ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

ուրեմն` իրավունք էլ չունեն


 

Տարիներ շարունակ այս խնդիրը, գուցե միտումնաբար, չի քննարկվել մեզանում, աշխատանքային օրենսդրության մեջ չեն ներառվել աշխատանքի վճարման հստակ սկզբունքները, Հայաստանում որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել այն բանի համար, որ խախտվել է Սահմանադրության առաջին հոդվածը: Բայց մի օր կարող են, չէ՞ ՀՀ քաղաքացիները դիմել հայաստանյան դատարաններ, ապա` Եվրոդատարան և պատասխանատվության ենթարկել տալ բոլոր նրանց, ովքեր ինչպես Սահմանադրության, այլև Մարդու իրավունքների համընդհանուր Կոնվենցիայի դրույթներն են խախտել: Գուցե ոմանք իրենց հույսը դրել են այն իրողության վրա, որ մեր հանրության իրավագիտակցությունը դեռևս բարձր մակարդակի վրա չի գտնվում: Սակայն առանց իրավախորհրդատուների դիմելու էլ ակնհայտ է, որ պետությունն իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելով` նրանց մղում է աղքատության...

Հայաստանի քաղաքական ու պաշտոնական դաշտի շատ ներկայացուցիչներ արդեն մեկնել են ամառային հանգստի: Պատգամավորներից քչերը, ԱԺ նախագահն ու երկու տեղակալն են մնացել Հայաստանում: Հայաստանում են ու առայժմ իրենց պաշտոնական պարտականություններն են կատարում շատ նախարարներ: Դե, ասենք, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եթե շատ էլ ուզենա` չի կարող հիմա մեկնել հանգստի, որովհետև նախարարության ամենաեռուն օրերն են:

Մշակույթի, կրթության և գիտության նախարարներն էլ դեռ չեն մեկնել հանգստանալու: Բայց ահա որոշ կուսակցապետեր արդեն անհետացել են ասպարեզից ու իրենց «խոնջացած» մարմիններն ու միտքն են հանգստացնում:

Մոտ օրերս էլ հանգստանալու կգնա ՕԵԿ նախագահ և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ճիշտ է, նրա պահապան հրեշտակ Հեղինե Բիշարյանը թաքցնում է թանկագին Վահանիչի նախընտրած հանգստավայրը, բայց հասկանալի է, որ երիտասարդ միլիոնատերը հայաստանյան բնապատկերով չի կամենա հոգնեցնել իր աչքերը ու կնախընտրի աշխարհի լավագույն հանգստյան գոտիներից մեկը, թեկուզև Անթալիան: ՕԵԿ-ում, ի դեպ, սիրում են «համայնական հանգիստը». մի անգամ կուսակցապետի հետ նրա արբանյակները Դուբայ էին գնացել, գուցե այս անգամ էլ Կարիբյան ծով գնան…

Մի խոսքով, երկրի շատ պատասխանատուներ ու մեկ էլ հայկական «շոու-բազարի» որոշ աստղեր հանգստանում են, իսկ շարքային հայաստանցիներից շատ-շատերի համար հանգիստն անգամ երազում չի երևում: Կառավարությունը պետական հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթներ է տվել, որով կարող են նրանք հանգստանալ Հայաստանում, բուժվել, երեխաների ուսման վարձը վճարել: Բնականաբար, դրանցից միայն մեկը կարող են ընտրել, որովհետև բուժումը մեզ մոտ չափազանց թանկ է, թանկ են բուհերի վարձավճարները, թանկ են նաև հայաստանյան հանգստյան գոտիները: Ուրեմն, պետական ծառայողներն ու արվեստագետները, այսպես կոչված մանր ու միջին «բիզնես»-ում աշխատողները ևս չեն կարող մտածել հանգստի մասին:

Ու ստացվում է, որ արդեն իսկ ձևավորել ենք այնպիսի սոցիալական համակարգ, որ մեր երկրում բոլորից շատ աշխատող, օրնիբուն բանող մարդը ոչ միայն զրկված է հանգստից, այլև կարգին սնվելու, բուժվելու հնարավորությունից: Տարիներ շարունակ այս ամենի մասին խոսվում է, տարիներ շարունակ մարդիկ բողոքում են, որ մեզ մոտ սահմանված աշխատավարձերը համարժեք-ադեկվատ չեն մարդկանց կատարած աշխատանքի ծավալին ու բնույթին. պետական քաղաքականության մեջ մխրճվել է մի այնպիսի հոգեբանություն, որ մարդը հնարավորություն չունի լավ ապրելու, որ նա պիտի մշտապես դատապարտված լինի` ինքն էլ չիմանալով, թե ինչի համար: Նվազ աշխատավարձերի, սոցիալական ծանր վիճակի մասին դժգոհողներին մեր կառավարությունից պատասխանում են, թե բյուջեն հնարավորություն չի տալիս, որպեսզի բարձրացվեն աշխատավարձերը: Էլ չենք խոսում «մանր ու միջին բիզնեսը խթանելու» բազմաթիվ խոստումների մասին: Եվ ակամա հարցեր են ծագում, որոնք կուզեինք հղել կառավարությանը, բոլոր նրանց, ովքեր այսօր ստանձնել են մարդկանց ճակատագրերը տնօրինելու իրավունքը` ոտնահարելով Սահմանադրության այն դրույթը, թե Հայաստանի Հանրապետությունը իրավական, սոցիալական պետություն է: Իբրև իրավական կարևորագույն նորմ` հառնում է մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ իրավունքների մեջ է մտնում նաև սոցիալական արդարության սկզբունքը: Նույն պետական բյուջեից նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով վարձատրվում են դատավորներն ու դատախազները, մի շարք ոլորտների ներկայացուցիչներ, իսկ ահա մյուսների համար սահմանվում են 40-45 հազար դրամ աշխատավարձերը: Սա մարդու իրավունքների թիվ մեկ ոտնահարումն է, քանի որ ՀՀ քաղաքացին կատարում է իր աշխատանքային պարտականությունները, սակայն նրան զրկում են քիչ թե բարվոք ապրելու հնարավորությունից. ասել է թե` իրավունքից: Հայաստանում աշխատանքի գնահատման չափորոշիչներ չկան, այսինքն` մինչև այսօր չեն սահմանված տարբեր մասնագիտությունների կամ աշխատանքային տարբեր ոլորտների չափանիշները: Ուստի` ի՞նչ տրամաբանությամբ և համաչափությամբ են սահմանվում աշխատավարձերը, ո՞վ է որոշել, որ մեկն ութժամյա աշխատանքային օրվա համար պիտի ստանա 1500 դրամ, մյուսը` 30 հազար…