ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ


Որքան էլ պետական գերատեսչություններում իրականացվող «պլանային» կրճատումները պարբերական բնույթ կրեն, այսուհանդերձ, ամեն հերթական առիթ հաստատում է, որ շատ ու շատ կառույցներում կրճատվելիք աշխատակիցներ դեռ էլի կան: Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հերքում է իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող կադրային բեռնաթափման մասին տեղեկությունները, սակայն, ըստ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի` այստեղ մինչև անգամ ուրախ են Վազգեն Խաչիկյանի «սխրանքների» համար ու նրա պաշտոնանկությամբ, քանի որ հարմար առիթ է ստեղծվել խաչիկյանական կադրերից «բեռնաթափվելու»: Ըստ աղբյուրի` կարևոր չէ, թե չարաշահումների շղթայում ընդգրկվածները քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ: Որոշվել է համեմատաբար «անմեղների» հարցը լուծել` նրանց աշխատանքից ազատելով: Նույն գործընթացն է սկսվել նաև Կադաստրի պետական կոմիտեում: Չնայած համապատասխան ուսումնասիրություններն այս կառույցում նույնպես ոչ պակաս տպավորիչ չարաշահումներ կհայտնաբերեին, սակայն առայժմ կրճատումներն այստեղ պատճառաբանվում են աշխատանքի ծավալների կտրուկ անկմամբ: Հայտնի է, որ վերջին ամիսներին անշարժ գույքի առք ու վաճառքի և կադաստրին վերապահված մյուս բոլոր գործառույթները (մանավանդ` մարզերում) պակասել են: Կառույցի ղեկավարությունն էլ որոշել է օպտիմալացման գործընթաց սկսել: