Բանաձևը` Թուրքիայի իրական քաղաքականության հայելի


Հայկական հարցի մասին ցանկացած հիշատակում նյարդային ջղաձգության պատճառ է Թուրքիայի իշխանությունների համար: Այդպես է նաև ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառվող «Եկեղեցիների վերադարձի» մասին բանաձևի պարագայում, որում խոսվում է Թուրքիայում Պոնտոսի հույներից, ասորիներից և հայերից բռնագրավված սրբավայրերն իրենց իրական տերերին վերադարձնելու մասին: Այդ բանաձևի ազդեցության, Թուրքիայի հնարավոր արձագանքի մասին է զրույցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ: - Առաջին հերթին պետք է հաշվի առնել` թուրքերը շատ լավ հասկանում են, որ իրենք ոչնչացրել կամ փորձել են յուրացնել այնպիսի արժեքներ, որոնք իրենք չեն ստեղծել: Եվ երբ ամեն անգամ խոսք է գնում Թուրքիայի տարածքում եղած քրիստոնեական հոգևոր, մշակութային արժեքների մասին, ջղաձգություն է առաջանում թուրքերի մոտ: Բոլորն էլ գիտեն, որ դա իրենցը չի և իրենք մեղավոր են, որ դա ոչնչացրել են, յուրացրել են և ոչնչացնում են: Այնպես որ, այստեղ գործ ունենք հանցագործության պահին բռնվող հանցագործի վախի իրողության հետ: - ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձևում չի խոսվում ցեղասպանություն եզրույթի մասին, բայց սրբավայրերի վերադարձման հարցն այդ հարցադրումը, կարծես, ենթադրում է: Չե՞ք գտնում, արդյոք, որ այդ իրողությունը կարող է նաև այլ պարտավորություններ պարտադրել Թուրքիային: - Այո, իհարկե Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը մնում է, և ես համոզված եմ` մոտակա ապագայում պետք է սպասել նոր զարգացումների: Ամերիկայում հայկական լոբբին նոր քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է այս բանաձևին, դուք ճիշտ եք. այնտեղ խոսք չկա Հայոց ցեղասպանության մասին, բայց նաև չպետք է մոռանալ, որ այդ բանաձևի նախաձեռնողներից էին հենց ամերիկահայ կազմակերպությունները, հայկական լոբբին: Կարծում եմ, որ մենք մի հանգամանք ուշադրությունից չպետք է բաց թողնենք. եթե ցեղասպանության խնդիրն Ամերիկայում շատ խիստ քաղաքականացված է (որովհետև ամերիկացիները զգուշանում են իրենց դաշնակցին այդ խնդրով նեղացնել), ապա քրիստոնեական արժեքների պահպանման խնդիրն այլ տեսանկյունից է դիտարկվում: Եվ կարծում եմ` այդ հանգամանքը հաշվի առնելով հայկական լոբբին որոշեց նախաձեռնել այս բանաձևը` համոզված լինելով, որ այն կոնգրեսում կստանա աջակցություն: Հանձնաժողովում այն արդեն աջակցություն ստացավ, և մեծ շանսեր կան, որ չի շրջանցվի նաև կոնգրեսի լիագումար նիստում: Կարծում եմ` խնդրո առարկա բանաձևը դիտարկվում է որպես ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մոտեցնող մի քայլ: - Որոշ վերլուծաբանների կարծիքով, այս բանաձևով Մինսկի խմբի համանախագահ երկիր Միացյալ Նահանգները փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա հեռու մնա Ղարաբաղի հարցից: - Չեմ կարծում, թե այդպիսով ԱՄՆ գործադիր իշխանությունը փորձում է ճնշում իրականացնել Թուրքիայի վրա: Այս նախաձեռնությունն ավելի շատ գալիս է, ինչպես ասացի, հայկական, հունական շրջանակներից: Հունական լոբբին էլ է շատ զորեղ: Ներկա փուլում Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցություններին Միացյալ Նահանգներն առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում. դաշտը թողել է Ռուսաստանին: Նաև համոզված եմ` նրանք ցանկություն չեն ունենա ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չխանգարի հարցի կարգավորմանը: Իսկ բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան խոչընդոտում է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: - Սրբավայրերի խնդիրն արդյո՞ք նաև դրանց ունեցվածքի վերադարձի, փոխհատուցման հարց չի առաջացնում: Որքան հասկանում եմ` Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցների թալանված ունեցվածքն ահռելի գումարների կարող է հասնել: - Դրանք հազարավոր են Թուրքիայի տարածքում, և նրանց շատ փոքր մասն է գտնվում Պոլսի պատրիարքարանի իշխանության տակ: Իհարկե, չի նշանակում, թե բանաձևի վերջնական ընդունման դեպքում Թուրքիան միանգամից կհամաձայնի դրա հետ: Բայց կարծում եմ` բանաձևի ընդունումն ավելի ընդհանուր նշանակություն կունենա. աշխարհին ցույց կտա Թուրքիայի քաղաքականությունը` ազգային, և կրոնական փոքրամասնությունների, ընդհանրապես քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ: Աշխարհին ցույց կտա, որ Թուրքիայում շարունակվում և որոշ դեպքերում նաև ուժեղանում են հակաքրիստոնեական տրամադրությունները: Սա է այս բանաձևի նշանակությունն իմ կարծիքով: - Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զարգացման նոր փուլ` այս ընթացքում: - Ես դրա նախանշաններ չեմ տեսնում: Մի կողմից` մենք լավ հիշում ենք Թուրքիայի կառավարության առաջին նիստի ժամանակ Էրդողանի հայտարարությունը, որ պետք է շարունակել խիստ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երկրորդը. տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելու դեպքում կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայի համար Հարավային Կովկասը և Հայաստանի հետ հարաբերությունները հիմա կարևոր նշանակություն չունեն: Թուրքիան այլ նպատակներ է հետապնդում` կապված արաբական ապստամբությունների, Մերձավոր Արևելքում ընդհանուր իրադրության հետ: Մասնավորապես, Սիրիայում Թուրքիան ակտիվորեն ներկայանում է հակաասադական, հակասիրիական գործողությունների մեջ, օժանդակում է ապստամբ ուժերին. ուզում է օգուտներ քաղել արաբական աշխարհում տեղի ունեցող ապստամբական շարժումներից: Մյուս կողմից` Թուրքիայի հարաբերություններն են Իրանի հետ վատանում: Այնպես որ` Հարավային Կովկասը նրա անմիջական հետաքրքրություններում այս պահին, կարծում եմ, առանձնապես մեծ նշանակություն չունի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ