ԱՄՆԵԶԻԱՆ ԿԵՐԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ


Ադրբեջանի փաշան հաճախ է հայտարարում, որ իր երկրի բանակն ամենահզորն է տարածաշրջանում, որ այդ բանակն ունի ժամանակակից զենք և սպառազինություն և որ իր երկրի տնտեսական թռիչքն արդեն իսկ գրավական է` ցանկացած պատերազմից հաղթանակով դուրս գալու համար: Սպառազինության հարցում կարծես թե չի սխալվում Իլհամը, որովհետև, լինելով Եվրախորհրդի անդամ ու կրելով որոշակի պարտավորություններ սպառազինությունների մրցավազքի կրճատման հարցում, այնուամենայնիվ Ադրբեջանը միայն 2010 թվականին ձեռք է բերել ահռելի քանակության ռազմական տեխնիկա. Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 15 զրահապատ մեքենա: Ուկրաինան, որը վերջերս հայտարարում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իր գործուն աջակցության մասին` 71 ԲՏՌ, 7 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային սարքավորում, 1 ուղղաթիռ, Մի-24 Ռ, 1 կառավարվող հրթիռային համալիր, Սլովակիան` 1Ա42 տեսակի մարտական մեքենա, Բելառուսը` Դ-3 տրամաչափի 30 թնդանոթ, մեկ ՍՈՒ-25 մարտական մեքենա և այլն: Ուկրաինան Ադրբեջանում վաճառել է երեք հազար ինքնաձիգ: ԱՅՍՊԵՍ տենդորեն զինվող Ադրբեջանի նախագահը, սակայն, վերջերս տրված ամնեզիայի ներազդեցությանը, հրավիրել է խորհրդակցություն և իրեն հատուկ կեցվածքով` ամպագոռգոռ հայտարարություններ արել, փառաբանել իրեն ու իր երկիրը: Օրերս էլ կառավարության նիստում Իլհամը մոտ 30 րոպեանոց ելույթ է ունեցել, ուր դարձյալ շեշտավորել է այն զառանցանքը, թե պաշտոնական Բաքուն միշտ էլ հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին և առաջադրում կառուցողական ծրագրեր, որոնք չեն ընդունվում Երևանի կողմից: Խոսելով ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների մասին, Ադրբեջանի առաջնորդը, ում արդեն բացահայտորեն սկսել են քննադատել անգամ սեփական երկրում, Ալիևը Հայաստանին մեղադրել է ապակառուցողականության մեջ` այս թեզը դարձնելով իր երկարաշունչ ելույթի առանցքը: Ուշագրավն այն է, որ իր թեզը հաստատելու համար Իլհամը հղում է անում 2010 թ. Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը, որտեղ, ինչպես «գաղտնազերծել է» նա, քննարկվել են Մադրիդյան սկզբունքները, որոնք ադրբեջանամետ մի շարք դրույթներ են պարունակում: Իհարկե, հիշողության հետ խնդիրներ ունեցող Ալիևը հերթական անգամ ստել է` հաշվի չնստելով այն հանգամանքի հետ, որ Սոչիում Մադրիդյան սկզբունքներին եղել է սոսկ հպանցիկ անդրադարձ: Խանդավառված իր ստով` Իլհամը հայտարարել է, թե Ադրբեջանն ընդունել է սկզբունքները, իսկ Հայաստանը` ոչ: Այս հայտարարությունը չափազանց կարևոր է, որովհետև այստեղ է Իլհամը ստել ու մոլորության մեջ գցել սեփական կառավարությանն ու հանրությանը: 2010 թ. Սոչիում կայացած հանդիպումն ընդամենը աշխատանքային քննարկում էր, որի ձևաչափն արդեն իսկ հուշում էր, որ այնտեղ չէին կարող որոշումներ կայացվել, չէին կարող լինել խորքային և վճռական քննարկումներ: Այդ հանդիպումից հետո որևէ պաշտոնական հաղորդագրություն և մեկնաբանություն չի տարածվել, կողմերից որևէ մեկը չի խոսել պայմանավորվածությունների և համաձայնությունների մասին: Սակայն Իլհամը հետին թվով որոշել է հերոսանալ և խաղաղասեր ձևանալ` այսպիսով նաև մեսիջ ուղարկելով եղբայրական Թուրքիային, որը վերջին շրջանում նվազեցրել է իր ջանքերն Ադրբեջանին աջակցելու հարցում` առավելապես զբաղվելով իր շահերով: Իլհամ Ալիևը «մոռացության» էր տվել այն հանգամանքը, որ դարձյալ Սոչիում` 2011 թ. մարտի 4-ին, տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով նոր հանդիպում, որին էլ հետևել է Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի և Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի Դովիլյան հայտարարությունը: Իսկ նրանում նշվել է, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները չափազանց հավասարակշռված են և հիմք պետք է հանդիսանան` Կազանում դրանք ընդունելու և նոր վճռական քայլ կատարելու համար: Ըստ էության, «կառուցողականության» մասին խոսող Ադրբեջանը տապալեց կազանյան հանդիպումը: Այս մասին, բնականաբար, Իլհամն իր ելույթում չի խոսել, չի նշել առաջարկությունների բովանդակությունը, չի ներկայացրել իր երկրի հանդեպ ձևավորված վերաբերմունքը: Նա նաև չի կամեցել «հիշել» ԱՄՆ պետքարտուղարի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, ուր Հիլարի Քլինթոնը բացահայտորեն Ալիևին մեղադրել է ապակառուցողականության մեջ` ընդգծելով, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Իհարկե, հազիվ թե Իլհամը մոռացած լիներ այս ամենի մասին: Վարելով երկդիմի քաղաքականություն և վախենալով բացահայտ խոսակցություններից` այժմ նա փորձում է «սրբագրել» ամեն ինչ` ջանալով մոռացության մատնել Սոչիի վերջին հանդիպումը, ուր ինքը դեմ առ դեմ կանգնած էր վճռական լինելու խնդրի առջև: Պետության ղեկավարին, իհարկե, չի սազում վախկոտի նման հեռանալ «մարտադաշտից»` հետագայում տղամարդ երևալու ջանքեր գործադրելով: Ոմանք սա կարող են վերագրել թուրքական դիվանագիտության առանձնահատկություններին, սակայն Ալիևի թուրք եղբայրները հաճախ չեն վախենում ի ցույց դնել իրենց ժխտողական կեցվածքը կամ անել հայտարարություններ, որոնք կարող են և դուրալի չլինել իրենց հասարակությանը: Իլհամ Ալիևն այդպես էլ չի համարձակվում իր սեփական ժողովրդի հետ խոսելիս հիշատակել Մադրիդյան սկզբունքները, ավելի ճիշտ` դրանց մեկ և կարևորագույն դրույթի մասին: Իսկ այդ դրույթը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու է նրա ժողովուրդը` ազատ կամարտահայտման սկզբունքով: Ահա այս կարևոր սկզբունքը պարտակելու համար է, որ Իլհամը դիմում է ամենատարբեր ձեռնածությունների` չհասկանալով, որ շատ շուտով ամեն ինչ բացահայտվելու է: Պաշտոնական Բաքուն այսքան ժամանակ սին պատրանքներով է կերակրել սեփական ժողովրդին, այսպես կոչված փախստականներին 20 տարուց ավելի պահել անմարդկային պայմաններում` խոստանալով նրանց նվիրել ողջ Ղարաբաղը: Եվ մարդիկ հավատացել են: Ու հիմա ամեն ինչ փլուզվում ու անէանում է: Ահա ինչու է Իլհամը կոտրատվում, կեղծարարութ յամբ զբաղվում, թաքցնում իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ այլևս Ադրբեջանը չի կարող ապրել պատրանքներով: Եռանախագահող երկրներն արդեն հստակորեն հայտարարել են, որ քննարկվող սկզբունքների մեջ կարևորվում է նաև ազգերի ինքնորոշման դրույթը, ինչը մեկ անգամ ևս ամրագրվեց 2011 թ. Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ: Ուրեմն, Իլհամին ձեռնտու չէ խոսել այս մասին. ձեռնտուն ամնեզիայով հիվանդ ձևանալն է...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ