները, որոնք հիմք են ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ կոնֆլիկտի երկարատեւ կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի համար: Հարավայի Օսեթիայի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասի ինքնորոշման ձգտմանն ուղղված ռազմական հակազդեցության փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Դրանք նաեւ ցույց տվեցին, որ նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ազգերի կամքի ազատ արտահայտության հիման վրա, որոնք պայքարում են ինքնորոշման համար, այլապես մենք անխուսափելիորեն վկա կլինենք էթնիկ զտումների ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Մենք բազմիցս մատնացույց ենք արել տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման վտանգը եւ կոնֆլիկտների ուժային լուծման փորձերը: Համոզված ենք, որ կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է եւ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սթափեցնող ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռեւս պատրանքներ ունեն ուժային լուծումների նկատմամբ: Այստեղ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել մարդասիրական միջանցքի դեր կատարել, մենք նաեւ պատրաստ ենք ինքնուրույն մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին: Հայաստանը լրջորեն է պատրաստվում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը, մենք ծրագրում ենք մեր գործընկերների ուշադրությունը բեւեռել փոխգործակցության ամենախնդ րահարույց պահերի վրա: Կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման մեխանիզմի իրականացմանը, այդ թվում` նաև միջազգային կազմակերպություններին կից, մասնավորապես ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, մասնակից անդամ երկրների ներկայացուցչությունների միջև դիրքորոշումների օպերատիվ կարգով համաձայնեցմանը այդ կազմակերպությունների օրակարգերի եւ համապատասխան փոխադարձ աջակցություն ցույց տալու հարցերով: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այդ մեխանիզմի լուրջ խափանումների, մասնավորապես վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած «հակահայկական» բանաձեւի քվեարկության վրա, որը նախաձեռնել էր Ադրբեջանը, ինչպես նաև Աբխազիայի վերաբերյալ բանաձեւի վրա: Եվս մեկ կարեւոր խնդիր է ընդունված փաստաթղթերի արդյունավետ իրականացման ապահովումը: Կարեւոր ենք համարում պայմանավորվածությունների հետեւողական պահպանումը: Հաճախ հիմնարար փաստաթղթերի իրականացումը, որոնք ստորագրվել են ՀԱՊԿ-ի շրջանակում, անուշադրության են մատնվում: Այսպես, ըստ էության չի կատարվում ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ անվտանգության համակարգի միջոցների ու ուժերի ձեւավորման եւ գործարկման կարգի մասին արձանագրությունը (Երեւան 2001թ.), որը նախատեսում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության միացյալ ռազմական համակարգի հակաօդային պաշտպանության ստեղծում: Թղթի վրա է մնացել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների համար զինվորական կադրեր պատրաստելու մասին համաձայնագիրը (Մոսկվա, 2005թ.), որը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրների կադրերի համատեղ ուսուցում ռազմական-կրթական հաստատություններում` ըստ միասնական ուսումնական պլանների ու ծրագրերի, որոնք մշակված են ընդունող կողմի զինվորական ծառայողների համար: