ՀԻՄԱ ԷԼ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉԸ


 

Այս գումարման մի շարք պատգամավորներ, պարզվում է, խորհրդարան են եկել` առաջին հերթին մտածելով ոչ թե օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, նախորդ գումարումների ձևավորած մի շարք ավանդույթների դեմ պայքարելու, «արխիվ» նետված օրինագծերին նոր կյանք տալու համար, այլ հարմարավետ ու ընդարձակ աշխատասենյակներ ունենալու:

Ընդգծված հարմարավետության մեջ աշխատելու ցանկությունը հանգիստ չի տվել նաև ԱԺ նախկին նախագահ և նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, ով այս օրերին աչքի է ընկնում շինարարական եռանդով: Կամենալով ընդարձակել իր աշխատասենյակը, Խոսրով Հարությունյանը թույլտվություն է ստացել ապամոնտաժելու նկուղից դուրս եկող օդազտիչ սարքը: Այս սարքի նշանակությունը չափազանց մեծ էր, որովհետև այն մշտապես ապահովում էր մաքուր օդի ներթափանցումը խորհրդարանի շենք, ապահովում էր անցանկալի հոտերի արտազատումը: Իսկ հիմա ԱԺ-ն զրկվում է այս հնարավորությունից: Սրա փոխարեն, հավանաբար կավելացվեն օդորակիչները, որոնք և´ թանկ արժեն, և´ պահանջում են էլեկտրաէներգիայի մեծ ծախսումներ: Բայց, հավանաբար, այս մասին ոչ ոք չի մտածել, այլապես նման աշխատանքների փոխարեն կարելի կլիներ բավարարել Մելիքիչի ցանկություններն ու նրան տրամադրել մեկ այլ աշխատասենյակ, որը մոտ կլիներ պատգամավորի ցանկությանը:

Հիշեցի չինական մի հեքիաթ. պատուհանի մոտ անհարմար տեղավորված անձը ցանկանում է տեսնել փողոցի մյուս կողմը, սակայն նրա դիմաց բարձրացած ծառը խանգարում է: Եվ նա կարգադրում է կտրել ծառը` փոխանակ մի քանի սանտիմետր տեղաշարժվելու: