ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ


 

Կառավարության վճռականությունը, կարծում ենք, ցնցուղի դեր կկատարի և կստիպի օլիգարխներին` վերջապես հաշվի նստել պետության հետ, հասկանալ, որ ցանկացած ապօրինություն ի վերջո կարող է կանխվել` գործի դնելով այնպիսի պատժամիջոցներ, որոնց գոյությամբ արդեն մեր մեծահարուստ գործարարներից շատերը ստիպված են լինելու այնպիսի տուգանքներ վճարել, որոնք կարող են նաև հանգեցնել սնանկության: Ի վերջո նրանք գուցե գիտակցեն, որ տույժ ու տուգանք վճարելու փոխարեն ավելի լավ է` դուրս գան «ստվերից»:

Մենաշնորհների դեմ պայքար հայտարարելը դարձել է օրախնդիր, դարձել է հրամայական պահանջ, որովհետև Հայաստանի տնտեսության գլխավոր խոչընդոտը, ինչպես ասում են` «գորդյան հանգույցը», հենց մենաշնորհներն են, որոնք լափում են ողջ տնտեսական դաշտը, կուլ տալիս փոքր ու միջին բիզնեսը, մեծ վնաս հասցնում տնտեսական մրցակցությանը: Այստեղ «լափել» և «կուլ տալ» արտահայտություններն ունեն տնտեսագիտական հիմնավորում և նշանակություն, ուստի կամենում ենք, որ դրանք բառացի չընկալվեն, այլ ամեն մեկը փորձի դրանց տակ տեսնել բովանդակային բացատրություն:

Կառավարությունը դեռ երեկ տարի առաջ որոշում էր ընդունել տնտեսական մրցակցության հաստատման և մենաշնորհի դեմ պայքարի, հատկապես օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին: Ավա˜ղ, մինչ օրս այդ որոշումը չի կատարվել, որովհետև մեր երկրում տնտեսվարողների մի խումբ իրեն հռչակել է արտոնյալ և իր պայմաններն է թելադրում` փոխանակ ընդունելու քաղաքակիրթ «խաղի» կանոնները: Եվ ահա օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանն իր մոտ էր հրավիրել օլիգարխներին` վերջապես հրամայական դարձնելու մենաշնորհի և ստվերային եկամուտների դեմ պայքարի խնդիրը: Վարչապետը մեկ անգամ ևս հիշեցրել է օլիգարխներին, որ «խոշոր բիզնեսի գործունեության թափանցիկությանն ուղղված կառավարության քայլերը և մենաշնորհների չարաշահման համար պատիժներն են ստիպելու օլիգարխներին հասկանալ, որ կամայականություններ թույլ տալն այլևս շատ դժվար կլինի»: