Եղե՞լ է, թե՞ չի եղել


 

Վանո Սիրադեղյանին Հայաստան բերելուն ուղղված նախաձեռնությունը համախմբել է նրա որոշ բարեկամների ու ընկերների և առիթ է դարձել, որպեսզի բացահայտվեն նախկինում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, ակնհայտ դառնան Վանո Սիրադեղյանի ընկերներից մի քանիսի կեցվածքն ու պահվածքը: Օրերս Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը ՀՀՇ ներկայիս ղեկավար և պատգամավոր Արամ Մանուկյանի համար բավական տհաճ բացահայտումներ է արել.

- Չեմ կարծում, որ Արամ Մանուկյանը շատ է ցանկանում Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն, քանի որ մեկ ամսից ավելի է, որ այս շարժումը ձևավորվել է, և կոնկրետ ՀՀՇ վարչությունը, ոչ միայն` Արամ Մանուկյանը, այլ վարչության այլ անդամներ տեսակետ չեն հայտնել:  Իսկ Վանո Սիրադեղյանը նաև վարչության անդամ է: Կոնկրետ Արամ Մանուկյանի հետ կապված կարող եմ հետաքրքիր պատմություն պատմել: Երբ ՀՀ գլխավոր դատախազը պետք է Ազգային ժողովում միջնորդեր, որ ձերբակալեին Սիրադեղյանին, Արամ Մանուկյանը, ով այն ժամանակ, եթե չեմ սխալվում, մշակույթի փոխնախարարն էր,  անձամբ, ես ներկա եմ եղել, խնդրել է Վանո Սիրադեղյանին, որպեսզի կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի միջնորդությանը, քանի որ ինքն այսօր աշխատում է որպես փոխնախարար և կարող են իրեն աշխատանքից ազատել: Եվ ոչ միայն Արամ Մանուկյանը: Եթե մարդիկ փորձեն պատասխանել իմ այս ասածին, հերքեն, ապա կարող եմ թվարկել ևս մի քանի հոգու անուններ:

Լսելով այս մասին, Արամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, թե Սուրեն Սիրունյանը բացարձակորեն ստում է, թե նման բան չի եղել: Իսկապես այն ժամանակ նման խոսակցություններ շրջանառվում էին: Բայց ահա Մանուկյանը ժխտում է և Սիրունյանին համարում ստախոս: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ դատարան չի դիմում: Չէ՞ որ արատավորվում է մարդու, պատգամավորի, կուսակցապետի պատիվը, չէ՞ որ հատկապես Սիրունյանի հայտարարությունից հետո շատերը կարող են մտածել, թե Մանուկյանն իր պաշտոնն առավել բարձր է գնահատել, քան կուսակցական ընկերոջ խնդիրը: Մանավանդ` Վանոն իսկապես կարևոր դեր էր կատարել Մանուկյանի նշանակման հարցում: