Փախուստի չորս ծրագիր


 

Չի բացառվում, իհարկե, որ էքս-վարչապետուհու համախոհները կարո´ղ են այդպիսի ծրագրեր ունենալ: Սակայն չբացառենք նաև, որ իշխանություններն, իրենց հատուկ ծառայությունների միջոցով նմանատիպ լուրեր տարածեն, նույնիսկ սցենար խաղարկեն` Տիմոշենկոյին հիվանդանոցից շուտափույթ բանտ վերադարձնելու և միջազգային կառույցների աչքում տիկնոջ վարկանիշը խաթարելու համար:

Յուլյա Տիմոշենկոյի զինակիցները մտադիր են կազմակերպել նրա փախուստը: Այսպիսի լրատվություն է տարածել ուկրաինական «Սեգոդնյա» թերթը` վկայակոչելով Ուղղիչ կալանավայրերի պետծառայության իրենց աղբյուրները:

Ըստ լրատվամիջոցների` Յուլյայի փախուստի մի քանի սցենար է մշակված. փախուստ հենց հիվանդանոցից, փախուստ` բուժվելուց հետո հիվանդանոցից բանտ տեղափոխելու ճանապարհին, հենց Կաչանովսկի բանտից կամ դատարանի ճանապարհից: Տիկնոջ ազատագրման ծրագրերի իրագործմամբ հետաքրքրված են ընդդիմադիր ազդեցիկ գործիչներ (և ոչ միայն Ուկրաինայից), ուժային կառույցների պաշտոնաթողներ ու մարտական գործողությունների նախկին մասնակիցներ:

Պատկերացնո՞ւմ եք, այդ ամենն այնքա˜ն գաղտնի է արվում, որ ինքը` Տիմոշենկոն անգամ տեղյակ չէ, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա: Տիմոշենկոն տեղյակ չէ (այսինքն` նրան պետք է փախցնեն), բայց կալանավայրերի պետծառայությունում տեղյակ են:

Մի խոսքով` իսկական «աղջիկփախցնոցի» են խաղալու, որի հնարավոր տարբերակներից մեկն էլ ուղղաթիռով նրան հափշտակելն է: Դա հեշտ է` ըստ տեղեկատվության աղբյուր պաշտոնյայի.

- Պետք է միայն գինը պայմանավորվել: Չէ՞ որ կարող են կրակել, և այդ ժամանակ մարդիկ կզոհվեն, իսկ մեքենան կընկնի,- մտահոգություն է հայտնել նա` հավելելով, որ բարձր արժեքի ու վտանգավորության պատճառով այս ծրագիրը կարող է չկիրառվել:

Սպասվում է, որ խիզախ վարչապետուհուն (նախկին) հասցնելու են Ռուսաստան, ուր նրան կդիմավորեն աջակիցները: Հետո Տիմոշենկոն քաղաքական ապաստան կխնդրի:

Առայժմ իր քայքայված առողջությունը վերականգնել փորձող Տիմոշենկոյի փաստաբան Ս. Վլասենկոն հերքել է փախուստի մասին լուրերն ու բացառել է դրա հնարավորությունը:

- Ի՞նչ փախուստ: Յուլյա Վլադիմիրովնան համարյա տեղից չի ելնում: Ուկրաինայից նա չի մեկնի, որովհետև անմեղ է ու չի արել այն, ինչի համար նրան մեղադրում են: Նա մարտիկ է և շարունակելու է պայքարը: Վե´րջ,- հայտարարել է փաստաբանը:

Իսկ գուցե հենց իշխանություններն են ուզում հուշել նման ծրագրեր, որպեսզի այդ կերպ Տիմոշենկոն հեռանա իրենց տեսադաշտից: Դա կնշանակի, որ իսկապես «համը հանել» են ու հիմա դժվարանում են միջազգային կառույցներում հիմնավորել իրենց աչառու վերաբերմունքն ընդդիմադիր գործչի հանդեպ: