«Ռուբեժ 2008» Ավարտվեց զորավարժությունը


Համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության եզրափակիչ` 4-րդ` մարտական հրաձգությամբ փուլին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ յոթ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, բարձրաստիճան այլ այրեր: Զորավարժության 4-րդ փուլը մեկնարկեց զորավարժության ընթացքում կիրառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ. զորավարժությանը ներգրավված էր հետևակ (ՀՀ և ՌԴ շուրջ 2500 զինծառայողներ), ծանր ռազմական տեխնիկա, հրետանի, ավիացիա. ընդհանուր թվով մոտ 496 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժության մտահղացման համաձայն, նախ կասեցվեց հարձակման անցած «թշնամու» առաջխաղացումը, ապա թշնամին ճնշվեց և դուրս մղվեց սահմաններից` կրելով մեծ «կորուստներ»: Խոսելով զորավարժության արդյունքների մասին, Ս. Օհանյանը նշեց, որ «Ռուբեժ 2008» համատեղ զորավարժության առաջին և երկրորդ փուլերն ունեին ռազմաքաղա քական նշանակություն, որոնց ընթացքում ստուգվեցին տարբեր գերատեսչությունների համագործակցության պատրաստականության աստիճանը և մակարդակը, իսկ հիմնական` 3-րդ և 4-րդ փուլերի նպատակն էր համատեղ մարտական գործողությունների իրկանացում թշնամու հավանական ագրեսիայի դեպքում. -Նման մասշտաբի և ձևաչափի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ մեր երկրում առաջին անգամ են անցկացվում: Քառափուլ զորավարժությունն անցկացվել է երեք մակարդակներում` ռազմավարական, օպերատիվ և մարտավարական, որոնց ընթացքում մասնակիցները դրսևորել են հոգեբանական և կամային բարձր որակներ և արհեստավարժություն: Այսպիսով կարևոր քայլ կատարվեց տարածաշրջանի հավաքական անվտանգության ապահովման գործում` ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերը բարձրացնելով որակական նոր մակարդակի: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ զորավարժության չորրորդ փուլն ամենադժվարն էր և պատասխանատուն. -Ընդհանուր առմամբ «Ռուբեժ 2008»-ը մեծ փորձառություն էր մասնակիցների ու Կազմակերպության համար, և հետագայում պետք է արվի հնարավորը` նաև քաղաքական ռեսուրսներով սպառնացող ագրեսիան ետ մղելու համար: Լրագրողի` «ՀԱՊԿ անդամ որևէ պետության դեմ սպառնալիքի դեպքում Կազմակերպությունը ժամանակին օգնության կհասնի՞ այդ երկրին» հարցին ի պատասխան, Ն. Բորդյուժան նշեց, որ դա տեխնիկական բնույթի հարց է և կախված է ինչպես սպառնալիքի չափից, այնպես էլ տեմպից` թե ի՞նչ արագությամբ կզարգանան իրադարձությունները տվյալ հատվածում: Ամեն դեպքում այն, որ զորավարժություններն անցկացվեցին Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների օպերատիվ խմբերի մասնակցությամբ, վկայում է, որ սպառնալիքի դեպքում կկիրառվեն այսօր ներկայացված բոլոր միջոցները: Զորավարժության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ` զորավարժության միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի հրամանատա րությամբ: Ապա, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ողջունեց հայ-ռուսական միացյալ զորքին, ապա շնորհակալագրեր հանձնեց ինչպես ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին, այնպես էլ զորավարժության հրամանատար Մ. Գրիգորյանին: Իսկ զորավարժության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին թանկարժեք նվերներով և ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով: