Ով ինչպես է գնահատում «2008 թ. օգոստոսի 8-ից հետո աշխարհը փոխվել է»


Հարավօսեթական պատերազմն, իհարկե, դեռ վերջնական ավարտ չի արձանագրել: Խոսքը, միայն ռազմական բախումների մասին չէ, թեև դրանց կրկնությունն էլ դժվար է բացառել: Մանավանդ` հակամարտող կողմերը, ու հատկապես Վրաստանը, սեփական նկրտումներից զատ նաև կողմնակի ազդեցությունների որոգայթում է: Սեփական ուժերը գերագնահատած պարտվողին (և` ոչ միայն ռազմական բախումներում), թերևս, ավելի հեշտ է նոր արկածախնդրության մղել: Իսկ այս պարագայում Վրաստանի բախտը, կարծես, չի բերել: Հրահրումներ` որքան ասես, ու բոլորն էլ` օտարաշահ: Մարդասիրական ու հասարակական աջակցություն շռայլողներից յուրաքանչյուրը տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման շահախնդրությամբ է առաջնորդվում: Արդյունքը` կորուստներ` ավերումի ու սպանդի տեսքով: Վրաստանի «ջերմեռանդ» բարեկամ Ադրբեջանը, օրինակ, որ ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի ամենամոլի դատափետողներից էր, հիմա արդեն իրատեսական հաշվարկներ է անում և արդեն շուրջ 20 օր «պատերազմական թեմաներով» իր դարդն է լացում: Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի վերլուծական հրապարակման վերնագիրն իսկ, ինքնախոստովանանքի խտացում է`