Հայ-իրանական հարաբերությունները սերտանում են
Հատկապես վերջին շրջանում հայ-իրանական հարաբերությունների նկատելի սերտացումը քաղաքագետները հակված են կապել տարածաշրջանի վրա սիրիական զարգացումների ազդեցության հետ: Իրանական կողմի վերջին այցելությունների արդյունքում ակտիվացան հայ-իրանական համագործակցության նախագծերն իրականացնելու մասին խոսակցությունները: Ինչո՞ւ հենց այս պահին: Այս մասին է զրույցը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո ՍԱՐՈՅԱՆԻ հետ:
- Կարծիք կա, որ Իրանը Հայաստանը դիտարկում է նաև որպես Արևմուտքի հետ երկխոսելու համար միջնորդ պետություն:
- Իրանին շրջապատող գրեթե բոլոր երկրները չեն կարող միաժամանակ թե´ Իրանի, թե´ Արևմուտքի համար ընկալելի լինել: Քուվեյթ, Թուրքիա, Իրաք, Ադրբեջան, Պակիստան` բոլորը խնդրահարույց են և այնպիսի երկրներ են, որտեղ միջնորդությունը շատ կողմնակալ կարող է լինել: Եվ շրջապատում միակ երկիրը Հայաստանն է, որն իսկապես կարող է այնպիսի քաղաքականություն վարել, ինչը չի վնասի ո´չ ամերիկյան քաղաքականությանը կամ արևմտյան քաղաքական գծին, ոչ էլ իրանական: Այսինքն, իր շրջակա երկրների մեջ Հայաստանը հարաբերություններ պարզելու, ինչ-որ խնդիրներ լուծելու միջնորդ երկիր կարող է դիտարկվել և դառնալ: Այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական հովանավորի դերում հանդես է գալիս Ռուսաստանը, և միակ խնդիրը Ռուսաստանն է: Թե´ Իրանը, թե´ Արևմուտքը հասկանում են, որ եթե Իրանի հետ որոշակի հարաբերություններ կարող են լուծել միայն Հայաստանում կամ Հայաստանի միջոցով, ապա կարող է խոչընդոտել կամ իր շահաբաժինները փորձել ստանալ Ռուսաստանը` ուղղակի կամ անուղղակի ազդելով պաշտոնական Երևանի վրա: Այդ առումով Հայաստանը ոչ թե միջնորդ, այլ ավելի շուտ` բուֆեր երկիր է, որտեղ իրենց հարաբերությունները կարող են պարզել, բանավիճել: Բացի դրանից, Հայաստանն Իրանի համար կարևոր նշանակություն ունի դեպի Սև ծով ելքերի տեսանկյունից: Պետք չի բացառել, որ դա շատ կարևոր գործոն է: Նաև արդեն քսան տարվա պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանաիրանական հարաբերությունները մշտապես խնդրահարույց են դառնում, պարբերաբար սրացումներ են տեղի ունենում:
- Տեղեկատվություն կա, որ սպասվում է Իրանի բնապահպանության նախարարի այցը Հայաստան, մասնավորապես Սյունիք: Ասվում է, որ Իրանի մասնագետները ցանկանում են տեղում գնահատել ապագա երկաթգծի կառուցման հնարավորությունները: Որքանո՞վ կարելի է համարել, որ այսօր այդ խնդիրները կլուծվեն` հաշվի առնելով հատկապես այն, որ Հայաստանում երկաթուղու կառավարումը հանձնված է ՌԴ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:
- Ես չեմ կարծում, թե Հայաստանը ներկայում ունի տեխնիկատնտեսական նախագծման դժվարություններ: Այդ առումով, խորհրդային ժառանգությունը մեզ հնարավորություն տալիս է նախագծելու նման մեծ ծրագրեր` գիտական և նախագծային հետազոտական ինստիտուտների միջոցով: Դուք արդեն ասացիք, և ինքս էլ հակված եմ կարծել, որ առկա է քաղաքական խոչընդոտ, ինչը թույլ չի տալիս բազմաթիվ նախագծեր իրականացնել: Բոլորիս հայտնի է գազամուղի պատմությունը. այն կառուցված, բայց առայժմ չիրացվող նախագիծ է: Եվ բոլորս գիտենք, որ դրա հետևում քաղաքական պատճառ կա: Ինքնիշխանության որոշակի բաղադրամասով Հայաստանը կախման մեջ է ՌԴ-ից, ինչը մեծ ազդցություն է ունենում մեր ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Այդ տեսանկյունից` չեմ գտնում, որ նախագծային փաստաթղթավորման հարցում իրանական կողմի ներ-գրավվածության խնդիր կա: Ուրիշ բան, որ Ս. Սարգսյանի վարչակարգը վերջին շրջանում փորձում է այլընտրանքային շահաբաժիններ գտնել նաև այլ տերությունների մեջ: Գիտենք` Ռուսաստան և Արևմուտք երկփեղկվածության քաղաքական խաղի դրվագներ կան. վերլուծական միտքը փորձում է հասկանալ` Տ. Սարգսյանի կառավարությունը դեպի ո՞ւր է գնում` Եվրասիական միությո՞ւն, թե՞ եվրոպական հասարակություն, և ինչպե՞ս է նա կարողանալու հավասարակշռել այդ երկու բևեռները: Եվ իսկապես, եթե փորձում ես տեղավորվել կոմպլեմենտարիզմի մեջ, ապա այդտեղ հանդես է գալիս նաև իրանական գործոնը, որը կարող ես օգտագործել: Եթե հնարավոր է հաշվի չառնել, մի կողմ թողնել ռուսական միջամտութունը և հնարավոր դարձնել ինքնուրույն քաղաքականություն վարելը, ուրեմն դա թույլ է տալիս նաև իրանական որոշակի ուղղվածություն տանել: Իսկ իրանականը այդ դաշտերում ևս խուսանավելու հնարավորություն է տալիս: Այդ դիտանկյունից եթե մոտենանք, կա որոշակի պոտենցիալ, որ Ս.Սարգսյանի վարչախումբը միգուցե իսկապես փորձում է Արևմուտքի հետ որոշակի խնդիրներ համատեղ լուծել: Վերջին զարգացումների արդյունքում ինքնուրույն գծի մշակումն ինչ-որ չափով զերծ է ռուսական ազդեցությունից, և հույս կա, որ հնարավոր կլինի առաջ մղել հայ-իրանական նախկինում հրապարակայնացված ծրագրեր, ու փաստաթղթային խոչընդոտներն արդեն դեր չեն կատարի:
- Ի տարբերություն ՌԴ-ի, Հայաստանը կարողանում է լեզու գտնել Արևմուտքի հետ, և վերջինս կարծես ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին. Արևմուտքի կողմից այդ հարցում կարծես խանդի ընդգծված դրսևորումներ չեն նկատվում:
- Իհարկե: Եթե Արևմուտքի համար շահավետ է Հայաստանն արևմտյան հանրության մի մաս դարձնելը, ապա ՀՀ-ը պետք է ունենա տնտեսական որոշակի ներուժ, որպեսզի այստեղ ժողովրդավարությունը չարգելակվի: Ժողովրդի սոցիալ-տնտեսական մակարդակը որոշակի բարձրության վրա պետք է լինի, որովհետև շատ ավելի դժվար է ժողովրդավարություն հաստատել աղքատ բնակչության շրջանում, քան քիչ թե շատ միջին խավ ստեղծած հասարակությունում: Այս տեսանկյունից Արևմուտքի համար հասկանալի է, որ Իրանը Հայաստանի կենսամակարդակի բարելավման ու նաև Ռուսաստանից կտրելու խնդիր կարող է լուծել: Այնպես չի, թե Արևմուտքի շահը անտրամաբանական է ՀՀ - ԻԻՀ հարաբերություններում: Խնդիրն այդ հարաբերություններն այնպիսի շրջանակների մեջ պահելն է, որ դուրս չգան ընդդեմ Արևմուտքի քաղաքականության: