ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ


 

Չի բացառվում, որ առաջիկայում երգչուհի Էմմին հայտնվի դատական պատմությունների մեջ: Խնդիրն այն է, որ վաճառքի է հանվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի հոլովակը, որտեղ ներկայացվում է Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի նշանավոր և մայրաքաղաք Երևանի օրհներգը դարձած «Երևան-Էրեբունի» երգը: Էմմին ու Եսային, սակայն, որևէ կերպ չեն հիշատակել երաժշտության և բանաստեղծության հեղինակների անունները, նաև թույլտվություն չեն վերցրել Սևակի և Հովհաննիսյանի զավակներից, ովքեր հանդիսանում են հեղինակային իրավունքի ժառանգորդներ

«Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, ով Հայաստանում հեղինակային իրավունքի գլխավոր մասնագետն է, մեկնաբանել է կատարվածը.

- Հեղինակային իրավունքը բաղկացած է երկու մասից` անձնական իրավունքներից և գույքային իրավունքներից: Այս պարագայում խախտվել են Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի և´ անձնական, և´ գույքային իրավունքները: Անձնական իրավունքի խախտում է, քանի որ չի նշվում, թե ովքեր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները: Գույքային իրավունքների խախտում է, քանի որ երգն օգտագործելիս նրանք պետք է ունենային Սևակի և Է. Հովհաննիսյանի ժառանգների թույլտվությունը: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքային իրավունքները գործում են անձի մահվանից հետո 70 տարվա ընթացքում: Որպեսզի տեսահոլովակի ներքո գրվի նաև Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի անունները, գրողի ժառանգները կարող են միջոցներ ձեռնարկել, դիմել դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

Իսկ ահա երգչուհի Էմմին պատասխանել է.

- Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երևան» երգի կատարմանը, նկարահանմանը և ցուցադրմանը, այն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մտահղացումն է, այսինքն երգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել են նրանց կողմից: Պարզապես կուզենամ ավելացնել հետևյալը. բոլորին կխնդրեմ միացնել տեսահոլովակը և դիտել սկզբից մինչև վերջ, որտեղ երկու անգամ նշվում է ինչպես երգի կատարողների, այնպես էլ հեղինակների անունները: Ինչ վերաբերում է երգի նորովի ներկայացնելուն` սա առաջի դեպքը չէ, և կուզենամ հիշատակել Ա. Բաբաջանյանի «Կամուրջներ» ստեղծագործության կատարումը, որի համար ոչ ոք ինձ դատի չտվեց:

Չենք ուզում խոսել «Կամուրջների» մասին, քանզի իսկապես պետք էր դատի տալ` կոմպոզիտորի նշանավոր երգն աղավաղելու, երգի նախաստեղծ մեղեդայնությունը խաթարող գործիքավորման համար, սակայն մեր ուշադրությունը սևեռենք մեկ այլ խնդրի: Ուրախ կլինենք, եթե իսկապես նշված լինեն հեղինակների անունները, և Էմմին դուրս գա այս տհաճ պատմությունից, բայց մի՞թե այսքանով մեզանում վերանում են հեղինակային իրավունքների խախտումները:

Մեզ մոտ հեղինակային իրավունքները խախտվում են գրեթե ամեն քայլափոխի` սկսած երաժշտությունից ու երգից, վերջացրած դրամատիկական ստեղծագործություններով, լրագրողական նյութերով, ճարտարապետական լուծումներով: Մենք աղմուկ ենք բարձրացնում` երբ հատկապես մեր հարևանները հայկական երգային ստեղծագործություններն ու հուշարձաններն իրենցն են համարում, սակայն հենց մեր աչքի առջև ոմանք մեզ են կողոպտում` խախտելով հեղինակային իրավունքի մասին բոլոր օրենքները:

Հեռուստատեսությամբ ներկայացվում են երգեր, կադրեր կինոֆիլմերից` չունենալով հեղինակների թույլտվությունը և հաճախ չեն էլ նշվում հեղինակների անունները: Հատկապես երիտասարդ որոշ լրագրողներ հարցազրույցեր են վարում` հարցվողի խոսքի մի մասը ներկայացնելով որպես իրենցը: Ներկայացնեմ ամենաթարմ օրինակը. Գալյա Նովենցի մահվան առթիվ գրված իմ խոսքից, որը համապատասխան ստորագրությամբ տեղադրվել էր Հայաստանի թատերական գործիչների միության կայքում և մի քանի էլեկտրոնային կայքերում, «լիուլի» օգտվեցին մեր որոշ լրատվամիջոցներ, այդպես էլ չնշելով աղբյուրը: Այս և նման փաստերը բազմազան են, որոնք վկայում են, որ Հայաստանում, չնայած Սուսաննա Ներսիսյանի ներդրած ջանքերին, հեղինակները պաշտպանված չեն: Որոշ կատարողներ թաքցնում են եկամուտները` հեղինակների հաշվին հարստանալով, իսկ նրանց կամ նրանց ժառանգներին զրկելով եկամուտներ ստանալու հնարավորությունից:

Երգչուհի Էմմին ասում է, որ հոլովակի վրա նշված են հեղինակների անունները, սակայն խնդիրը միայն անունները չեն: Հոլովակը պատրաստվել է նաև կոմերցիոն նպատակներով, այն նկարահանողները հոնորարներ են ստացել, իսկ արդյո՞ք ստացել են Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի ժառանգները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ