«Այդ մեծ ոգևորությունը ես տեսնում եմ նրանց աչքերում»


Վերջին տարիների ընթացքում ստեղծված զորամասը մեծ պատասխանատվությամբ, հաջողությամբ ու պատվով է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը: Տարեցտարի առաջընթաց է գրանցվում թե´ մարտական հերթապահությունն անվտանգ իրականացնելու, թե´ մարտական պատրաստության պարապմունքներին նոր որակ հաղորդելու և թե զինվորների դաստիարակության, կենցաղային պայմանների բարելավման առումներով: -Հետընթացն անթույլատրելի է, իհարկե, տեղում էլ չպետք է դոփենք: Անընդհատ պետք է առաջընթաց և նորանոր հաջողություններ ապահովենք,- համոզված է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: - Որպես սահմանամերձ զորամաս` ի՞նչ տարբերություններ կան առօրյա աշխատանքներում և զինվորների դաստիարակության խնդիրներում: - Մարտական հերթապահություն իրականացնող և պահեստային զորամասերի տարբերությունը նախևառաջ այն է, որ սահմանամերձ գոտում տեղակայված զորամասերի զինվորներն առաջինն իրենք են տեսնում, թե որտեղից է սկսվում սահմանը: ԵՎ, իհարկե, առաջնահերթ իրենք են կամքի ուժով, երբեմն էլ իրենց կյանքի գնով ապահովում մեր սահմանների անվտանգությունը և մեր երկրի խաղաղությունը: Դա մարդկային լրացուցիչ որակներ է ի հայտ բերում: Այստեղ էլ հայրենիքի պաշտպանի նկարագիրն է ձևավորվում: Մարտական հենակետում կանգնած զինվորը պատկերացնում է, որ մոտակա գյուղի առաջին տունը հենց իրենցն է, և իր տունն է պաշտպանում: Նա անզեն աչքով տեսնում է հակառակորդին, և ամեն անգամ ավելի է սրվում ատելությունը, վրեժի զգացումը և այն գիտակցումը, թե հայն ինչքան է տուժել ու կարող էր նույնիսկ չլինել երկրագնդի երեսին այդ թուրք ու ադրբեջանցի կոչեցյալների պատճառով: Նրա հոգում ավելի է բարձրանում հայրենասիրությունը, հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը, ավելի է ոգևորվում զինվորը: Այստեղ կա նաև հոգեբանական խնդիր: Վախի զգացումը յուրաքանչյուրիս մոտ էլ առկա է: Խրամատում` հակառակորդին այդքան մոտ կանգնած զինվորի համար վախի գործոնը բնականաբար մեծանում է: Հաճախ կրակոցներ, պայթյուններ են լինում: Սակայն ժամանակի ընթացքում զինվորը սովորում է խրամատի կյանքին: Վախի, ընկճվածության զգացումները տեղի են տալիս, և զինվորը` սահմանում կանգնած` իրեն զգում է իրական պաշտպանի դերում: Մարտական հերթապահություն իրականացնող և պահեստային զորամասերի զինվորների դաստիարակության խնդիրներում տարբերությունները քիչ են: Երկու դեպքերում էլ նույն ոգով են դաստիարակում զինվորներին: Ունենք մարտակոչ, և հենց դրանից ոգևորված է զինվորը բարձրանում մարտական հենակետ: Այն վերցված է բազմադարյա պատմության մեր կոչերից, երբ զորավարները մարտից առաջ ճառ էին ասում` ռազմիկներին ոգևորելու համար. որ պետք է կռվել արտաքին թշնամիների դեմ, պաշտպանել տունը, հայրենիքը, թույլ չտալ ժողովրդին հպատակեցնել և պատրաստ լինել հանուն հայրենիքի կյանքը զոհելու: Այս մոտիվներով է կազմված մարտակոչը` համահունչ այսօրվան: Ես դա բարձրաձայն կարդում եմ, և բոլորը կրկնում են նույն շեշտադրությամբ` խրոխտ ու հաղթական: Այն զգացումը որ ես եմ ապրում, փոխանցվում է նրանց: Այդ տեքստը նրա համար սոսկ բառեր չէ, որ պետք է արտասանի. «Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել անձնվիրաբար: Պարտավորվում եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը, լինել զգոն և խիզախ, պատվով կատարել որդիական պարտքս` հայրենիքիս, եկեղեցուս, ընտանիքիս, ծնողներիս, զինակից ընկերներիս և հրամանատարներիս սերը, հարգանքն ու պատիվը վաստակելու համար: Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով միշտ պատրաստ եմ մարտի... Հանուն իմ, մեր և համայն Հայաստանի ապագայի` երդվում եմ»: Այն մեծ ոգևորությունը, որ փոխանցվում է այս տողերից, ես տեսնում եմ նրանց աչքերում: Հաճախ կազմակերպում ենք Արցախյան ազատամարտի` մեր մեծ հաղթանակների մասին պատմող ֆիլմերի դիտում: Կա մի տեսարան, երբ ադրբեջանցիները փախչում են` խուճապահար, վախկոտի պես: Դա այնքան մեծ ոգևորություն է առաջացնում, որ կարծես մեր տղաներն էլ ուզում են վազել նրանց հետևից: Սա կարևոր գործոն է, քանի որ նույն այդ զինվորը պետք է գնա ու սահմանը պահի: - Ի՞նչն եք առաջնային համարում ղեկավար-ենթակա փոխհարաբերություններում: - Նախ` յուրաքանչյուր զինծառայող գիտակցական մոտեցում պետք է ցուցաբերի իր գործի նկատմամբ: Այսինքն, յուրաքանչյուրս` ժամկետային թե պայմանագրային զինծառայող, կամ` սպա, պետք է գիտակցի, որ տվյալ ժամանակահատվածում գտնվելով տվյալ զորամասում, պիտի կատարի պարտականությունները: Եվ, իհարկե, ձգտի լավ կատարել: Ցավալի է, բայց կան զինծառայողներ, ովքեր խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց, չենք պատկերացնում: Կան անբարեխիղճ սպաներ, կան նաև զինվորներ, ովքեր ուղղակի զորակոչվել են և ամեն ինչ անում են, որ իրենց ծառայողական պարտականությունները գրեթե չկատարեն: Զինվորներին այսպես եմ բացատրում. մենք նույն համազգեստն ենք կրում, ոչնչով չեն տարբերվում, միայն տարբերանշաններով` քանի որ ես ունեմ ավելի շատ պարտականություններ ու անելիքներ: Եվ ես կատարում եմ դրանք: Ամեն մեկս պարտավոր ենք պատշաճ ձևով կատարել մեր պարտականությունները: Սպան պետք է իր վրա անընդհատ աշխատի, գիտելիքներ կուտակի: Նրա մտահորիզոնն այնքան զարգացած պետք է լինի, որ կարողանա զինվորի հետ խոսել գիտելիքի լեզվով: Իսկ եթե զինվորը տեսնի, որ նա իր նման է խոսում, «կաղում» է, նրան ուրիշ աչքով կնայի: Կարևորվում է սպայի` բացատրական աշխատանքներ տանելու ունակությունը: Նախարարի ուղերձից հետո որոշ մարդիկ երևի թե ճիշտ չընկալեցին այն: Բայց երբ բացատրական աշխատանքներ տարվեցին, քննարկումների արդյունքում շեշտադրումներ կատարվեցին, հասկացան բուն իմաստը: Հասկացան, որ զինվորը ոչ թե պետք է հպատակ ու ստրուկ լինի, այլ պետք է նրան հարազատի, ծնողի աչքերով նայել: Վարվել նրա հետ այնպես, ինչպես հարազատ երեխայի հետ, ում շատ սիրում ես: Բռնությունն ու կոպտությունն անթույլատրելի են, քանի որ հղի են շատ ծանր հետևանքներով: Մարդը ծանր հոգեկան կացության մեջ կարող է ոճիր գործել: Ցավոք սրտի, նման դեպքեր և երևույթներ եղել են, ինչը մեզ ստիպել է արմատապես փոխվել և ոչ ասել ծեծին ու բռնությանը: Իսկ դա բխում է նրանից, որ կարողանանք ճիշտ բացատրել: Զինվորը պետք է հասկանա, որ իրեն օգնում ենք, աջակցում: Իսկ դա ստիպում է հարգել: Եթե նրա համար ծնող ես դառնում, բնականաբար նա ստիպված է հարգել: Զգաստանում է, ինչպես ծնողի մոտ, ոչ թե վախենում: Դրանք տարբեր բաներ են: Այս գործոնը շատ եմ կարևորում: - Ինչպիսի՞ հերթափոխ ունենք այսօր, և ո՞ր օղակներն են թերանում` խոչընդոտելով, որպեսզի ավելի պատրաստված լինի նորակոչիկը: - Ցավոք, մեր անկախ Հայաստանում կրթական համակարգը շեշտակի տարբերվում է խորհրդային համակարգից` ստացած գիտելիքի առումով: Երբ անհատական զրույցներ եմ անցկացնում զինվորների հետ, ստուգում եմ նաև գիտելիքները: Շատ հաճախ տարրական հարցերի չեն կարողանում պատասխանել: Դա ցավալի է: Եկեք նաև չմոռանանք որ այսօրվա նորակոչիկը 90-ականների սերունդն է: Անկեղծ ասած, ինձ շատ են անհանգստացնում հիվանդությունները` հիմնականում` սրտի հետ կապված: Իսկ թե ինչպիսին է այսօրվա նորակոչիկը` ժամանակը ցույց կտա: Կարող եմ միայն ասել, որ հիմնականում հոգեպես տրամադրված են ծառայությանը, զգում են, որ կարող են հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները: Անգամ կան այնպիսի տղաներ, որ ցանկություն են հայտնում ժամանակից շուտ մարտական հենակետ գնալու: Սակայն բոլորի հետ 5 ամիս աշխատանքներ են տարվում: Մեր զորամասի զինվորները հիմնականում շատ խիզախ են: Իրենց վստահված գործը կատարում են պատվով, ծառայությանը վերաբերվում են գիտակցաբար:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ