ՑԱՆԿԱՄ ՏԵՍՆԵԼ ԶԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ


Հեռավորության խորթացնող ներգործությամբ աննկատ նվազում է հոգեհարազատության զգացողությունը: Համակերպումից տարանջատող խորթացման հասնում` անմիջական հաղորդակցման անկանոն տարերայնությամբ: Ամենամտերիմ մարդն անգամ դադարում է հոգուդ անքակտելի մասնիկը դառնալուց, եթե հոգևոր կամուրջը երկուստեք չի ամրապնդվում ու պահպանվում կենդանի շփումների ապրեցնող շաղախով: Առավել ևս դյուրին է անջրպետվել օտարի հողում հաստատված հայրենակցից, եթե հայրենիքն իր մայրագորով ջերմությամբ չի մտերմացնում իրենից սերած, բայց աշխարհասփյուռ կեցությամբ քեզ անծանոթ իր զավակին: Այս առումով հոգևոր-մշակութային համահայկական պարբերական հավաքները, Հայաստանի պետական դրոշի ներքո, հանապազօրյա անհրաժեշտություն են: Պատահաբար չէ 1999-ից մինչ օրս անցկացվող ազգապահպան ամենախոշոր այս ծրագիրը Սփյուռքը համարում իրենը: 2003-ից պետական ֆինանսավորման արժանացած մշակութային ազգահավաքին այս տարի մասնակցեցին 16 երկրների 947 պատվիրակներ: Պետական օժանդակության գրեթե կիսով չափ կրճատման (այս տարի հատկացվել է մոտ 70 մլն դրամ) պատճառով, ըստ ՀՀ Կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի, անկարելի էր դարձել հրավիրված բոլոր 39 երկրների մասնակցությունն ապահովելը: Սրանով էր բացատրվում ֆրանսահայ գաղութի ներկայացուցիչների բացակայությունը: Քանի որ կեցության և մասնակցության ծախսերը հիմնականում ընկած էին մասնակիցների վրա, ստեղծագործական խմբերը հանդես էին գալիս ընդհանուր կազմի մի մասով միայն: Առավելապես հայապահպան առաքելությամբ գործող, տարիքային լայն ընդգրկմամբ այդ խմբերի կատարողական արվեստին գնահատման բարձր չափանիշներ ներկայացնելն էլ, երևի թե, անարդարացի կլիներ: Ըստ իս, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագիրը` առնված 1946-ին Ավետիք Իսահակյանի արտասանած խոսքից, բխում է ոչ այնքան ներկա ազգահավաքի բովանդակությունից, որքան` հետապնդած հեռահար նպատակից: Իհարկե, իրականանալի դարձնելու համար այն պետք է հագեցնել հայ անվանի արվեստագետների վարպետության գործնական դասերով (առաջամարտիկը պարուսույցներն էին): Փոխշփումների արդյունավետությունը բարձրացնելու համար, կարծում եմ, նպաստավոր կլինի փուլային համակարգի ներմուծումը. անկարելի է լայնազանգված հավաքականության ամեն մի մասնիկին հավասարաչափ ուշադրություն հատկացնել տարին մեկ անգամ կազմակերպվող հնգօրյա հանդիպման ընթացքում: Համահայկական մշակութահավաքի մասնակիցների գերակշռող մեծամասնության առաջին անգամ էր Հայաստան այցելում: Նոր սերնդի համար հայերենը հիմնականում համարժեք էր, մեղմ ասած, օտար լեզվին: Թոթովահունչ հայերենով մատուցված երգը կամ բանաստեղծությունը պարզապես ողջունելի էր որպես ազգային արմատներին հավատարմության ուրույն արտահայտություն: Հատկապես դժվար էր որոշակի պատկերացում կազմել անհատ կատարողների երգարվեստի մասին: Մանավանդ Օպերային թատրոնում տեղի ունեցած փառատոնամուտի համերգի անմիջական տպավորությամբ, երբ հանդես գալով տեսահոլովակների հենքի վրա, ուժեղացուցիչներով աղճատվող ձայնագրության մերթ ընդ մերթ ունկ սղոցող հնչյունների անվարժ ուղեկցությամբ` երգիչները բեմի վրա պարզապես հարմարվում էին, այս կամ այն կերպ, նախօրոք պատրաստված իրենց իսկ կատարումներին: Այս տեսակետից անհամեմատ ուշագրավ էին մարզային «Բարեկամության համերգ»-ները, որոնցում ձայնագրությամբ մատուցվում էր միայն մեղեդին: Ձայնագրված նվագակցությամբ հանդես եկող, փառատոնի ողնաշարը կազմող 20 խոշոր պարախմբերի կատարումներն, առավել խանդավառ ընդունելություն էին գտնում` հիմնականում ձերբազատված լինելով արհեստականության կնիքից: Որոշ նոսրացած խմբերում հեզաճկուն պարարվեստով առանձնակի հմայում էին գեղարվեստական ղեկավարները` Աստղիկ Քոչարյանը (Սանկտ Պետերբուրգ), Անահիտ Սարիբեկյանը (Նիժնի Նովգորոդ), Տաթևիկ Մխեյանը (Ալմաթի)… Գուցե թե լեզվական պատնեշի դժվարանցանելիությամբ է պայմանավորված Սփյուռքում համընդհանուր հետաքրքրությունը պարարվեստի հանդեպ: Ուստի, հայկական պարախմբերի գործունեության մեջ առաջնահերթ նշանակություն է ստացել ազգապահպանությունը: Եվ հայկական ժողովրդական պարերի ուսուցումը առավելագույնս ծառայեցվում է նախնիների մշակույթի ինքնատիպությամբ նոր սերնդին վարակելուն, ազգային ինքնագիտակցություն արթնացնելուն: Սրանում համոզված են Թբիլիսիի «Անի» և Թեհրանի «Քարավան» պարային համույթների հիմնադիր ներ Անգելինա Նազարյանն ու Սվետլանա Բադալյանը: Երկուսի համար էլ ներշնչանքի աղբյուր է Հայաստանի մշակութային դաշտում հաճախակի հայտնվելը: Երկրորդ անգամ մասնակցելով խոշորագույն հայահավաքին` նրանք վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն են համարում Հայաստանի ճանաչողության հնարավորության ընդլայնումը ամենօրյա մարզային համերգների շնորհիվ: Անկախ գիտակ էքսկուրավարների բացակայությունից, քառամյա «Անի»-ի 60 երեխաներից 25-ը և 17-ամյա «Քարավան»-ի` 45-ից 9-ը վայելեցին հայկական բնաշխարհի որոշ գողտրիկ անկյունների կենդանի թովչանքը: Ծանոթացան ու մտերմացան ոչ միայն մասնակիցներից շատերի հետ` համատեղ ելույթների և ուղևորությունների ընթացքում, այլև նոր բարեկամներ գտան Սյունիքում ու Արցախում, Արտաշատում ու Վանաձորում, Գյումրիում ու Սևանում… «Շատ հետաքրքիր ձեռնարկ է,- հուզմունքը չի թաքցնում Սվետլանան:- Ավլեի հաճախ պիտի հանդիպենք, որպեսզի դուք էլ համոզվեք, որ մենք նույնպես նախանձախնդիր ենք հայ մշակույթի, հավատի պահպանությանը, մեզ այլազգի չհամարեք: Մենք ձեր քաջալերության կարիքն ունենք»: Հայրենիք-Սփյուռք հոգևոր-մշակութային կամուրջն ամրացնելու նպատակով կարելի է կանոնավորել նրանով նախատեսվող «երթևեկությունը» ամբողջ տարվա կտրվածքով: Կոնկրետ խմբերի, անհատ կատարողների ավելի փոքրաթիվ այցելությունները հնարավորություն կտան մանրակրկիտ ծանոթանալու նրանց ստեղծագործական ներուժին: Այդ դեպքում միայն կգտնվեն արդյունավետ ուղիները սիրողականությունից պրոֆեսիոնալիզմին անցնելու և իրականում մեկ ազգի մեկ մշակույթ դառնալու: Հոգևոր կյանքի տարբեր ոլորտները առանձին ուսումնասիրելով ու ներկայացնելով` ինքներս էլ լիարժեք կճանաչենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին: Գրողների և ուսուցիչների համաժողովների օրինակով: Անհասկանալի է միջազգայինի հավակնություն ունեցող ու ճանաչում ձեռք բերող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընդգրկումը «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի մեջ: Նաև` յուրաքանչյուր մարզային միջոցառման ԶԼՄ-ներից մեկ-երկուսի մասնակցությունը անհնար, ուստի և` անկարևոր համարելը: Չեմ կարծում, թե դրա համար աստղաբաշխական գումարներ կպահանջվեին: Մեկնարկային ասուլիսում տրված խորհուրդը` լուսաբանել ու արժևորել լայնամասշտաբ այս ազգահավաքը հեռուստաէկրանին գամված, պարզապես անլուրջ է: Մայրաքաղաքային հատուկենտ համերգների, ժիրկայի անլիարժեք ցուցահանդեսի և մի քանի տեսական քննարկումների պրիզմայով ընդհանուր պատկերացում տալը ամբողջի մասին` մասնագիտական անգրագիտություն: Այդպիսով համահայկական հայտարարված այս հավաքը ստանում է սփյուռքահայության մշակութային զբոսաշրջության նշանակություն: Հայաստանը քիչ թե շատ ճանաչելու ու սիրելու համար դա միանգամայն բավարար է, բայց հայաստանցիներին` ոչ: Մասնակիցների մեծամասնության հավաստմամբ` մարզային շրջագայությունները կազմակերպչական առումով գերազանցում էին մայրաքաղաքայիններին: Մարզպետարանները չափազանց հյուրընկալ էին, բայց տեղերի բնակչությունը քիչ էր հետաքրքրված իրենցով: Այդուհանդերձ, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման տեսակետից այս նախաձեռնությունը որոշակի դրական տեղաշարժ ցուցանեց:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ