Սևանի լճափին, ընտանեկան օջախի շուրջ...


Փառատոնի հարափոփոխ ծրագրի ժամանակացույցում մասնակիցների նման խճճվելով` օգտվում եմ Թամարա Պողոսյանի ինձ ընձեռած «ուղիղ կապից» և, բացառության կարգով, կազմակերպիչների խմբին միացած, ճանապարհվում Սևան: Որևէ մարդաշատ հավաքում անմիջական փոխշփումներով Սփյուռքի հայրենակիցներիս փոքրիշատե ճանաչելու մասնագիտական բնազդս միանգամայն արդարանում է: Աբովյան, Դիլիջան, Սևան քաղաքներում կայացած «Բարեկամության համերգ»-ներից հետո Գեղամա դիցուհու ափին, ընտանեկան օջախի հարատևության խորհրդանիշ խարույկի շուրջ հավաքվածները անբարդույթ անկեղծանում են, պատրաստակամորեն կիսում իրենց եռօրյա տպավորությունները: «Եսայանց սանուց» 60-ամյա միության ատենապետուհին` Մարիամ Դրամերյանը , ներկայացնում է 28-ամյա «Մարալ» պարախումբը: Գեղարվեստական ղեկավարներ Իրիս և Կարպիս Չապքան ամուսինների նվիրումով Թուրքիայի կառավարական ամենամյա համերգների մշտական մասնակիցներից է դարձել հայարվեստ այս խումբը: Ազգապահպան գործընթացը երբևէ չի խզվել: 1896-ին հիմնված իրենց բարձրակարգ կրթարանը մայրենիի որակյալ ուսուցիչներով համալրում է մշտապես գործող հայկական ուսումնական 14 հաստատությունները: Բարձր է 3 բուհերի կրթական վարկանիշը: Բոլոր եկեղեցիներն ունեն իրենց երգչախմբերը` հոգևոր ու աշխարհի երկացանկով: Ինքն անդամակցում է «Վարդանանց» երգչախմբին` ծավալելով բուռն հասարակական գործունեություն: Երկրորդ անգամ լինելով Հայաստանում` վառվռուն տպավորություններ է տանում Վեհափառ Հայրապետի Սբ. Էջմիածնում ընդունելությունից, վերընձյուղվող Գյումրիից, Հառիճի վանքում չափահասների մկրտությունից, Գառնու հեթանոսական տաճարից ու Գեղարդի վանքից… Ակորդեոնահար Անդրանիկ Մարադյանը հպարտանում է «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի 10-ամյա գործունեությամբ, որ հայկական ավանդական մշակույթի հանդեպ մշտավառ է պահում հետաքրքրությունը 8-20 տարեկան մոտ 120 երեխաների համար: 2005-ի շրջագայությունը Ռուսաստանի 12 քաղաքներով խանդավառել է ջավախեցիներին` հավատ ներշնչելով Իտալիայից ստացված հրավերի հաջող իրագործման նկատմամբ: Թեհրանի «Անի» պարախմբի մատղաշ սանուհիների համար մայրական հոգատարության ակունք է երբևէ Ջուղայից գաղթած նախնիների ավանդներին հավատարիմ Ռոզիկ Պողոսյանը , ում 11-ամյա Նարիան պարով է հրապուրված, իսկ 8-ամյա Նարեն` նկարչությամբ: Իր գոհունակությունն արտահայտելով թիվ 14 գիշերօթիկ դպրոցում իրենց պատվիրակության նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար` հաստատում է իրեն ապավինած փոքրիկ Նիլվայի (թարգմ` Աստվածաճանաչ) ամոթխած դիտարկումները Թեհրանում հայակրթության հիմնավորության մասին: Գտնելով Հայաստանում արցախցի և ռուսահայ նոր մտերիմներ` սիրունատես այս պարուհին, կարծում եմ, միշտ կկարոտի մայր հայրենիքը` ավելի եռանդուն որոնելով պաշտելի Թումանյանի գրական աշխարհում այն կենդանացնող լրացուցիչ գույներ: …Սևանի լճափին կազմակերպված իրիկնաժամանցը նոր թափ է առնում: Առանց հոգնության որևէ նշանի` բացօթյա լուսաշող բեմահարթակում հանդես են գալիս գրեթե բոլոր խմբերն ու անհատ կատարողները, ում բախտ է վիճակվել անսպասելի զվարճություն գտնելու փոքրիկ խարույկի բոցկլտուն ջերմությամբ: Երգ ու պարի զվարթ ձայներից, ասես, բարիանում է ամպամած երկինքը` զսպելով անձրևի կաթկթոցը: Լողորդների թիվը գնալով ավելանում է` արհամարհելով գիշերաժամի ու սառը ջրի անպատեհությունը: Իմ մտերմիկ զրույցի շրջանակներն էլ ինքնաբուխ ընդլայնվում են: Ամենքն են կարոտ ամփոփ ներկայանալուն, հայաստանցի նոր սրտակից բարեկամի հետ իրենց ուրախութ յուններն ու մտահոգությունները կիսելուն: «Համահայկական խաղեր»-ին մասնակցությամբ իրենց անձնական երջանկությունը գտած վրացահայ Անգելինան ու հալեպցի Գարեգինը: Դոնի Ռոստովի «Հուսո աստղ» երգի թատրոնի մեներգչուհի Ալեքսանդրա Գրիշկոն և «Դոնի հայերի խոհանոց» գիրքը հրատարակության պատրաստող Նասխուլիյան Սերգեյը , ով լինելով «Ռանդեվու» ռեստորանի շեֆ խոհարարը, մտմտում է զբոսաշրջության գործակալություն հիմնելու մասին. հարկ է, որ 250 տարվա կենսագրություն ունեցող հայկական գաղութի նոր սերունդը պարբերաբար այցելի մայր հայրենիք, ամրացնի իր ազգային արմատները: Ամենամեծ` ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված Էլեոնորա Մանուչարյանը 10 տարի է, ինչ Մոսկվայում է ապրում: Լինելով երեխաների լրացուցիչ կրթության պետական կենտրոնի պատվավոր աշխատակից` Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը օտար ափերում շարունակում է մայրենի լեզուն ուսուցանել: Մասնակցելով Ուսուցիչների միջազգային ծաղկաձորյան հուլիսյան համաժողովին` «Սովորում ենք հայերեն» մեթոդական նոր ձեռնարկի հեղինակը մշակութային համահայկական հավաքում ներկայացնում է երիտասարդ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի գիրքը: Ռուսաստաբնակ մեր հայրենակիցների բեղուն հոգևոր-մշակութային գործունեության պարագլուխներից է «Ռուսաստանի հայերի միության» մոսկովյան բաժանմունքի փոխնախագահ Գագիկ Գաբրիելյանը: 1988-ին գործուղվելով Մոսկվա` նա կազմակերպչական լայն գործունեություն է ծավալել Մշակույթի կենտրոնում: Քաջատեղյակ լինելով Հայաստանում և Ռուսաստանում առկա մշակութային խմորումներին ու ստեղծագործական ներուժին` խնամքով զարգացնում է ազգապահպան նախաձեռնությունները, նպաստում հիշարժան գոհարների համընդհանուր իրազեկությանը և նոր անունների ի հայտ գալուն` փոխշփումների աշխուժացման ճանապարհով: Երբեմնի կինոբեմադրիչը, վայելելով մասնագիտական փորձառությունը բարձր գնահատող պետական այրերի բարյացակամ աջակցությունը, չնվազող եռանդով ծառայում է միջպետական համագործակցութ յան մշակութաստեղծ արդյունավետության ապահովմանը: …Ինչպես լճափին ծավալված ուրախ ժամանցը, իմ զրույցներն էլ ոչ մի կերպ չեն ուզում վերջակետվել: Բայց… ամեն սկիզբ իր տրամաբանական ավատն է ունենում: Կարևորը` բովանդակալից շարունակությունն է, որում շահագրգռված են շատերը: Համենայնդեպս նորաճանաչ զրուցակիցներս ինձ հուսախաբ չեն անում: Ու ես, աշխարհասփ յուռ մեր ազգի մի շարք ծվենների էության ամբողջացմամբ տարված, որոշում եմ «Սփյուռքահայ մշակույթ» խորագրով առանձին ներկայացնել անմիջական փոխշփումներիս ցայտուն տպավորությունները «Ավանգարդ»-ի առաջիկա համարներում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ