Կաշառքի միջին սակագինը


Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանում կաշառքի միջին չափը հասել է 293 հազար ռուբլու (10.573 դոլար)` տեղեկացրել է երկրի ՆԳՆ¬ն: Նախարարության` տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության վարչության աշխատակիցները լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացրել` բուժսարքավորումների գնման պատրվակով բյուջետային միջոցների հափշտակման դեպքերը հայտնաբերելու (տեղեկացրել է ամերիկյան Bloomberg¬ը): Ինչպես հավաստել է գերատեսչությունը` բացահայտված կաշառքի միջին չափը բարձրացել է` կոռուպցիայի դեմ հաջող պայքարի արդյունքում: Անցյալ հոկտեմբերին հրապարակված վարկանիշային ցուցակում 178 ամենակոռումպացված երկրների շարքում Ռուսաստանը 154¬րդն էր` Տաջիկստանի և Քենիայի հետ միասին: Էկոնոմիկայի նախարարության զեկույցն էլ արձանագրել է, որ անցյալ տարի կաշառատվության ընդհանուր չափը կազմել է 164 միլիարդ ռուբլի: Ընդ որում, դրա գերակշիռ մասը ռուսաստանցի քաղաքացիները տվել են առօրյա հարցերի լուծման համար. օրինակ` որպեսզի խուսափեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց պատժից, որպեսզի խույս տան զորակոչից կամ երեխային մանկապարտեզ տեղավորեն: 2001 թ. ընդհանուր կաշառաչափը կազմել է 84,8 միլիարդ ռուբլի: «Կենցաղային» կաշառքի միջին չափն անցյալ տարի կազմել է 5285 ռուբլի` հայտարարել է Տնտեսական զարգացման փոխնախարար Օլեգ Ֆոմիչևը: