Զգուշացեք պատահական ծանոթություններից


 

Հապճեպ, ոտքի վրա ծանոթությունների և անծանոթների հետ շփումների վնասակարության մասին շատ է խոսվել, և մեր թերթն էլ բազմիցս անդրադարձել է այդ խնդրին: Բայց արի ու տես, որ պատահական ծանոթությունների և անծանոթներին հավատ ընծայողների «շքահանդեսն» այսօր էլ շարունակվում է:

Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 01-ի սահմաններում, 36-ամյա մի կին ոստիկանության Կոտայքի բաժնում հայտարարություն է տվել, որ «Շանգրիլա» խաղատանը ծանոթանալով մի երիտասարդի հետ, վերջինիս ավտոմեքենայով ուղևորվել են դեպի «Սենատոր» խաղատուն:

Ճանապարհին, «Ռադիոմաչտ» կոչվող հատվածում, երիտասարդը գնել է սառը թեյ, որը խմելուց հետո ինքը թուլություն է զգացել: Հետո երիտասարդն իրեն տարել է ինչ որ մի բնակարան:

Գիշերը կինը հանկարծակի արթնանալով` զգացել է, որ երիտասարդն իր մատից հանում է ոսկյա մատանին և բացելով աչքերը` հարցրել է, թե ինչ է անում: Տղան պատասխանել է, որ պարզապես ցանկացել է ուսումնասիրել մատանին և նայելուց հետո կվերադարձնի:

Երիտասարդն, իհարկե, մատանին չի վերադարձրել: Առավոտյան կինը հայտնաբերել է, որ երիտասարդն իր պայուսակից գողացել է նաև մեկ այլ մատանի, ոսկյա 3 թևնոց, 100 դոլար և «ԼՋ» տեսակի բջջային հեռախոս` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

Չարաչար խաբված կինը ներկայումս գրեթե ոչինչ չի հիշում իր հետ կատարվածից, աղոտ մտապահել է միայն երիտասարդի դեմքը:

Խաբեբային հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը հետաքննություն է վարում:

«Ընտանեկան քոթակներ» շարքից

Հետազոտություններն ու ոստիկանության օպերատիվ ամփոփագրերը փաստում են, որ կնոջ նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրը մեզանում առկա է, ինչի վկայությունը բաժիններում գրանցվող մարմնական վնասվածքի դեպքերն են, երբ կինը հայտարարություն է տալիս ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու, վնասվածքներ ստանալու մասին: Իսկ դեպքերը տարբեր են` մի «մուշտի» (ապտակ) ստանալուց` մինչև ողբերգություն: Ահավասիկ` վերջին օրերին գրանցված մի քանի դեպք:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են, որ «նևրոտիկ ռեակցիա, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեսունիննամյա Արև Պ.-ն: Հիվանդանոցում ոստիկանները տեղեկացել են, որ կինն ի վիճակի չէ ցուցմունք տալ, իսկ նրան ուղեկցած երեխան մանկական անմիջականությամբ հայտնել է, որ մորը ռեստորանում ծեծի էր ենթարկել հայրը...

Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները: Ընտանեկան պատմությանը չանդրադառնալով` նշենք, որ Ջրվեժում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանել էին Դավիթ Ավանեսյանն ու կինը, ինչն ավարտվել էր ամուսնու «տղամարդկային» դրսևորմամբ. նրան չէր զսպել ո´չ հասարակական վայրում գտնվելու հանգամանքը, ո´չ էլ երեխայի ներկայությունը...

… ՕՐԵՐ առաջ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացված ահազանգը Աղավնաձոր գյուղից էր: Հայտնում էին ողբերգության և անդառնալիի մասին` մարդ էր սպանվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ սպանություն կատարողը` հիսունամյա Յուրիկ Բաբայանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծել էր կնոջը և փայտով հարվածել գլխին: Հարվածել էր անխիղճ ու անխնա` մինչև կինը մահացել էր...

Յուրիկ Բաբայանին ոստիկանները հայտնաբերել էին գյուղի խանութում` հարբած: Ոստիկանությունում նա ի վիճակի եղավ խոսել ժամեր անց միայն, երբ քիչ թե շատ հարբածությունը թուլացել էր:

...Խմիչքից նրա կախվածությունը մեծ էր. հաճախ էր հարբում ու հետո վիճում իր ալկոհոլային թուլության հետ չհարմարվող կնոջ հետ: Այդ օրն առավոտյան խաշ էր կերել և խաշից շատ օղի էր խմել ու մի կերպ տուն հասել: Կնոջ դժգոհությունը չհանդուրժելով` մտքերն ու գործողությունները կառավարելու ունակությունը կորցրած Յուրիկ Բաբայանը վերցրել էր փայտն ու ծեծել կնոջը... Չէր պատկերացրել, որ հարվածները մահացու են...

… ԳՐԵԹԵ նույն ժամանակահատվածում «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել` որ հանկարծամահ է եղել Շահումյան փողոցի տներից մեկի յոթանասունամյա տանտիրուհին:

Մեկնած օպերատիվ խումբը, սակայն, բոլորովին այլ բան էր պարզել. կնոջը սպանել էր ամուսինը` 76-ամյա Ռոբերտ Թադևոսյանը:

Տարեց ամուսիններն օրն սկսել էին վեճով, որը գնալով թեժացել ու ավարտվել էր ողբերգությամբ. Ռոբերտ Թադևոսյանը որսորդական հրացանով կրակել էր կնոջ գոտկատեղին: Կինը տեղում մահացել էր...

Հրացանն առգրավվել է, իսկ Ռոբերտ Թադևոսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը:

ՆՈՒՅՆ օրը ոստիկանությունում գրանցված ընտանեկան մեկ այլ վեճ, բարեբախտաբար, ողբերգական ավարտ չունեցավ. ամուսինը խոհանոցային դանակով կնոջն սպառնացել, բայց բավարարվել էր ձեռքերի հարվածերով: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին: Սակայն մինչ Շիրազի փողոցում գտնվող նրանց տուն օպերատիվ խմբի մեկնելը, ամուսինը` Խաչիկ Չալոյանը, փախուստի էր դիմել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

… ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ Գավառի բաժին դիմած նորատուսցի քսաներեքամյա կինը հայտնում էր, որ ամուսինը` Սոս Թովմասյանը, նախորդ օրը, վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել իրեն, այնուհետև դանակով հարվածել մարմնին:

Ոստիկանները Թովմասյանին տանը չգտան, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամեր անց նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Պարզվեց, որ կնոջը ծեծելը նրա համար սովորական առօրյա էր` հենց ինչ-որ բան իր խոսքով չէր լինում` գործի էր դնում բռունցքները: Ու ահա նաև դանակի էր անցել...

ԳԱՎԱՌԻ բաժնում գրանցված հաջորդ, այսպես ասած, ընտանեկան գործն այլ դրսևորում էր ունեցել:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երեսուներկուամյա մի տղամարդ: Օպերատիվ խմբին նա հայտնել է, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ապակու բեկորով իրեն վնասվածքներ է պատճառել կինը:

Ոստիկանություն ներկայացած կինը նույնպես վնասվածքներով էր. մասնավորապես` դեմքի կապտուկները խոսում էին ժամեր առաջ նրանց ընտանիքում տեղի ունեցած բուռն ծեծկռտուքի մասին: Հոգո՞ւն էր հասել, որ ապակու բեկորով հակահարված էր տվել, թե՞ երկուսի մեղավորությունը հավասար էր կենցաղային վեճերը նման ձևով լուծելու հարցում` կպարզվի ոստիկանությունում: Իսկ իրենք կամ կանեն հետևություն, կամ` չեն անի...